1967 դիտում
22:11 06-12-2019
ՄԱԿ-ը 2020թ. հայտարարել է բույսերի առողջության պահպանման միջազգային տարի
Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը ներկայացրել է այն միջոցառումները, որոնք նախատեսվում են կազմակերպել բույսերի առողջության պահպանման միջազգային տարվա շրջանակներում:
Բույսերի առողջության պահպանումը գործունեություն է, որը կանխում է բույսերի և բուսական ծագում ունեցող մթերքների վնասակար օրգանիզմների ներթափանցումը, դրանց դեմ պայքարը, ներառյալ՝ ներմուծման և արտահանման կարգավորումը մի շարք ընթացակարգերի միջոցով, որոնք ուղղված են նոր տարածքներում վնասակար օրգանիզմների տարածման կանխարգելմանը՝ հատկապես միջազգային առևտրի, զբոսաշրջության և պարենային օգնության ուղիներով: Բուսասանիտարիան գյուղական վայրերում սովի, աղքատության վերացման և ապրուստի աղբյուրների ապահովման ցանկացած ռազմավարության առանցքային տարրն է: Գյուղատնտեսական ապրանքների միջազգային առևտրի ծավալի մեծ աճը, ինչպես նաև կլիմայի փոփոխության հետևանքները հանգեցնում են վնասակար օրգանիզմների ներթափանցման ռիսկի կտրուկ աճի և բույսերի առողջության համար նոր լուրջ խնդիրների առաջացման:
«Բույսերի առողջության պահպանման միջազգային տարին կբարձրացնի բույսերի առողջության կարևորության մասին իրազեկությունը և դրա ազդեցությունը գլոբալ նշանակության խնդիրների լուծման համար: Վնասակար օրգանիզմների տարածման գոտու ընդլայնմանը զուգահեռ, աճում են սննդամթերքի, գյուղատնտեսական մշակաբույսերի արտադրության համար սպառնալիքները։ Մասնավորապես, վնասակար օրգանիզմները, որոնք ներթափանցում են նոր էկոհամակարգեր, կարող են կործանարար ազդեցություն ունենալ պարենային անվտանգության և շրջակա միջավայրի անվտանգության տեսակետից»,- ասել է Գեորգի Ավետիսյանը:
Նա նաև ներկայացրել է վնասակար օրգանիզմների ներգործությամբ առաջացած բերքի կորուստները վերաբերյալ տվյալներ: Ըստ այդմ դրանք կարող են զգալի լինել՝ ըստ հաշվարկների հասնելով 50 տոկոսի: Միայն տնտեսական առումով՝ բույսերի հիվանդությունները համաշխարհային տնտեսությանը տարեկան մոտ 220 մլրդ դոլարի վնաս են պատճառում, իսկ վնասատու միջատները՝ շուրջ 70 մլրդի:
Այդ խնդիրների լուծման համար Ֆինլանդիայի Հանրապետությունը 2016 թվականին պաշտոնապես դիմել Է Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությանը (ՊԳԿ)՝ առաջարկելով 2020 թվականը հռչակել Բույսերի առողջության պահպանման միջազգային տարի: Պատվիրակներն ընդունել են միաձայն ներկայացված առաջարկը: ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 2018 թվականի դեկտեմբերի 20-ին հաստատել է 2020 թվականը որպես Բույսերի առողջության պահպանման միջազգային տարի:
Պարենային անվտանգության և էկոհամակարգերի գործունեության համար առողջ բույսերի նշանակության մասին հանրային իրազեկության բարձրացումը հրատապ անհրաժեշտություն է և նման միջոցառումները կհանգեցնեն ոլորտի քաղաքականության հարթակի ստեղծմանը և կնպաստեն համաշխարհային բուսական ռեսուրսների պաշտպանման և պահպանման գործունեության խթանմանն ու իրականացմանը, ինչպես նաև սովը, աղքատությունը և շրջակա միջավայրին սպառնացող խնդիրները լուծելու համար բույսերի առողջության կարևորության մասին իրազեկության բարձրացմանը:
Բուսասանիտարական ոլորտում Հայաստանի Հանրապետության ողջ գործունեությունը լուսաբանված է «Բուսասանիտարիան աշխարհում և Հայաստանում» գրքում, առկա է նաև էլեկտրոնային տարբերակը snund.am կայքի Բուսասանիտարիայի բաժնում:
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿ
1. Հանրային իրազեկում – Տարեկան
2. Հանրապետության դպրոցներում բույսերի առողջության վերաբերյալ դասընթացների կազմակերպում – Տարեկան
3. Հանրամատչելի (մուլտ)ֆիլմի պատրաստում (օրինակ, ինչպես պահել չրեղենը, ընդեղենը և այլ) – I եռամսյակ
4. Միջազգային համաժողով - II եռամսյակ
5. ԱՊՀ երկրների բույսերի կարանտինի համակարգող խորհրդի նիստի կազմակերպում և անցկացում Երևանում - II եռամսյակ
6. Պեստիցիդների և ագրոքիմիկատների, բուաաբուծութան ոլորտում օգտագործվող սարքավորումների
ցուցահանդեսի կազմակերպում - III եռամսյակ
7. Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր մարզում «ԲԱՄՏ 2020-ի իրազեկման շաբաթներ»-ի անցկացում՝ ցուցադրություններով, դաշտեր այցելություններով և լավագույն ֆերմերներին պատվոգրերի հանձնմամբ – III և IV եռամսյակներ
8. Գիտաժողովի կազմակերպում - III եռամսյակ
9. Գյուղատնտեսական տոնավաճառ ցուցահանդեսների կազմակերպում - IV եռամսյակ
10. Լավագույն և հաջողված ֆերմերների կողմից պատշաճ գյուղատնտեսական պրակտիկայի ներկայացում - IV եռամսյակ
Միջոցառումները նախատեսվում է իրականացնել ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության, Բույսերի պաշտպանության միջազգային համաձայնագրի աշխատակազմի (IPPC) հետ համատեղ:
Ակնկալում ենք նաև ՀՀ էկոնոմիկայի և ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ու մարզպետարանների աջակցությունը:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի www.snund.am կայքում կստեղծվի ԲԱՄՏ 2020 առանձին բաժին:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին
Աղբյուրը՝ snund.am
Նմանատիպ նյութեր
2724 դիտում
23:18 11-06-2021
ՍԱՏՄ-ում անցկացվել է միջոցառում՝ նվիրված բույսերի առողջության միջազգային տարվան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
922 դիտում
18:50 12-05-2022
ՍԱՏՄ-ն իրազեկման մի շարք միջոցառումներ է անցկացրել Բույսերի առողջության պաշտպանության օրվա առթիվ
Այս բաժնից
682 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2011 դիտում
09:34 22-12-2024
Երևանում և մարզերի առանձին շրջաններում թույլ ձյուն կտեղա
916 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց