211652_close_icon
views-count1252 դիտում article-date 16:59 22-01-2020

Կես տարում Սեւանի թերակղզի է այցելել 158 հազար 162 զբոսաշրջիկ

Նախորդ տարվա հունիս-նոյեմբեր ամիսներին Սեւանի թերակղզու ավտոկայանատեղիի տարածք են այցելել 158 հազար 162 զբոսաշրջիկ: Ինչպես «[url=https://armenpress.am/arm/news/1002218.html]Արմենպրես[/url]»-ին տեղեկացրեց Սեւանի զբոսաշրջային տեղեկատվական գրասենյակի պատասխանատու Դավիթ Թորոսյանը, որն արդեն 5-րդ տարին է, ինչ ամռան եւ աշնան ամիսներին Սեւանի թերակղզու տարածքում տեղակայված շարժական գրասենյակի միջոցով կազմակերպում է տեղեկատվական աշխատանքները, ամռան եւ աշնան ամիսներին տեղեկատվական շարժական գրասենյակի ծառայություններից օգտվել է 5082 զբոսաշրջիկ. այս ցուցանիշը նախորդ տարվա համեմատ ավելի է մոտ 2000-ով: Զբոսաշրջիկներից 4110-ը ստացել են զբոսաշրջային ինֆորմացիա, 912-ը` ընդհանուր: Ի դեպ, զբոսաշրջիկների առավել մեծ թիվ է գրանցվել օգոստոս ամսին` 1246, որոնցից 979-ին տրվել է զբոսաշրջային, իսկ 267-ին` ընդհանուր ինֆորմացիա: Նախորդ տարվա համեմատ, ըստ ծագման երկրների, գրանցվել են էական տեղաշարժեր: Այսպես` եթե 2018-ին զբոսաշրջիկների հնգյակը գլխավորել են Լեհաստանից ժամանածները ՝416, ապա 2019-ին առաջին հորիզոնականում են Ֆրանսիայից ժամանածները` 548: 2018-ին երկրորդից հինգերորդ հորիզոնական զբաղեցրած երկրների` Ֆրանսիա` 373, Գերմանիա` 298, Ռուսաստանի Դաշնություն` 190, Իրան` 188, փոխարեն 2019-ին արձանագրվել է հետեւյալը` Իտալիա` 459, Լեհաստան` 405, Բելգիա` 397, Իսպանիա` 316: Զբոսաշրջիկների հոսքը տեսանելի է եղել Գերմանիայից, Շվեյցարիայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Չեխիայից: Գրասենյակի պատասխանատուն ներկայացնում է նաեւ ծառայությունից օգտվածների սեռային պատկերը. կենտրոնի ծառայություններին է դիմել 2783 տղամարդ, 2299 կին: Ըստ տարիքային շեմերի էլ ամենաակտիվը եղել են 61 եւ բարձր տարիք ունեցողները` 1972 զբոսաշրջիկ կամ օգտվողների 38.8 տոկոսը, այս ցուցանիշը 2018-ի համեմատ աճել է 8 տոկոսով: «Ինչպես ցույց է տալիս հինգ տարվա վիճակագրությունը, Իրանից ժամանողների դեպքում արձանագրվել է կտրուկ անկում: Եթե 2015-ին արձանագրվել է 5803 իրանցու այց, 2016-ին` 7081, 2017-ին` 16156, ապա 2018-ին այդ թիվը եղել է 1823, 2019-ին` 3759: Մեր դիտարկմամբ՝ այն ունի երեք պատճառ` առաջին` Իրանում լրջորեն աշխատում են Վրաստանի եւ Ադրբեջանի տուրօպերատորները, որոնք համեմատաբար ավելի մատչելի գներ են առաջարկում, երկրորդ`խորությամբ շրջանառվում է Հայաստանի հակագովազդը, երրորդ` Իրանից որպես զբոսաշրջիկ դուրս գալու նպատակով պետությունը թույլատրում է փոխանակել առավելագույնը 500 դոլարին համարժեք դրամ, ինչն ուղղակիորեն անհնար է դարձնում դեպի Հայաստան շրջագայությունը»,-նշեց Դավիթ Թորոսյանը: Գրասենյակի ծառայություններից օգտվողների գերակշիռ մասը անգլիախոսներ են` 3072 մարդ, որոնց հետեւում են ֆրանկոֆոնները. նրանց թիվը 1598 է: Եռյակը եզրափակում են ռուսախոսները, որոնց թիվը 412 է: Այս եռյակը գերակշռել է նաեւ 2018 թվականին: Իհարկե, քիչ չեն այն զբոսաշրջիկները կամ այցելուները, ովքեր թեպետ չեն օգտվել գրասենյակի ծառայությունից, սակայն այցելել են թերակղզու տարածք, ինքնուրույն կազմակերպել ժամանցային ծրագիրը: Հունիս-նոյեմբեր ամիսներին այդ թիվը եղել է 158 հազար 162, որոնց գերակշիռ մասը եղել են Եվրոպայից ժամանածները` 26 հազար 256 զբոսաշրջիկ: Ամփոփելով զբոսաշրջային հիմնական ժամանակահատվածը` Դավիթ Թորոսյանը հավելում է, որ այս տարի հոսքը եղել է բավականին մեծ: «Եթե 2015թվականին Սեւանի թերակղզու ավտոկայանատեղիի տարածք է այցելել 21 հազար 527, 2016-ին` 32 հազար 878, 2017-ին` 83 հազար 044, 2018-ին` 131 հազար 229, ապա 2019-ին՝ 158 հազար 162 զբոսաշրջիկ: Տեղեկատվական գրասենյակի կողմից մատուցվել են հետեւյալ ծառայությունները` ինֆորմացիայի տրամադրում գլոբալ առումով, ինչպես նաեւ Սեւան քաղաքի եւ հարակից համայնքների վերաբերյալ, տուրօպերատորների ծառայություններից չօգտված անձանց համար տուրիստական ուղղություններն ընդգրկող քարտեզի կազմում, զբոսաշրջիկներին անվճար քարտեզների, բուկլետների, ուղեցույցների տրամադրում տարբեր լեզուներով, զբոսաշրջիկների ցանկությամբ հյուրանոցներում, քոթեջներում, ռեստորաններում ամրագրումներ, տաքսիների եւ ջրային տրանսպորտի միջոցների ամրագրում, ինչպես նաեւ զբոսավարի գործառույթ` անվճար հիմունքներով»,-հավաստեց Դավիթ Թորոսյանը:

Նմանատիպ նյութեր