211652_close_icon
views-count10906 դիտում article-date 21:47 20-11-2019

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար 2019թ ՀՀ պետական մրցանակակիրը Տակեո Կանադեն է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ բարձր տեխնոարդյունաբերության նախարարությունում նոյեմբերի 20-ին տեղի է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2019թ. դափնեկրի ներկայացման մամուլի ասուլիսը: Ասուլիսի բանախոսներն էին ՀՀ բարձր տեխնոարդյունաբերության նախարար, մրցանակաբաշխության կոմիտեի նախագահ Հակոբ Արշակյանը, մրցանակաբաշխության կոմիտեի աշխատանքերը համակարգող Հովիկ Մուսայելյանն ու մրցանակաբաշխության գլխավոր գործընկեր «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Ասուլիսին ներկա էր նաև ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան: Նախարարը շնորհակալություն է հայտնել մրցանակաբաշխության կազմակերպիչներին նման մեծ իրադարձությունը Հայաստան բերելու և ամեն տարի նման հրաշալի միջոցառում կազմակերպելու համար։ «Այս տարի լրանում է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակաբաշխության 10 տարին: Սա յուրօրինակ առաջնորդություն է այս ոլորտում՝ ունենալ ՀՀ պետական մրցանակ և դա հանձնել աշխարհում տեխնոլոգիական ոլորտի այնպիսի հսկաներին, ովքեր աշխարհն իրենց ստեղծագործությամբ փոխել են, ովքեր, կարելի է ասել, սկսել են զրոյից, ունեցել են միտք, այն զարգացրել և մարդկությանը հնարավորություն են տվել օգտվելու տեխնոլոգիաներից, որոնք մեր կյանքը էլ ավելի են հեշտացնում»,-նշել է Հակոբ Արշակյանը: «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն էլ նշել է, որ արդեն 10 տարի այս նախաձեռնությունն իր շուրջն է համախմբել և Հայաստան բերել այնպիսի մարդկանց, որոնք իրենց ազդեցությունն են թողել տեխնոլոգիական ոլորտի զարգացման և առաջընթացի վրա։ Մրցանակը անչափ կարևոր է նաև նրանով, որ այն Հայաստանի համար հանդիսանում է որպես անձնագիր՝աշխարհին ներկայանալու համար, մեր երկիր բերելով տեխնոլոգիական ոլորտի հանճարների։ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը տեխնոլոգիական ոլորտով հետաքրքված երիտասարդներին կոչ է արել հավատալ իրենց կարողություններին, գաղափարներին, ստեղծել իրենց ճանապարհը և Հայաստանի անունն ավելի ճանաչելի դարձնել աշխարհում։ Նախարար Հակոբ Արշակյանը հավելել է, որ մարդիկ, ովքեր մեծ հետք են թողել աշխարհում և ստացել այդ մրցանակը, սկսելու պահին ոչ մի բանով առավել չեն եղել այն մարդկանցից և հայ երիտասարդներից, որոնք հիմա են սկսում իրենց ստեղծագործ կյանքը: Նա կոչ է արել, որ բոլոր ոլորտներում՝ սկսած գյուղատնտեսությունից մինչև միկրոէլեկտրոնիկա, չվախենան սխալվելուց և իրականացնեն իրենց գաղափարները։ Հովիկ Մուսայելյանը ներկայացրել է, թե 10 տարիների ընթացքում ովքե՞ր և ի՞նչ գործունեության համար են արժանացել այս մրցանակին։ Նա հայտարարել է, որ հոբելյանական 10-րդ մրցանակակիրը դոկտոր Տակեո Կանադեն է, ով «Origami World» տեսություն հիմնադիրն է, «Վիրտուալ իրականություն» հասկացության ստեղծողը: Նա Հայաստան կժամանի դեկտեմբերի 3-ին։ Մրցանակը նրան կհանձնի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մրցանակաբաշխության շրջանակներում տեղի կունենա Տակեո Կանադեին նվիրված ծրարի մարում։ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր