71357 դիտում
16:25 05-01-2020
Հակասանիտարական իրավիճակ և խոլերայի վտանգ էջմիածնում․ բնակիչներն ասում էին՝ միայն Վեոլիա Ջուրը, որպես նոր տարվա նվեր, մեզ կեղտաջրեր կհրամցնի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն մի քանի օր է, Էջմիածին քաղաքի Չարենց թաղամասի մի քանի շենքերի բնակիչներ ապրում են հակասանիտարական համաճարակի ահը սրտներում։
Այսօր, հունվարի 5-ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին․ «10 օրից ավելի է, ողջ թաղամասում տիրում է գարշահոտություն։ Մի քանի շենքերի նկուղները ողողվել են կեղտաջրերով։ Դեկտեմբերից մեռանք Վեոլիա Ջուր ահազանգելով։ Տարածքի Վեոլիա Ջրի պատասխանատուն դեկտեմբերի 30-ին եկավ ու խոստացավ, որ հաջորդ օրը խնդիրը կկարգավորվի, ինչը Վեոլիա Ջրի կողմից Ամանորյա նվեր կլինի բնակիչներին։
Եթե սա է Ձեր Ամանորյա նվերը, հարամ լինի Ձեր Նոր տարվա սեղանի մաշած բուդը։ Հետաքրքիր է՝ էդ որ եկան, սարեր խոստացան, Նոր տարվա նվեր էին անելու, դեկտեմբերի 31-ից զանգահարում ենք, ասես՝ Վեոլիա Ջրի պատասխանատուների ականջներից տարվա խորհրդանիշ՝ մկան թակարդներ կախած լինեն, ոչ գվում են, ոչ բվում են։ Մեր հեռախոսազանգերը լրիվ անպատասխան են։ Եթե Վեոլիա Ջուրը նման ձև է աշխատելու Հայաստանում, ապա կառավարությունը պետք է հետևություններ անի ու դրանց, Սանիտեքի նման, մեր հայոց այբուբենի համապատասխան տառի տեղը ցուց տա, որ գոնե նոր մարդիկ նոր մոտեցումներ ցուցաբերեն և խնդիրները լուծվեն ի շահ բնակչի։
Ոչ մի բնակիչ պարտք չունի։ Մուծումները կանոնավոր կատարում են։ Իսկ ո՞ւր է Վեոլիա Ջրի պարտավորությունը։ Թե՞ մենակ գան, փողերը հավաքեն, բնակիչների ականջներին լապշա կախեն ու թողնեն հեռանան։
Ո՞վ է տեսել՝ ամսի 30-ից հետո դրանց թեժ գիծը չպատասխանի։ Միթե՞ հերթապահ չկա։ Թե՞ առաջին օրն եկան, էս հոտն առան, ու հիմա վախենում են գան։ Երևի՝ նոր տարվա կերած բուդը, բլինչիկը, պասուց տոլման ու այլ կերակուրներ էս հոտին չկարողնանան մարսեն։
Դիմում ենք պատկան մարմիններին, որ եթե խնդիրը չլուծեն, ապա ողջ թաղամասով, ահել-ջահել, մեր ու մանուկ էս կոյուղաջրերը տարաներով տանելու ենք Երևան, ու որպես Նոր տարվա նվեր հանձնենք Վեոլիա Ջրին ու կառավարությանը, որ հետևություններ անեն»։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մի քանի շենքերի նկուղներում գրեթե նույն վիճակն է։ Ամեն շենքն էլ 5 մուտք ունի։ Ու այդ ջրերի պատճառով շենքի հիմքերն են խարխլվում։ Իսկ բակերն ու հողամասերն ամբողջովին լցված են կեղտաջրերով, քանի որ դիտահորերը նույնպես չեն գործում։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+