211652_close_icon
views-count4429 դիտում article-date 20:13 08-11-2023

Հավատանք ասված խոսքին, խոսքը դարձնենք գործ և ծառայենք մեր հայրենիքին, պահենք ու պահպանենք ունեցածը, թերին շտկենք, պակասն ավելացնենք, բնությունը պահպանենք․ Ռոմիկ Մխիթարյան

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Սիրելի հայրենակիցներ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի արժանապատիվ բնակիչներ, ողջունում եմ ձեզ և երախտագիտության խոսք հղում այն ընտրողներին, ովքեր վստահելով «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» կուսակցությանը, հնարավորություն ընձեռեցին, որ  Երևանի  քաղաքապետի ընտրություններում   մեր կուսակցությունն ունենա  26236 քվե, որի արդյունքում նախընտրական ցուցակից   8  հոգի դարձան ավագանու անդամներ: Այդ ցուցակի 5-րդ  տեղը զբաղեցնում էի ես: Երևանի նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանի հրամանով՝ նոյեմբերի 1-ից  նշանակվել եմ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար: Ցանկանում եմ  ձեզ տեղեկացնել, որ անկախ այն հանգամանքից, թե թվով քանի բնակիչ է իր վստահության քվեն տվել մեր կուսակցությանը, ես ստանձնելով շրջանի ղեկավարի պաշտոնը, վստահեցնում եմ, որ անմնացորդ ծառայելու եմ համայնքի ողջ ազգաբնակչությանը, անկախ  նրանց քաղաքական կողմնորոշումից:Իմ հնարավորության ու կարողության սահմաններում  հետամուտ եմ լինելու լուծել ձեզ մտահոգող և հրատապ լուծում պահանջող բազմաթիվ խնդիրներ, այդ թվում՝ մշակութային, կրթական, սոցիալ-տնտեսական, աշխատանքային, բնապահպանական, կոմունալ-կենցաղային: Լինելով արցախյան ազատամարտի կամավոր զինվոր, և հրամանատար,  մեծագույն  ցանկությամբ ու նպատակասլացությամբ շարունակելու եմ անշեղ պահել իմ մարտական ընկերոջ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի  նախկին թաղապետ, արժանահիշատակ Վահան Զատիկյանի անցած փառավոր  ճանապարհը՝ ծառայել hայրենիքին  անմնացորդ, վստահել  ժողովրդին անվերապահորեն և արժանապատվորեն ձեռք բերել մարդկանց սերն ու վստահությունը: Հավատանք ասված խոսքին, խոսքը դարձնենք գործ և ծառայենք մեր հայրենիքին, պահենք ու  պահպանենք  ունեցածը, թերին շտկենք, պակասն ավելացնենք, բնությունը պահպանենք,  բակն ու փողոցը, շենքն ու դպրոցը պահենք մաքուր ու կոկիկ և շենացնենք աշխարհասփյուռ հայության մայրաքաղաք Երևանն իր տասներկու համայնքներով:

  Շնորհակալություն Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ ինձ  վստահելու համար, շնորհակալ եմ ձեզ՝ ինձ հույսով տոգորելու ու հավատ ներշնչելու համար, և հետայսու անչափ շնորհակալ կլինեմ, եթե միմյանց հանդեպ փոխադարձ հարգանքով և փոխըմբռմամբ՝ շարունակենք մեկտեղել մեր հետագա աշխատանքային գործունեությունը:
 Ի գործ՝  հանուն մեր երկրի ներկայի և հանուն պայծառ գալիքի, հանուն հասարակության բարեկեցիկ կենսակերպի ու  արժանապատիվ կյանքի:
Բարին ընդ ձեզ : Թող կապույտ մնա ՀԱՅԱՍՏԱՆԻ երկնակամարը, այգաբացները լինեն արևաշող, իսկ մեր երկրի սահամններն՝  անվտանգ ու ապահով»։

Նմանատիպ նյութեր