211652_close_icon
views-count3329 դիտում article-date 14:42 27-12-2019

Մենք պատասխանատվություն ենք ստանձնել սերունդների առջև, ժառանգել ենք հայրենիք և արժեքներ, որոնք պետք է պահպանենք ու փոխանցենք հաջորդ սերունդներին. լեգենդար հրամանատար Արշավիր Ղարամյան. Aravot.am

[url=https://www.aravot.am/2019/12/27/1085504/?fbclid=IwAR34E1uopZmWH2F-gRfmnhpcU5PPRA7jkzVnMu5TxkmcQZnDsUIHCcRXS0U]Aravot.am[/url]-ը գրում է. «Մենք պատասխանատվություն ենք ստանձնել սերունդների առջեւ, ժառանգել ենք հայրենիք եւ արժեքներ, որոնք պետք է պահպանենք ու փոխանցենք հաջորդ սերունդներին»,- Արցախի հերոս, լեգենդար հրամանատար Արշավիր Ղարամյանի խոսքերից է, ում համար հայրենիքը դավանանք է դարձել: Ղարաբաղյան հակամարտության առաջին իսկ օրերից Արշավիր Ղարամյանը ներգրավված է եղել ազատագրական մարտերին: Տակավին երիտասարդ Ղարամյանը, դեռեւս ուսանողական տարիներից անդամագրվեց Արցախում ծավալվող ընդհատակյա պայքարին, որից մի քանի ամիս անց՝ 1989 թվականին նրա նախաձեռնությամբ ձեւավորվեց Ակնաղբյուրի կամավորական ջոկատը, որն էլ մարտական հերթապահության անցավ Ամարասի հովտում: 1992 թվականին Ակնաղբյուրի ջոկատի հիմքի վրա ստեղծվեց վաշտ, իսկ այնուհետեւ. Ակնաղբյուրի եւ հարեւան գյուղերի կամավորական ջոկատները միանալով՝ ձեւավորեցին Ասկերանի պաշտպանական շրջանի 35-րդ մոտոհրաձգային գումարտակը՝ Արշավիր Ղարամյանի հրամանատարությամբ: Հրամանատար Ղարամյանի գումարտակը հաղթական գործողություններ է իրականացրել ռազմաճակատի բոլոր ուղղություններով: 1989-1994 թվականներին Արշոյի գումարտակը վճռորոշ մարտական գործողություններ է իրականացրել Մարտունիի (Սոս, Մաճկալաշեն, Կաշմիր Շուկա), Շուշիի (Քարինտակ, Լիսագոշ, Բեոլաձոր, Զառսլու, Շուշի), Լաչինի («Մարդասիրական միջանցք», Սաֆյան, Փարաջան, Շռլան, Ֆինգա, Սափբաբ), Ասկերանի (Շոշ, Ասկերան, Խանաբադ, Խրամորթ), Մարտակերտի (Կիչան, Զլդշան, Ջանյաթաղ, Կուսապատ, հեռուստաաշտարակ. «Պուշկենյալ» բարձունք եւ այլն), Աղդամի (Ջինլի, Շահբուլաղ, Գիյասլի, Քենգեռլի, Գյուլիջա, Սումա, Շիխլյար եւ այլն), Քելբաջարի (Յանշրսղ, Օմարի լեռնանցք), Ֆիզուլիի (Աշադի Աբդուրահմանլու, Հորադիզ) շրջանների ուղղություններով: Մարտական փառահեղ ճանապարհ անցած հերոսն այսօր էլ, ծնողին հատուկ հոգատարությամբ, զինվորների կողքին է: Գեներալ Ղարամյանին մշտապես կարելի է տեսնել դիրքերում, չէ՞ որ նման այցելությունները ինքնանպատակ չեն լինում, այդ այցելություններն ու հանդիպումները, հայրենիքի պաշտպանական դիրքերում կանգնած զինծառայողների հետ, անչափ կարեւոր նշանակություն ունեն եւ բարոյական մեծ խթան են երիտասարդ բանակայինների համար: Արցախյան շարժման սկզբնավորումից ի վեր Ղարամյանն իր կյանքը «նվիրաբերում է» հայրենիքի պաշտպանության ու շենացման սրբազան գործին, ազատագրական պայքարի երդվյալ մարտիկ, ով պատերազմից անմիջապես հետո, հազարավոր աչքերից հեռու, ձեռնամուխ է լինում պաշտպանական բանակի դիրքերի ռազմատեխնիկական հագեցվածության եւ վերազինման գործին: Հայոց ազգի արժանի զավակ, ով անցյալի դյուցազնական գաղափարների կրողն ու դավանողը լինելով՝ անցավ փառահեղ մի ուղի, անաղարտ պահելով ադամորդու իր տեսակը: Ոգու այսչափ զորությունը, ուժն ու նվիրումը, անշուշտ, գալիս է հայրենի հողի հանդեպ նրա մեծ եւ անչափելի սիրուց ու նվիրումից: Արցախյան ազատամարտում ունեցած անգնահատելի վաստակի համար Ղարամյանը պարգեւատրվել է ԱՀ «Մարտական խաչ» 1 -ին եւ 2-րդ աստիճանի շքանշաններով, «Շուշիի ազատագրման համար», «Արիության համար» մեդալներով, «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով, իսկ 2006 թվականին Արցախի նախագահի կողմից Արշավիր Ղարամյանին՝ հայրենիքին մատուցած բացառիկ ծառայությունների համար, շնորհվել է Արցախի հերոսի կոչում: Արշավիր Ղարամյան՝ մարդ, ով կանգնած լինելով Արցախյան շարժման եւ բանակաշինության ակունքներում, մշտապես մնաց նույն խիզախ, առաքինի ու շիտակ մարդը, զինվորն ու հրամանատարը, այն գիտակցումով, որ Հայաստանն ու Արցախը միեւնույն հայրենիքի տարբեր հատվածներն են, եւ միայն ներդաշնակ գործունեությունը կապահովի հայ ժողովրդի անվտանգությունն ու հարատեւ կենսագործունեությունը, քանզի այն պայքար է՝ գոյության, արժանապատվության, ինքնության եւ արժեհամակարգ պահելու գերագույն նպատակ ունի: Անկարելի է ծնկի բերել մի ազգի, ով իր շարքերում ունի նման խիզախ եւ հայրենասեր հայորդիներ, ովքեր սեփական օրինակով սովորեցնում են, թե ինչպես պիտի սիրել ու պաշտպանել հող հայրենին: Մանրամասներն՝ [url=https://www.aravot.am/2019/12/27/1085504/?fbclid=IwAR34E1uopZmWH2F-gRfmnhpcU5PPRA7jkzVnMu5TxkmcQZnDsUIHCcRXS0U]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր