211652_close_icon
views-count9373 դիտում article-date 16:29 07-09-2017

Հայոց ցեղասպանության ճանաչման և այն դատապարտող բանաձևի ընդունմամբ՝ Բունդեսթագը կարևոր քայլ կատարեց. ՀՀ-ում Գերմանիայի դեսպան

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 7-ին ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերին: Որջունելով դեսպանին ՀՀ Ազգային ժողովում՝ Արա Բաբլոյանը գոհունակությամբ փաստել է, որ Հայաստան-Գերմանիա հարաբերությունները տարեցտարի ամրապնդվում են եւ ավելի խորանում: ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի կառավարությանը տարիներ շարունակ Հայաստանին աջակցելու, մեր երկրում բազմաթիվ արդյունավետ ծրագրեր իրականացնելու համար: Արա Բաբլոյանն իր երախտագիտությունն է հայտնել Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման եւ այն դատապարտող բանաձեւի ընդունման համար՝ բարձր գնահատելով Գերմանիայի քայլերը Հայաստանի համար կարեւոր հարցերի շուրջ: ՀՀ Աժ նախագահը նշել է, որ որպես խորհրդարանական կառավարման համակարգի անցած երկիր՝ Հայաստանը ուշիուշով հետեւում է խորհրդարանական կառավարման փորձ ունեցող Գերմանիայի Բունդեսթագի ընտրություններին: Խոսելով տարածաշրջանի խնդիրների մասին՝ Արա Բաբլոյանը կարեւորել է Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումները եւ նշել. «Եվրոպական արժեքները կրող եւ այդ արժեքները չճանաչող երկրները չեն կարող գտնվել նույն հարթության վրա: Իսկ Հայաստանը, ի տարբերություն հարեւան որոշ երկրների, ժողովրդավարության հարցերում լուրջ առաջընթաց ունի. այդ մասին վկայում են մեր երկրում քաղաքական հետապնդման բացակայությունը, արդար եւ թափանցիկ ընտրությունների անցկացումը, խոսքի ազատությանը եւ մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող մոտեցումները»: ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել դեսպանի գործունեությունը եւ իր երախտագիտությունն է հայտնել Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության առաջին դեսպանին, ով տարիներ առաջ մեծապես նպաստել է մեր երկրում մանկական արյունաբանության զարգացմանը: Բերնհարդ Մաթիաս Քիսլերը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ ՀՀ ԱԺ նախագահին հավաստիացրել, որ կշարունակի նպաստել բարեկամ երկրների կապերի զարգացմանը եւ առավել խորացմանը: Պարոն Քիսլերը կարեւորել է ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցությունը ու հատկապես ընդգծել Գերմանիայի Միջազգային համագործակցության ընկերության եւ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համատեղ աշխատանքը, որի դրական արդյունքն ակնհայտ է: Բերնհարդ Մաթիաս Քիսլերը հույս է հայտնել, որ նորընտիր Ազգային ժողովը նույնչափ արդյունավետ կհամագործակցի գերմանացի գործընկերների հետ: Անդրադառնալով Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման եւ այն դատապարտող բանաձեւ ընդունմանը՝ դեսպանը նշել է. «Այդ բանաձեւի ընդունմամբ Բունդեսթագը կարեւոր քայլ կատարեց, եւ ես զգում եմ հայ ժողովրդի վերաբերմունքն այդ քայլի նկատմամբ»: Խոսելով ԼՂ հակամարտության մասին՝ Բերնհարդ Մաթիաս Քիսլերը փաստել է, որ Գերմանիան բացառում է հակամարտության ռազմական լուծումը: Դեսպանն Արա Բաբլոյանին է ներկայացրել իր դիտարկումները վերջին տարիներին Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումների վերաբերյալ եւ նշել, որ ակնհայտ է առաջընթացը՝ ի տարբերություն հետխորհրդային մյուս երկրների: Դեսպանի խոսքով՝ Հայաստանում քաղաքական գործիչները պատրաստ են զարգացնելու երկիրը բարեփոխումների միջոցով: Հանդիպման ավարտին զրուցակիցներն անդրադարձել են խորհրդարանական բարեկամական խմբերի ձեւավորմանը եւ գործունեության աշխուժացմանը վերաբերող հարցերին:

Նմանատիպ նյութեր