211652_close_icon
views-count7032 դիտում article-date 18:47 25-04-2020

Վասակ Դարբինյան. Այս մի ապրիլի 24-ը մեր բանականության ու զգայարանների վրա շատ ավելի հզոր ազդեցություն ունեցավ, քան ունեցել են տարիների մեր տանջալի երթը

Հայտնի լրագրող Վասակ Դարբինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Իսրայելի Հայֆա քաղաքում 2015-ին առիթ եղավ այցելելու Հոլոքոստի թանգարան: Կիսամութ մի սրահում նստարաններ կային շարված, և այցելուները կարող էին նստել ու նայել դիմացի հսկա պատին, կարդալ պատի վրա սահող բոլոր բնակավայրերի՝ քաղաքների ու գյուղերի անունները, որտեղ հրեաներ են սպանվել Հոլոքոստի տարիներին: Լուսագրերով մատուցվող բնակավայրերի անունները առժամանակ սահում էին, ապա մարմրում՝ փոխարինվելով այլ անուններով: Ազդեցիկ, գեղեցիկ ու շատ զգայացունց պատկեր էր, բայց երկար ժամանակ հնարավոր չէր նստել ու նայել մահվան այդ կենդանի պատին: Առհասարակ ամբողջ թանգարանը սահմռկեցուցիչ ճշգրտությամբ մատուցում էր սոսկալի իրադարձությունների մանրամասները, սկսած համակենտրոնացման ճամբարի մանրակերտից, վերջացրած խնամքով պահվող հին մասունքներով: Դա թանգարան էր՝ անչափ տպավորիչ, զուսպ, հարուստ ու ճաշակով, այցելուին ոչինչ չպարտադրող և միաժամանակ նրա հոգին տակնուվրա անող: ...Հիմա, հինգ տարի անց, դիտելով Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից հեռարձակումը, կարող եմ ասել, որ այս մի ապրիլի 24-ը մեր բանականության ու զգայարանների վրա շատ ավելի հզոր ազդեցություն ունեցավ, քան ունեցել են տարիների մեր տանջալի երթը, ամեն տարվա մեր կազմակերպված կամ ինքնաբուխ տուրքը: Զսպվածության, արժանապատվության, ինքնության գիտակցման փայլուն դաս մատուցվեց Ծիծեռնակաբերդի բարձունքից, երաժշտական հրաշալի կատարումներ ունկնդրեցինք, և իսրայելական Հայֆա քաղաքի Հոլոքոստի թանգարանի կիսամութ սրահի պատի հայկական «կրկնօրինակումը»՝ հաղորդագրություններով ուղարկված մեր ազգանունների լուսագրերի սահքը հուշարձանի պատերին, շատ ավելի ապրեցնող է և շատ ավելի պարտավորեցնող»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր