211652_close_icon
views-count97591 դիտում article-date 13:03 19-12-2019

Առանձնակի դաժանությամբ սպանություն Հրազդանում. բնակարանում հայտնաբերվել է նախկինում դատված 51–ամյա տղամարդու դի. ժամանել են մարզի ոստիկանապետն ու քննչականի պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 91 շենքի 10-րդ բնակարանում տղամադրու դի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սևան Քոչարյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արտակ Ղազարյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները նշված բնակարանի, որը 4-րդ հարկում է, հյուրասենյակում հայտնաբերել են 51–ամյա Ռոբերտ Հախվերդյանի դին, իսկ նշված սենյակում խառնաշփոթ վիճակ էր տիրում: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ գլխի և մարմնի տարբեր մասերում կան հարվածի հետքեր: Փաստի առթիվ քննչական վարչության պետ Մ. Վարդանյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, որտեղ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ: Դեպքի վայրում հավաքված սպանվածի հարևանները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին. «Սպանվածը մենակ էր մնում: Քույրը արտասահմանում է բնակվում: Նախկինում եղել է դատապարտված ու սեր ուներ խմիչքի նկատմամբ: Վերջին տարիներին հաճախակի էր հայտնվում ոչ սթափ վիճակում, իսկ թե ով կամ ովքեր են սպանել, երևի մեր մարզի ոստիկաններն ու քննիչները կբացահայտեն ու մենք էլ կիմանանք՝ ով կամ ովքեր են»: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 98+
98+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր