211652_close_icon
views-count4425 դիտում article-date 18:45 14-12-2019

Վասակ Դարբինյան. Տոտալ գրոհ է ձեռնարկվել Ռուբեն Հայրապետյանի դեմ` խաղի կանոնների կոպտագույն խախտումներով

Լրագրող, խմբագիր Վասակ Դարբինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. ««Ես հասկանում եմ, որ մեծամասնության կարծիքին հակադրվելը, այդ կարծիքից տարբերվող տեսակետ արտահայտելը ինքնասպանության պես մի բան է: Եթե մեղմ ասեմ՝ խոցելի դառնալու պատրաստակամություն: Բայց լինում են իրավիճակներ, երբ շատ ավելի վատ է լռելը: Արդեն երկու օր է՝ ֆեյսբուքյան ընկերներցս շատերը, նրանց ընկերներն ու ընկերների ընկերները տոտալ գրոհ են ձեռնարկել ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի դեմ: Ընդ որում, այդ գրոհը, եթե արտահայտվելու լինեմ ֆուտբոլային լեզվով, ընթանում է խաղի կանոնների կոպտագույն խախտումներով: Ամենավիրավորական բնորոշումների, մեղադրանքների, հայհոյանքների և անեծքների տեղատարափ է, որը վկայում է, ցավոք, ոչ թե մեր հասարակության մեջ արդարամտության առկայության և դրա պահանջարկի ավելացման, այլ ատելության աներևակայելի առատության մասին: Ես չեմ ուզում քննարկել՝ ինչու են մարդիկ իրենց վերապահել հավատաքննիչների, մեղադրողների, դատավորների դերը: Մանավանդ որ իր տանը կատարված խուզարկությունից հետո Հայրապետյանը հրապարակավ հայտարարեց, որ պատրաստ է կրել պատասխանատվություն, եթե ապացուցվի իրեն ներկայացված մեղադրանքը: Է՞լ ինչ եք ուզում, սիրելի ընկերներ, հրապարակում կախե՞լ, քառատե՞լ, գնդակահարե՞լ նրան: Բայց չէ՞ որ դուք դրանով չեք տարբերվի նրա այն կերպարից, որը ձևավորվել է ձեր պատկերացումների մեջ և որի դեմ մարտնչում եք: Խոսվում է Հայրապետյանի հանցավոր գործունեության մասին: Բազմիցս ասվել և ասվում է, ու ողջամիտ մարդիկ էլ կարծես չեն առարկում, որ հանցավորությունն ապացուցելը բացառապես դատարանի գործն է: Ինչո՞ւ եք, ուրեմն, սիրելի և հարգելի ընկերներ, առաջ ընկնում և ստանձնում դատարանի դերը... Ես և Ռուբեն Հայրապետյանը քաղաքացիական մեր դիրքորոշումներով, քաղաքական համակրանքներով երբևէ չենք եղել նույն ճամբարում: Մի քանի անգամ իմ խմբագրած թերթերում ամենախիստ քննադատական հոդվածներն եմ տպագրել նրա մասին: Մասնավորապես, նույն այդ «Բջնի» գործարանի վերաբերյալ... Բայց սա չի խանգարել, որ ինձ համար շատ ծանր ու ճակատագրական պահին Ռուբեն Հայրապետյանը ձեռք մեկնի ինձ: Չեմ ուզում առավել մանրամասնել: Կարող եմ միայն հավաստիացնել, որ ես միակը չեմ: Անուններ չտամ՝ իմացողները գիտեն: Սա գուցե և սուբյեկտիվ, բայց առավել քան հիմնավոր պատճառ է, որ ես չմիանամ նրա դեմ սանձազերծված այս արշավին: Ցավոք, մեզնից շատերը նորմալ են համարում երախտամոռությունը և ուրացումը, արդարացնելով դա իբր իրենց սկզբունքայնությամբ: Հ.Գ. Խնդրում եմ մեկնաբանություններում պահպանել կոռեկտությունը»:

Նմանատիպ նյութեր