2381 դիտում
12:38 09-01-2020
Դեսպան Նազարյանն իր հավատարմագրերն է հանձնել Մալթայի Ինքնիշխան Ուխտի Արքայազն ու Մեծ Վարպետին
Հունվարի 8-ին դեսպան Կարեն Նազարյանն իր հավատարմագրերը հանձնեց Մալթայի ինքնիշխան ուխտի արքայազն ու Մեծ վարպետ՝ Ֆրա Ջակոմո Դալա Տոռե Դել Տեմպիո Դի Սանգուինետոյին (Fra Giacomo Dalla Torre del Tempio di Sanguinetto)։
Հռոմում գտնվող Վարպետաց պալատում պաշտոնական արարողությանը հետևած հանդիպմանը Կարեն Նազարյանը Նորին Վսեմությանը և Ինքնիշխան խորհրդի անդամներին փոխանցեց Հայաստանի քաղաքական ղեկավարության ու հայ ժողովրդի ջերմ ողջույններն ու երախտագիտությունը Հայաստանում և աշխարհի տարբեր անկյուններում կարիքավորներին աջակցելու պատմական առաքելության իրագործման հարցում։
Դեսպան Նազարյանն իր պատրաստակամությունը հայտնեց ջանքեր ներդնել առավել զարգացնելու երկկողմ հարաբերություններն առողջապահության, պարենային անվտանգության, կամավորական գործունեության, աղետների ռիսկերի նվազեցման, սոցիալական ծրագրերի իրականացման ուղղություններով, որի համար լավ հիմք է հանդիսանում անցած տարի Հայաստանի Հանրապետության ու Մալթայի ինքնիշխան ուխտի կողմից վավերացված երկկողմ համագործակցության համաձայնագիրը։
Նորին Վսեմությունը բարձր գնահատեց հնամյա կապերի և առնչությունների հիման վրա ձևավորված փոխվստահելի հարաբերությունները՝ նշելով, որ քրիստոնեական նույնակունք արժեհամակարգն ամուր հիմք է հանդիսանում երկկողմ բարեկամական հարաբերությունների առավել զարգացման համար և իր հիացմունքը հայտնեց հայ ժողովրդի՝ զոհողությունների ու նվիրումի գնով հավատքը պաշտպանելու ու մշտապես իր առաջնթացը և բարօրությունը կերտելու կարողության առթիվ։
Հանդիպմանը, որին մասնակցում էին հնագույն հոգևոր Ուխտի կառավարության բարձրաստիճան անդամները, դեսպան Նազարյանը ներկայացրեց տարածաշրջանային վերջին զարգացումների առնչությամբ պաշտոնական Երևանի տեսակետները՝ մեծապես արժևորելով Մալթայի ինքնիշխան ուխտի մոտեցումները Մերձավոր Արևելքում փոքրամասնությունների հանդեպ ոտնձգությունները և հանցագործությունները կանխարգելելու, ինչպես նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում հստակ դիրքորոշում որդեգրելու հարցերում։
Տեղեկանք․ Մալթայի ինքնիշխան ուխտի (պաշտոնական անվանումը՝ Երուսաղեմի Սբ․ Հովհաննեսի, Հռոդոսի և Մալթայի ինքնիշխան մարտական բարեխնամ ուխտ) հետ պատմական հարաբերությունների առանձնահատկությունը պայմանավորված է քրիստոնեական խորը արմատներով, մաքառումներով հանուն քրիստոնեական ինքնության ու արժեքների և պատմական ողջ ուղով: Մերօրյա երկկողմ հարաբերությունները պայմանավորված են նաև Մալթայի ուխտի՝ որպես ապաքաղաքական և մարդասիրական աջակցություն ցուցաբերող միջազգային կառույցի առանձնահատկություններով: Երկկողմ դիվանագիտական կապերը հաստատվել են 1998թ․ մայիսին: 1988թ․ ավերիչ երկրաշարժից ի վեր Մալթայի ուխտը մարդասիրական ծրագրեր է իրականացնում Հայաստանում։ 2020թ․ հունվարի 23-ից ուժի մեջ կմտնի «Հայաստանի Հանրապետության և Երուսաղեմի Սբ. Հովհաննեսի, Հռոդոսի և Մալթայի ինքնիշխան մարտական բարեխնամ ուխտի միջև» համագործակցության համաձայնագիրը։
Նմանատիպ նյութեր
3632 դիտում
13:52 24-10-2016
Սերժ Սարգսյանը հանդիպել է Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգի հետ
Այս բաժնից
814 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
844 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»