211652_close_icon
views-count1668 դիտում article-date 11:26 28-11-2019

Նիկոլ Փաշինյանը և Սոորոնբայ Ժեենբեկովը Բիշքեկում քննարկել են հայ-ղրղզական տնտեսական հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները

Աշխատանքային այցով Բիշքեկում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ: Ողջունելով վարչապետին Բիշքեկում` Սոորոնբայ Ժեենբեկովը նշել է, որ այսօրվա հանդիպումը լավ առիթ է քննարկելու ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ կապերի զարգացման հեռանկարները: «Պարոն վարչապետ, ՀԱՊԿ-ում մեր նախագահության ընթացքում մենք ներդրել ենք բոլոր ջանքերը` կազմակերպության հետագա զարգացման ուղղությամբ: Մենք շահագրգռված ենք միասնական ջանքերով դիմագրավելու բոլոր հնարավոր մարտահրավերներին, ինչպես նաև զարգացնելու հարաբերությունները բարեկամ Հայաստանի հետ»,- ասել է Ղրղզստանի նախագահը: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և հավելել, որ երկկողմ քաղաքական հարաբերություններն ունեն երկար տարիների պատմություն ու կառավարությունները պետք է քայլեր ձեռնարկեն զարգացնելու նաև տնտեսական համագործակցությունը: «Մենք ունենք հնարավորություն նոր թափ հաղորդելու առևտրատնտեսական կապերին, դրա համար առկա է անհրաժեշտ ներուժ: 21-րդ դարում աշխարհագրական հեռավարությունը խնդիր չէ, պետք է սկսել այնպիսի նախաձեռնություններ, որոնք կնպաստեն երկու երկրների միջև տնտեսական կապերի խթանմանը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը, անդրադառնալով Ղրղզստանում առկա ներքաղաքական վիճակին, նշել է, որ ուրախ է իրավիճակի կայունացման ու կարգավորման կապակցությամբ: «Մենք սերտորեն համագործակցում ենք ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի շրջանակում, ինչը ստեղծում է լավ հնարավորություն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցության համար»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: Առանձնազրույցի ընթացքում ՀՀ վարչապետը և Ղրղզստանի նախագահը քննարկել են հայ-ղրղզական հարաբերություններին առնչվող տարբեր հարցեր, կարևորել տնտեսական փոխգործակցության ուղղությամբ անհրաժեշտ քայլերի իրականացումը, գործարար կապերի ընդլայնումը: Կողմերը մտքեր են փոխանակել նաև ինտեգրացիոն միավորումների շրջանակում համագործակցության վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր