211652_close_icon
views-count5197 դիտում article-date 12:49 09-12-2019

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց վարորդների համար բալային համակարգի ներդրման օրինագիծը

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգի ներդրման օրինագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը մշակել էր ՀՀ կառավարությունը: Օրենքի նախագծերի փաթեթով նախատեսվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձին վարորդական վկայական ստանալու օրվանից մեկ տարի ժամկետով տրամադրել 9 միավոր: Խախտում ամրագրելու դեպքում վարչական իրավախախտում կատարած անձին տվյալ տարում տրված ընդհանուր միավորներից ինքնաշխատ եղանակով հանվում են օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված իրավախախտման համար սահմանված տուգանային միավորները: Երթևեկության ոլորտի թվով 100 զանցակազմերից տուգանային միավորներ նախատեսված են 20-ի համար։ Օրենքի նախագիծն ընդունվեց 57 կողմ, 35 դեմ և 3 ձեռնպահ ձայներով: Օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից 6 ամիս հետո: Օրենքների պաշտոնական հրապարակման օրը համարվում է դրանց ամբողջական տեքստը «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» առաջին անգամ հրատարակման օրը:

Նմանատիպ նյութեր