211652_close_icon
views-count1171 դիտում article-date 22:52 19-11-2019

Արսեն Թորոսյանը հանդիպել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցչի հետ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Տանյա Ռադոչային: Ինչպես հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, վերջիններս քննարկել են Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հնգամյա ծրագիրը և առողջապահության նախարարության հետ հետագա համագործակցության ուղղությունները: Տանյա Ռադոչայը ողջունել է երեխաների համար ավելի լավ պայմաններ ստեղծելուն միտված նախարարի քայլերը` սկսած առողջապահական ծածկույթի ներդրման աշխատանքներից մինչև քարսիթների օգտագործման խթանումը: «Մոր և մանկան առողջությունը մշտապես գերակա նշանակություն է ունեցել Հայաստանի համար: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ջանքերը միշտ էլ կարևոր են եղել մեզ համար: Միջազգային աջակցությունը մոր և մանկան առողջության պահպանման բարելավմանն ուղղված ծանրակշիռ գործոններից մեկն է եղել»,- ասել է Արսեն Թորոսյանը: Կողմերը քննարկել են շարունակական համագործակցության շրջանակների ընդլայնումը մոր և մանկան առողջության պահպանման ոլորտում: Առաջարկվել է համախմբել երեխաների և դեռահասների առողջությանն ուղղված ծրագրերը, համագործակցել վաղ տարիքի երեխաների և դեռահասների սնուցման, նրանց հոգեկան առողջության պահպանման, մանկական տրավմատիզմի և հաշմանդամության վաղ հայտնաբերման, նաև նորածնային մահացության նվազեցման և պատվաստումների խթանման ուղղություններով: Նաև քննարկվել է www.babycef.am կայքի առաջընթացը, որտեղ ծնողները կարող են ստանալ հավաստի և ստուգված տեղեկություն երեխայի խնամքի, առողջության և ծնողավարության այլ հարցերի վերաբերյալ։ Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամին շարունակական աջակցության համար և նշել, որ մոր և մանկան առողջության հետ կապված աջակցությունը միշտ կլինի փոխադարձ:

Նմանատիպ նյութեր