211652_close_icon
views-count1885 դիտում article-date 22:10 23-11-2018

Հրապարակվել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակակրի անունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում նոյեմբերի 23-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարվեց ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի 2018թ-ի մրցանակակրի անունը: Այս տարվա դափնեկիրն է «Նեյշնլ Ինսթրումենթս» (National Instruments) ընկերության համահիմնադիր Ջեյմս Թրուշարդը։ Նախորդ տարիներին այս մրցանակին են արժանացել այնպիսի հնչեղ անուններ, ինչպիսիք են «Ինտել» կորպորացիայի նախկին գլխավոր գործադիր տնօրեն Քրեյգ Բարրետը, «Apple Computer» կորպորացիայի հիմնադիր Սթիվ Վոզնիակը, «Synaptics» ընկերության պատվավոր նախագահ, «Ֆեդերիկո և Էլվիա Ֆաջին» հիմնադրամի նախագահ Ֆեդերիկո Ֆաջին, «Հիտաչի» ընկերության նախկին գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոն, «Սիսկո Սիսթեմս» զարգացման գծով նախագահ Մարիո Մացցոլան, «Կասպերսկի» լաբորատորիայի գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին, ինտերնետի նախահայրերից մեկը, «Open-Root» կազմակերպության գլխավոր տնօրեն Լուի Պուզենը և «Nest Labs» ընկերության հիմնադիր, «IPod» ապրանքանիշի ստեղծող Թոնի Ֆադելը։ «Հրավիրելով նման հռչակավոր մարդկանց Հայաստան՝ մենք, բացի նրանց մեծարելուց, նաև մեր վերաբերմունքն ենք ցույց տալիս ՏՏ ոլորտին: Մրցանակակիրները դառնում են մեր դեսպանները ողջ աշխարհում՝ բարձրացնելով Հայաստանի՝ որպես տեխնոլոգիական երկրի համբավը»,- անդրադառնալով մրցանակի կարևորությանը՝ նշեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը: Ջեյմս Թրուշարդը հայտնի է ինժեներական ոլորտում հեղափոխական գործունեությամբ, որի արդյունքում գիտնականներն ու ճարտարագետները լուծում են համաշխարհային խոշորագույն ճարտարագիտական մարտահրավերներն այլընտրանքային էներգիայի աղբյուրների մատչելիության, բնական պաշարների հասանելիության, քաղաքային ենթակառուցվածքների բարելավման, դեղագործության և առողջապահական համակարգի զարգացման ու թվայնացման, էկոհամակարգի պահպանման, անհատականացված ուսուցման, վիրտուալ իրականության և անվտանգ ու ապահով կիբերտարածքի ստեղծման և կենսական այլ կարևոր ոլորտներում։ Լինելով «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության նախագահն ու գլխավոր գործադիր տնօրենը, ինչպես նաև «Ֆորբսի» Ամերիկայի սիրելի ղեկավարներից մեկը՝ դոկտոր Ջեյմս Թրուշարդը, ով «Նեյշնլ Ինսթրումենթսում» հայտնի է որպես դոկտոր Թի, առաջնորդել է ընկերությունը, այն երեք հոգանոց թիմից դարձնելով վերազգային կազմակերպություն, որն ընդգրկվել է «Աշխարհի 25 լավագույն վերազգային աշխատատեղերի» ցանկում: Դոկտոր Թրուշարդի ղեկավարությամբ «Նեյշնլ Ինսթրումենթս»-ը ծրագրավորման վրա հիմնված մոտեցմամբ վերասահմանեց թեստավորման և չափումների շուկան։ Այս տեսլականն իրականացնելու համար անհրաժեշտ էին մի քանի առանցքային նորարարություններ: «LabVIEW» գրաֆիկական ծրագրավորման լեզուն, որի համահեղինակն է նաև դոկտոր Թրուշարդը, այդ նպատակին հասնելու համար առանցքային ծրագրային նորարարությունն էր: Ընտրվելով Շվեդական թագավորական ճարտարագիտական գիտությունների ակադեմիայի և Ճարտարագիտության ազգային ակադեմիայի անդամ` Թրուշարդը նաև ներգրավված է Էլեկտրոնային նախագծման ճարտարագիտական հեղինակության պալատում և «IEEE»-ի պատվավոր անդամ է: Թրուշարդն իր մագիստրոսի և դոկտորի աստիճանները ստացել է ուսմանը զուգընթաց՝ լրիվ դրույքով աշխատելով «UT» կիրառական հետազոտությունների լաբորատորիաներում: Հայաստան այցելության օրերին, մրցանակը ստանալուց զատ, դոկտոր Թրուշարդը կծանոթանա մեր երկրի տեխնոլոգիական հնարավորություններին, իր փորձով կկիսվի երիտասարդ մասնագետների հետ: Նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանի խոսքով՝ սա հիանալի հնարավորություն է առնչվելու խոշոր ձեռներեցի ու տաղանդավոր ինժեների հետ, և ինքը համոզված է, որ չնայած Հայաստանը նոր է վերսկսել գիտատեխնոլոգիական զարգացման ճանապարհը, բայց որոշ ժամանակ անց շոշափելի հաջողություններ կունենան նաև հայաստանյան ընկերությունները: Նա լավատեսություն հայտնեց, որ Հայաստանում ևս ոչ հեռու ապագայում կստեղծվեն միլիոնանոց շրջանառությամբ ընկերություններ, և գուցե մեր մեջ էլ լինեն այս մրցանակին հավակնող լիդերներ: «Երեք ուղղություն ենք նախանշել՝ տեխնոլոգիական կրթության և գիտահետազոտության զարգացում, միջազգային ընկերությունների ներգրավում և տեղական ընկերությունների աջակցություն: Սրանց իրագործման արդյունքում կկարողանանք ստեղծել մի էկոմիջավայր, որում ոլորտը կզարգանա մեր նախատեսած տեմպերով և ուղղությամբ»,- հավելեց Հակոբ Արշակյանը: Մրցանակաբաշխության գլխավոր հովանավորը, ինչպես տարիներ շարունակ, այս անգամ ևս «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունն է: Ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նշեց, որ այս ծրագիրն իրենց համար սովորական հովանավորություն չէ, սա Հայաստանի միջազգային անձնագիրն է ՏՀՏ աշխարհում: «Այսպիսի հանճարեղ մարդիկ, գալով Հայաստան, բերում են նաև իրենց փորձը: Քանի դեռ մեր ընկերությունն ի վիճակի է, մտադիր ենք աջակցել նմանատիպ նախաձեռնություններին, որոնք նպաստում են Հայաստանի դիրքերի ամրապնդմանը համաշխարհային ՏՀՏ ոլորտի համայնապատկերում»,-նշեց Ռալֆ Յիրիկյանը: [b] ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր