6414 դիտում
12:36 13-01-2020
Հայտարարում եմ՝ հայերի բնաջնջման կամ բռնագաղթեցման նոր փորձերի հնարավորություն չենք տալու. Փաշինյան
Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ հայերի բնաջնջման կամ բռնագաղթեցման նոր փորձերի հնարավորություն չենք տալու: Այս մասին, Բաքվի հակահայկական ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ իր խոսքում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքում, մասնավորապես, ասվում է.
«Հարգելի հայրենակիցներ,
Այսօր մենք ոգեկոչում ենք Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում հայերի ջարդերի, էթնիկ զտումների ու զանգվածային տեղահանումների զոհերի անմար հիշատակը: 30 տարի առաջ միջազգային հանրությունն ականատես եղավ ու դատապարտեց Բաքվում հայ բնակչության ջարդերը:
Սումգայիթի ոճրագործությունից հետո թափ հավաքող բռնաճշնումների եւ էթնիկ զտումների քաղաքականության հետեւանքով, 1990 թվականին Բաքվի 250 հազարանոց հայկական համայնքից մնացել էր միայն 35-40 հազարը՝ հիմնականում տարեց եւ անօգնական մարդիկ: Նրանց հետագա ճակատագիրն ավելի ողբերգական էր: Հարյուրավոր սպանվածներ, խեղվածներ եւ անհետ կորածներ, տասնյակ հազարավոր փախստականներ. այսպիսինն էր շուրջ մեկ շաբաթ Բաքվում մոլեգնած հակահայկական ջարդերի հետեւանքը:
Բաքվի հայերը որեւէ սպառնալիք չէին հանդիսանում Ադրբեջանի, նրա իշխանությունների կամ քաղաքական ուժերի համար: Նրանք միայն ցանկանում էին շարունակել ապրել իրենց եւ իրենց նախնիների ծննդավայրում: Այնուհանդերձ Ադրբեջանի կողմից նրանք ընկալվում էին սպառնալիք միայն իրենց էթնիկ ծագման պատճառով:
Հայերը Բաքվում ապրել էին դարեր շարունակ եւ այդ քաղաքին տվել իրական բազմամշակութային դիմագիծ: 19-րդ դարում նրանք մեծագույն ավանդ են ունեցել քաղաքի նավթարդյունաբերության հիմնադրման եւ զարգացման գործում: Անգնահատելի է հայության դերը քաղաքի զարգացման գործում նաեւ խորհրդային տարիներին:
Դեպքերից 30 տարի անց Ադրբեջանում գոյություն չունի Բաքվի հակահայկական ջարդերի զոհերի հանդեպ որեւէ հարգանք եւ կարեկցանք: Այն սակավաթիվ ձայները, որոնք քաջություն են ունեցել անգամ գրական ստեղծագործություններում հիշատակել Բաքվի հայերին բաժին հասած ողբերգությունը, գամվել են անարգանքի սյունին եւ պաշտոնապես հռչակվել դավաճան:
Անգամ այսօր անօգնական մարդկանց հանդեպ հաշվեհարդար տեսած ջարդարարները դասվում են Ադրբեջանի հերոսների շարքին, իսկ նրանց գործած ոճիրները համարվում են Ադրբեջանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության դեմ պայքարի փառապանծ էջ:
Ցավով պետք է արձանագրենք, որ անցած երեք տասնամյակն Ադրբեջանում չի դարձել վերաիմաստավորման, զղջման եւ հաշտության հասնելու ժամանակաշրջան:
Այս ընթացքում ականատես ենք եղել Արցախի բնակչությանը բնաջնջելու փորձի, մարդասպանության համար պատիժ կրող Ռամիլ Սաֆարովին ազատ արձակման եւ հերոսացման, 2016թ. ապրիլին Արցախի սահմանամերձ բնակավայրում տարեց եւ անօգնական մարդկանց դաժան խոշտանգման եւ սպանության: Հայատյացությունը դարձել է Ադրբեջանի պետական քաղաքականությունը եւ հավատամքը:
Սիրելի հայրենակիցներ,
Այսօր, մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում բոլոր միջազգային կառույցներին եւ խորհրդարանական մարմիններին, որոնք արձագանքել եւ փաստագրել են այս իրադարձություններին՝ դրանք դատապարտելով ու աշխարհին ի ցույց դնելով:
Գլուխ խոնարհելով մեր անմեղ զոհերի հիշատակի առջեւ, ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ հայերի բնաջնջման կամ բռնագաղթեցման նոր փորձերի հնարավորություն չենք տալու: Հայաստանի Հանրապետությունը, Արցախի Հանրապետությունը եւ ողջ աշխարհասփյուռ հայությունը միասնաբար ներդնելու են իրենց ողջ ներուժը՝ ապահովելու հայ ժողովրդի գոյության եւ խաղաղ զարգացման իրավունքը իր պատմական հայրենիքում, այդ թվում՝ Արցախում:
Նմանատիպ նյութեր
4751 դիտում
23:20 27-08-2019
Հայերի բնաջնջման մասին առաջին որոշումը կայացվել է 1914թ․ դեկտեմբերի 1-ին. ցեղասպանագետ
4146 դիտում
09:53 16-04-2022
Ուկրաինան հայտարարում է Մարիուպոլի պաշարումը ճեղքելու իր բանակի փորձերի մասին
1636 դիտում
15:07 12-09-2019
Կամ պայքարում ենք կոռուպցիայի դեմ, կամ չենք պայքարում․ կիսապայքարն ընդունելի չէ. Նիկոլ Փաշինյան
Այս բաժնից
700 դիտում
13:52 15-01-2025
Վեհափառը հայրապետական այցով մեկնել է ԱՄՆ
1468 դիտում
13:39 15-01-2025
Սպասվում են թույլ և կարճատև տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա