211652_close_icon
views-count2101 դիտում article-date 19:58 30-10-2019

Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունումը կարևոր քայլ է՝ միտված 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը ժխտելու Թուրքիայի կողմից ձեռնարկվող փորձերի խափանմանը. Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել` ողջունում ենք ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի կողմից 1915-1923 թթ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող H.Res.296 բանաձևի ընդունումը։ «Խորին երախտագիտություն ենք հայտնում ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ Ադամ Շիֆին և Գուս Բիլիրակիսին` բանաձևը հեղինակելու և ներկայացնելու համար, ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբին՝ բանաձևին սատարելու և դրա ընդունմանն ուղղված հետևողական ջանքերի համար, ինչպես նաև՝ բանաձևը սատարած բոլոր կոնգրեսականներին։ Շնորհավորում ենք և խորապես շնորհակալ ենք Հայ դատի ԱՄՆ հանձնախմբին և Ամերիկայի հայկական համագումարին կոնգրեսականների հետ համակարգված աշխատանքի համար և բոլոր նրանց, ում հետևողական ջանքերը հանգեցրեցին այս պատմական որոշման՝ ճնշող մեծամասնությամբ ընդունմանը։ Այս բանաձևի ընդունումը կարևոր քայլ է՝ միտված 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը ժխտելու Թուրքիայի կողմից ձեռնարկվող փորձերի խափանմանը և մեծ ներդրում՝ նման հանցագործությունների կանխմանն ուղղված համընդհանուր պայքարում։ Համոզված ենք, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի՝ 1915-1923 թթ․ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին բանաձևն ունի ոչ միայն բարոյական, այլ նաև կիրառական նշանակություն. այն կնպաստի մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը»։

Նմանատիպ նյութեր