211652_close_icon
views-count2609 դիտում article-date 10:59 08-11-2019

Քաղաքացիների մեծամասնությունն առաջնորդվում է ոչ թե արժեքներով, այլ տրամադրություններով․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Երբ երկու տարի առաջ Երևանի ավագանու անդամ Մարինե Խաչատրյանը ցանկանում էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի վրա կոյուղաջուր լցնել, նրան հռչակել էին ռեժիմի դեմ պայքարի առաջամարտիկ, գրեթե ազգային հերոս: Հիմա, երբ նա քննադատում է նաև ներկայիս իշխանությանը, նրան համարում են անլուրջ անձնավորություն, երբեմն մեղադրում են անգամ հոգեկան շեղումներ ունենալու մեջ: Երբ Արթուր Վանեցյանը զբաղեցնում էր ԱԱԾ պետի պաշտոնը, նա ոչ միայն հակակոռուպցիոն պայքարի խորհրդանիշն էր, այլև մի մարդ, որը վերածնում էր հայկական ֆուտբոլը: Հիմա պարզվում է, որ նա ոչ միայն դավադիր է, այլև մեր ֆուտբոլը կործանող, նրա բոլոր քայլերն այս ոլորտում սխալ են և անօրինական: Հասարակական այդ կտրուկ տատանումները, որոնք տեղի են ունենում տարիների կամ նույնիսկ ամիսների ընթացքում, ունեն միայն մեկ բացատրություն. Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունն առաջնորդվում է ոչ թե արժեքներով և գաղափարներով, այլ պահի տակ ձևավորվող տրամադրություններով, որոնք խցկվում են պարզունակ հակադրությունների մեջ՝ «թալանչի է – թալանչի չէ», «ժողովրդի կողքին է – ժողովրդին դեմ է», «բարեկամ է – թշնամի է» և այլն: Այդ առասպելաբանական աշխարհում «իզմերի» համար իսկապես տեղ չկա, իսկ նման պայմաններում չկա նաև որևէ պատկերացում, թե որ ուղղությամբ պետք է շարժվի մեր երկիրը: Հենց այդ պատճառով էլ ինձ համար կարևոր են այն քաղաքական ուժերը, այն գործիչները, որոնք առաջնորդվում են ոչ թե վերը նշված կարծրատիպերով, այլ ճիշտ կամ սխալ, ընդունելի կամ անընդունելի գաղափարներով: Հրանտ Բագրատյանի մասին կարելի է բազմաթիվ արդար կամ անարդար մեղադրական խոսքեր ասել: Բայց չնախապաշարված դիտորդը չի կարող չարձանագրել, որ այդ գործիչն իր մտքում ունի տնտեսական և քաղաքական որոշակի մոդել, որը ձգտում էր իրականացնել այն ժամանակ, երբ վարչապետ էր և որի տեսանկյունից քննադատում է նաև նախորդ ու ներկա իշխանություններին: Դաշնակցության գաղափարները կարող են դուր գալ կամ դուր չգալ, բայց հանուն արդարության պետք է նշել, որ այդ կուսակցության քննադատությունը, որն ուղղված է ներկայիս իշխանությանը, բխում է այդ կուսակցության արժեքային համակարգից: Սկզբունքները, որոնք ընկած են այդ քննադատության հիմքում, ինձ համար ընդունելի չեն: Բայց դրանց պետք է հակադրել այլ սկզբունքներ, այլ գաղափարներ: Փոխարենն այսօրվա իշխանական քարոզչությունը գնում է ավելի հեշտ ճանապարհով՝ կոմպրոմատներ պեղել դաշնակցականների վրա: Նման պարզունակ մարտավարությամբ դժվար է առաջ է գնալ: Բայց վաղ թե ուշ իշխանությունը ստիպված կլինի հայտարարել իր «իզմի» մասին, այսինքն՝ ոչ միայն այն մասին, թե ինչը և ում է նա մերժում, այլև այն մասին, թե ինչն է իր համար ընդունելի»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր