4104 դիտում
12:36 16-12-2019
Բյուջետային «Wizz Air»-ը թռիչքներ կիրականացնի ՀՀ-ից. տոմսի արժեքը կսկսի 24.99 եվրոյից
Հայաստանյան շուկա է մուտք գործում նոր բյուջետային ավիաընկերություն: «Wizz Air» բյուջետային ընկերությունը Երևանից սկսելու է թռիչքներ իրականացնել ապրիլից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ հանդիպմանն այս մասին նշեց «Wizz Air» ընկերության կորպորատիվ համագործակցության ղեկավար Անդրաս Ռադոն:
«Ամենակարևոր հարցն այն է, թե դեպի ուր ենք թռնելու: Ասեմ, որ ապրիլից սկսում ենք թռիչքներ իրականացնել դեպի Վիեննա, Վիլնյուս: Այս ուղղություններով շաբաթը երկու անգամ կունենանք չվերթներ: Գները լինելու են բավական ցածր` 24.99 եվրոյից սկսած: Արդեն ցանկացողները կարող են ամրագրումներ անել: Շատ ուրախ ենք, որ այստեղ ենք, հուսով եմ, որ սա գեղեցիկ համագործակցության սկիզբն է»,-ասաց Անդրաս Ռադոն:
Տոմսերի վաճառքը լինելու է միայն առցանց: Այսինքն, տուրիստական գործակալությունից քաղաքացին չի կարող տոմս գնել: Առցանց գնումները հնարավոր է կազմակերպել՝ օգտվելով ընկերության հավելվածից: Անդրաս Ռադոն նշեց, որ ուղևորը վճարելու է այն ծառայությունների համար, որոնցից ցանկանում է օգտվել՝ սնունդ, ուղեբեռ և այլն:
Ընկերության ղեկավարը նշեց, որ «Wizz Air»-ն ուլտրա-բյուջետային բիզնես մոդելի կազմակերպություն է: Դա նշանակում է, որ շահագործումն իրականացվում է ցածր ծախսերով: Նա տեղեկացրեց, որ ընկերությունն ունի բավական թարմ, ժամանակակից օդանավեր, ինչը շատ կարևոր է ավիաընկերության գործունեության համար:
Ավիաընկերությունը վերջին 15-16 տարիներին ունեցել է 235 մլն ուղևոր: Ներկայում ունի 120 օդանավ, առաջիկայում նախատեսում է այն հասցնել 300-ի: Երևանն էլ ներառյալ աշխատում են աշխարհի 153 օդանավակայանների հետ: Անդրաս Ռադոն ընդգծեց, որ իրենք համարվում են Եվրոպայի ամենականաչ ավիաընկերությունը: Դա նշանակում է, որ ամեն տարի նվազեցնում են շրջակա միջավայրին հասցված վնասի չափը: Հանձն են առել առաջիկայում ակտիվ շարունակել այդ քաղաքականությունը: Դա անելու համար ձեռք են բերել նորագույն տեխնոլոգիաներ:
«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության տնօրեն Մարսելո Վենդեն ողջունեց բյուջետային ավիաընկերության մուտքը հայաստանյան շուկա և ընդգծեց, որ դա շատ կարևոր է:
««Wizz Air»-ը հեռանկարում ունի տարբեր ուղղություններով չվերթներ իրականացնել, վստահ եմ, որ դա լավ է Հայաստանի շուկայի համար: Շնորհակալություն Քաղաքավիացիայի կոմիտեին, որ կարողացավ այս ուղղությամբ ակտիվ աշխատել»,-ասաց Մարսելո Վենդեն:
Եվրոպական մեկ այլ բյուջետային ավիաընկերություն՝ Ryanair-ը ևս հայտարարել է Հայաստանի ավիացիոն շուկա մուտք գործելու մասին: Իռլանդական ավիաընկերությունը առաջին չվերթը կիրականացնի հունվարի 14-ին՝ Երևանը կապելով Հռոմի և Միլանի հետ, ապա մարտի վերջից կգործի Բեռլինի ուղղությունը, իսկ Գյումրին Գերմանիայի Մեմինգեն քաղաքի հետ կկապվի մարտի վերջից:
Նմանատիպ նյութեր
1956 դիտում
13:52 18-02-2022
Wizz Air-ը թռիչքներ կիրականացնի Լառնակա-Երևան-Լառնակա և Հռոմ-Երևան-Հռոմ երթուղիներով. Շաբաթական երկու անգամ
3698 դիտում
13:52 14-12-2019
Wizz Air-ը Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից չվերթներ կիրականացնի Լոնդոն և Փարիզ
Այս բաժնից
772 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
616 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
724 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված