211652_close_icon
views-count3004 դիտում article-date 15:27 20-01-2020

Մշակույթը ժողովուրդների և երկրների փոխըմբռնման, միմյանց մոտեցնելու յուրահատուկ լեզու է․ Նունե Սարգսյանը Քուվեյթի շեյխուհի Հուսա Սաբահ Ալ Սալեմ Ալ Սաբահի հրավերով այցելել է Քուվեյթի Պետություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը Քուվեյթի շեյխուհի, Քուվեյթի Իսլամական հնությունների թանգարանի գլխավոր տնօրեն, Ալ Սաբահ հավաքածուի համասեփականատեր Հուսա Սաբահ Ալ Սալեմ Ալ Սաբահի հրավերով այցելել է Քուվեյթի Պետություն։ Տիկին Նունե Սարգսյանի և շեյխուհի Հուսա Սաբահ Ալ Սալեմ Ալ Սաբահի նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել անցած տարվա սեպտեմբերին, Երևանում: Այդ հանդիպման ընթացքում, հաշվի առնելով բազմաթիվ ընդհանրությունները, նրանք որոշել էին ամրապնդել կապերն ու համագործակցությունը, որը վերածվել է ջերմ բարեկամության (դրա վկայությունն է նաև այն, որ քուվեյթական կողմը հոգացել է հայկական պատվիրակության՝ այցի հետ կապված բոլոր ծախսերը)։ Հայաստանում շեյխուհի Հուսա Սաբահ Ալ Սալեմ Ալ Սաբահը այցելել էր մի շարք մշակութային հաստատություններ, ինչպես նաև հյուրընկալվել «Երևան իմ սեր» հիմնադրամում, ծանոթացել հիմնադրամի գործունեությանն ու ծրագրերին: Շեյխուհի Հուսա Սաբահ Ալ Սալեմ Ալ Սաբահը, որը ճարտարապետական կոթողների պահպանության գործում զգալի փորձ ունի, հետաքրքրվել էր պատմական շենքերի վերականգնման գործում հիմնադրամի կատարած աշխատանքով ու ծրագրերով: Հայաստանի Հանրապետության նախագահի տիկնոջ քուվեյթյան այցի օրակարգը ևս հագեցած է եղել կրթամշակութային ծրագրով։ Հայաստանի Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանին հյուրընկալել է Քուվեյթի շեյխուհի Հուսա Սաբահ Ալ Սալեմ Ալ Սաբահը։ Ջերմ մթնոլորտում տեղի ունեցած զրույցի ընթացքում նրանք նշել են, որ իրենց երկրներին ու ժողովուրդներին հարուստ անցյալից բացի միավորում են նաև վստահելի ներկան և խոստումնալից ապագան։ Շեյխուհի Հուսա Սաբահ Ալ Սալեմ Ալ Սաբահն ասել է, որ ջերմությամբ է հիշում իր այցը Հայաստան, ինչպես նաև շատ տպավորված է այն ամենով, ինչին ծանոթացել է մշակութային հաստատություններ այցելության ընթացքում։ Շեյխ Նասեր Սաբահ ալ Ահմադ ալ Սաբահի կեցավայրում տեղի ունեցած հանդիպմանը տիկին Նունե Սարգսյանը շնորհակալությունն է հայտնել ջերմ ընդունելության համար։ Հայաստանի նախագահի տիկինն ասել է, որ մշակութային երկխոսությունը ժողովուրդների փոխըմբռնման լավագույն հարթակներից մեկն է, իսկ Հայաստանի և Քուվեյթի պարագայում այն շատ ամուր է և ընդգրկուն։ Զրուցակիցները քննարկել են Քուվեյթի Իսլամական հնությունների թանգարանի և Հայաստանի գիտամշակութային հաստատությունների համագործակցության հնարավորությունները, կարևորել փոխադարձ ցուցադրությունների կազմակերպումը, մասնավորապես հայկական մշակութային ժառանգության ներկայացումը Քուվեյթում և իսլամական մշակույթի ու արվեստի ներկայացումը Հայաստանում: Քուվեյթի Պետություն այցի շրջանակում Նունե Սարգսյանն այցելել է շեյխուհի Հուսայի Ամրիկանի կենտրոն, շրջել կենտրոնում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին ու դրանց պատմությանը։ Տիկին Սարգսյանը զրուցել է կենտրոնի աշխատակիցների և այնտեղ ներկա երեխաների հետ, վերջիններիս համար անգլերենով ընթերցել իր հեղինակած հեքիաթներից մեկը։ Շեյխուհի Հուսա Սաբահ Ալ Սալեմ Ալ Սաբահի ուղեկցությամբ Հայաստանի նախագահի տիկինն այցելել է «Յարմուկ» մշակութային կենտրոն, որտեղ դիտել է հանրահայտ Ալ Սաբահ հավաքածուի ցուցանմուշները։ Շեյխուհի Հուսա Սաբահ Ալ Սալեմ Ալ Սաբահը Ալ Սաբահ հավաքածուի համասեփականատերն է։ Տիկին Նունե Սարգսյանը և շեյխուհի Հուսա Սաբահ Ալ Սալեմ Ալ Սաբահը քննարկել են Ալ Սաբահ հավաքածուի նմուշները Երևանում ցուցադրելու հնարավորությունը։ Ալ Սաբահ հավաքածուն ներառում է արվեստի արժեքավոր նմուշներ, այդ թվում՝ եզակի ձեռագրեր, գորգեր, թանկարժեք զարդեր, կերամիկական և մետաղական, փայտից ու ապակուց պատրաստված աշխատանքներ: Քուվեյթի ազգային գրադարանում տիկին Նունե Սարգսյանը հանդիպում է ունեցել Մշակույթի, արվեստի ազգային խորհրդի տնօրեն Քամել Աբդուլ Ջալիլի հետ։ Նա եղել է նաև «Բեյթ Աբդալլահ» մանկական կենտրոն» հիվանդանոցում: Այցի շրջանակում Հայաստանի նախագահի տիկինը հանդիպել է Քուվեյթի տեղեկատվության և երիտասարդության հարցերով նախարար Մոհամմեդ ալ Ջաբրիի հետ: Քննարկվել են երկու բարեկամ երկրների միջև մշակութային կապերի սերտացմանը, գիտակրթական հաստատությունների միջև համագործակցության հաստատմանն առնչվող հարցեր։ Զրուցակիցները կարևորել են մշակութային տարբեր ձեռնարկների, փոխանակման ծրագրերի, մշակութային օրերի անցկացումը: Տիկին Սարգսյանն ասել է, որ մշակույթը ժողովուրդների և երկրների փոխըմբռնման, միմյանց մոտեցնելու յուրահատուկ լեզու է, որը հասկանալի և սրտամոտ է բոլորին: Նա հույս է հայտնել, որ իր այցելությունը ևս մի ազդակ կդառնա հայ-քուվեյթական կրթամշակութային հարաբերությունների սերտացման, համատեղ ծրագրերի իրականացման համար։ Տիկին Նունե Սարգսյանը նախարար Մոհամմեդ ալ Ջաբրիին հրավիրել է այցելել Հայաստան: Հայաստանի նախագահի տիկինը այցելել է նաև Քուվեյթի հայկական ազգային վարժարան, ծանոթացել ուսումնական պայմաններին, զրուցել ուսուցիչների ու աշակերտների հետ։ Կրթօջախը Պարսից ծոցի և արաբական երկրների միակ ամենօրյա հայկական վարժարանն է: Տնօրինության, սկաուտների, աշակերտության ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել կրթամշակութային, ազգային ինքնության պահպանության խնդիրներին։ Նշելով, որ վարժարանում իրոք թևածում է ազգային ոգին, տիկին Նունե Սարգսյանը բարձր է գնահատել վարժարանի նշանակությունը մեր լեզվի, հավատքի, հայապահպանության, հայեցի դաստիարակության գործում և շնորհակալություն հայտնել վարժարանի ուսուցչակազմին և աշակերտությանը՝ ազգային բարձր ինքնագիտակցության, ազգային արժեքներին հավատարմության համար։ Տիկին Սարգսյանը մաղթել է, որ մեր հայրենակիցները ամուր պահեն իրենց ազգային արմատները և կապը հայրենիքի հետ, հավատան իրենց ուժերին և վաղվա օրվան, շարունակեն նորանոր ձեռքբերումներ ունենալ: Տիկին Նունե Սարգսյանը Քուվեյթի հայ ազգային վարժարանին է նվիրել իր հեղինակած գրքերից։ Քուվեյթի Սուրբ Վարդանանց եկեղեցում տիկին Սարգսյանը մասնակցել է պատարագի, այնուհետև հանդիպել ազգային վարչության ներկայացուցիչների հետ։ Անդրադարձ է կատարվել ազգային, մարզական, մշակութային մարմինների գործունեությանն ու նրանց կարևոր ու անգնահատելի դերին հայապահպանության, Քուվեյթի հայ համայնքի համախմբման գործում։ Նշվել է, որ հայկական համայնքը ճանաչում և հարգանք է վայելում Քուվեյթում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+

Նմանատիպ նյութեր