211652_close_icon
views-count1589 դիտում article-date 21:51 22-11-2019

Արցախի խորհրդարանին է ներկայացվել 2020 թվականի պետական բյուջեի նախագիծը

Համաձայն նախապես հաստատված ժամկետացանկի՝ նոյեմբերի 22-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել «Արցախի Հանրապետության 2020թ-ի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի ներկայացումը խորհրդարանի մշտական հանձնաժողովներին և խմբակցություններին: Նիստը վարել է ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը: Ներկայացնելով երկրի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը՝ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը նշել է, որ 2020թ-ի բյուջետային քաղաքականությունն ուղղված է լինելու տնտեսական աճի խթանման և տնտեսությունում աճի ներուժի աստիճանական բարձրացմանը: Մինչ 2020թ-ին նախատեսվող ֆինանսական ցուցանիշները ներկայացնելը՝ ֆինանսների նախարարը նշել է, որ 2019թ-ի մակրոտնտեսական ցուցանիշների զարգացումները, մասնավորապես՝ ինը ամսվա արդյունքներով արձանագրված 10,4% տնտեսական աճը, թույլ են տալիս ընթացիկ տարում ակնկալել ավելի բարձր տնտեսական աճի տեմպ, քան պլանավորված էր 2019թ-ի պետական բյուջեի նախագծով: Անդրադառնալով 2020թ-ի ֆինանսական փաստաթղթին՝ Արթուր Հարությունյանը նշել է, որ 2020թ-ին կանխատեսվող համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կկազմի 375,6մլրդ դրամ՝ ապահովելով 8% իրական աճ, գնաճը՝ շուրջ 3%: «Եկամուտները գալիք տարում կկազմեն 120մլրդ 906,5մլն դրամ, ծախսերը՝ 120մլրդ 775,6մլն դրամ: Հավելուրդը (պրոֆիցիտ) նախատեսվում է 130,9մլն դրամ, որը կուղղվի նախկինում ներգրավված փոխառու միջոցների մարմանը»,-հայտնել է ֆինանսների նախարարը: 2020թ-ին, ընթացիկ տարվա համեմատ, 2,6 մլրդ դրամով կնվազեն պետական բյուջեի սեփական եկամուտները՝ կազմելով 55,1մլրդ դրամ: Անկումը, ըստ նախարարի, պայմանավորված է հանքարդյունաբերության ոլորտից ակնկալվող հարկային եկամուտների նվազմամբ, որի հիմնական պատճառը պղնձի միջազգային գների և հանքաքարում պղնձի պարունակության նվազման միտումն է: Ծախսերը կկազմեն 120մլրդ 775,6մլն դրամ, որն ավել է ընթացիկ տարվա պետական բյուջեով նախատեսված ծախսից 6,4մլրդ դրամով: Ֆինանսների նախարարի խոսքով՝ կավելանա սոցիալական ոլորտին հատկացվող գումարը, ինչը պայմանավորված է 2020թ-ի հունվարի 1-ից կենսաթոշակների բարձրացմամբ: Հիմնական բազային կենսաթոշակի չափը կհաշվարկվի 18000 դրամ, 2019-ի 16000դրամի փոխարեն: Նախատեսվում է բարձրացնել նաև նվազագույն ամսական աշխատավարձի մակարդակը՝ 68000դրամ, 2019թ.-ի 55000 դրամի փոխարեն: 2020թ-ի բյուջեով հունվարի 1-ից 10% -ով կբարձրանան նաև հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատող ուսուցիչների աշխատավարձերը: Երկրի կենսագործունեությունն ապահովող բոլոր ոլորտների ֆինանսական կանխատեսումները ներկայացնելուց հետո ֆինանսների նախարարը պատասխանել է պատգամավորներ Հայկ Խանումյանի, Գագիկ Բաղունցի, Ալյոշա Գաբրիելյանի և Արթուր Թովմասյանի առաջադրած հարցերին: Նիստին մասնակցել են նաև ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը և գործադիր իշխանության պատասխանատուներ: [b]Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր