211652_close_icon
views-count2440 դիտում article-date 15:28 05-12-2019

Հաստատվեց «Աշխատիր, Հայաստան» ռազմավարությունը. այսօր գործազուրկ է ՀՀ քաղաքացիների 20 տոկոսը

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Աշխատիր, Հայաստան» ռազմավարությունը, դրա գործողությունների շրջանակը և ֆինանսական գնահատականը: Նախագիծը ներկայացրեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ով նշեց, որ ռազմավարությունը սահմանում է զբաղվածության ոլորտի բարեփոխումների առաջնահերթությունները: Ավինյանի խոսքով, պաշտոնական տվյալներով 2018 թվականին աշխատանքային ռեսուրսները կազմում են բնակչության 68 տոկոսը, որից տնտեսապես ակտիվ է 57 տոկոսը: Տնտեսապես ակտիվ բնակչության մեջ գործազուրկ է 20,4 տոկոսը: Գործազուրկների մեջ 15-34 տարեկանները կազմում են 45 տոկոս: Նա նշեց, որ գործազրկության և տնտեսապես ոչ ակտիվ բնակչության բարձր տեսակարար կշիռները վեր են հանում մի շարք մտահոգություններ: Հայաստանում 2013 թ. սկսած արձանագրվել է տնտեսական աճի ոչ շատ ցածր ցուցանիշ, այդուհանդերձ աճը անբավարար չափով է զուգակցվել նոր աշխատատեղերի ստեղծմամբ, առկա է զբաղվածության ոլորտը բնութագրող ցուցանիշների բաց կամ ցուցանիշներ, որոնք ամբողջական չեն, ինչպես օրինակ` աշխատուժի պահանջարկի մասին տեղեկատվությունը, ինչը լուրջ խնդիրներ է ստեղծում պետական քաղաքականություն մշակելիս: Միաժամանակ զբաղվածության պետական ծրագրերը կա՛մ գրավիչ չեն, կա՛մ դրանց մասին իրազեկվածության մակարդակը ցածր է: Գործազրկության նվազեցման գործում կարևոր դերակատարություն ունի հատկապես կրթության ոլորտը։ Ներկայումս խզված է կրթություն-աշխատաշուկա կապը, մինչդեռ որակյալ կրթությունն ունակ է ոչ միայն լավ աշխատող, այլև լավ գործատու պատրաստելու, ինչպես օրինակ` ձեռներեցության հմտությունների խթանման միջոցով ՓՄՁ ոլորտի զարգացմանը նպաստելը և այլն: Նախագծի ընդունման արդյունքում կունենանք հստակ սահմանված զբաղվածության ոլորտի բարեփոխումների առաջնահերթություններ, ինչը հնարավորություն կտա համակարգված և ներդաշնակ կերպով իրականացնել ոլորտին առնչվող ծրագրերը: Ռամավարության երեք ուղղություններն են մարդկային կապիտալի զարգացումը, զբաղվածության խթանումը և ինստիտուցիոնալ բարեփոխումները: Այս ռազմավարությամբ նաև նախատեսվում է առաջնագծում մարտական հերթապահության մեջ չընդգրկված զորամասերի ժամկետային զինծառայողների համար պիլոտային վերապատրաստումներ իրականացնել:

Նմանատիպ նյութեր