Երևանում կայացավ անվասայլակով բասկետբոլի միջազգային երկրորդ մրցաշարը.
Դեկտեմբերի 1-ից 3-ը Երևանում կայացավ անվասայլակով բասկետբոլի միջազգային երկրորդ մրցաշարը:
Բաց առաջնությունը կազմակերպվել էր Հայաստանի անվասայլակով բասկետբոլի ֆեդերացիայի կողմից և նվիրված էր դեկտեմբերի 3-ին՝ Հաշմանդամների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան:
Մրցաշարին մասնակցում էին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության անվասայլակով բասկետբոլի «Արտակարգ» թիմը, ինչպես նաև` Պաշտպանության նախարարության «ԲԿՄԱ»-ն և ևս երկու օտարերկրյա թիմեր` Վրաստանից և Իրանից: Հայաստանի բաց առաջնության հաղթող ճանաչվեց Իրանի Ֆիրուզ թիմը:
Մրցաշարի գլխավոր հովանավորն էր «ԻՋԵՎԱՆԻ ԳԻՆՈՒ, ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՓԲԸ-ն:
Այս մրցաշարերը հնարավորություն են տալիս հաշմանդամություն ունեցող բազմաթիվ անձանց ինտեգրվել հասարակությանը, զբաղվել սպորտով, վարել առողջ ապրելակերպ և հետագայում ներկայացնել Հայաստանը միջազգային մրցաշարերում:
Հայաստանի անվասայլակով բասկետբոլի ֆեդերացիան հիմնադրվել է 2019 թվականին: Ֆեդերացիայի ստեղծման նպատակն է զարգացնել անվասայլակով բասկետբոլը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում, անցկացնել Հայաստանի առաջնություն ու ստեղծել թիմ, որը կներկայացնի մեր երկիրը միջազգային հարթակներում: