211652_close_icon
views-count1873 դիտում article-date 09:13 30-01-2020

Հայաստանը կարևորագույն ձեռքբերումներ ունի ժողովրդավարության ոլորտում․ ԵԱՀԿ ԺՄԻԳ ղեկավար․ «Ամերիկայի ձայն»

2019-ին Հայաստանը կարևորագույն ձեռքբերումներ է արձանագրել ժողովրդավարության ոլորտում, [url=https://www.amerikayidzayn.com/a/5265670.html]«Ամերիկայի Ձայն»[/url]-ի հետ զրույցում նշել է ԵԱՀԿ ԺՄԻԳ տնօրեն, դեսպան Ինգեբորգ Սոլրուն Գիսլադոթիրը, ով չորեքշաբթի օրը հանդես եկավ Վաշինգտոնում, Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի լսումներին. «2019 ին Հայաստանում գրանցվել է նկատելի դրական առաջընթաց։ ԵԱՀԿ ԺՄԻԳ-ի դիտորտական առաքելությունը հայաստանյան ընտրությունները դրական է գնահատել։ Այսպիսով Հայաստանը լուրջ առաջընթաց է գրանցել։ Չենք կարող պահանջել, սակայն կցանկանայինք Հայաստանի իշխանություններին ներկայացնել բարեփոխումների որոշակի առաջարկներ երկու կարևոր ոլորտում՝ ընտրական օրենսգիրքի և դատաիրավական ոլորտի թափանցիկ և անկողմնակալ դարձնելու ուղղությամբ»։ ԺՄԻԳ ղեկավարը Կոնգրեսի լսումներին էր հրավիրվել ԵԱՀԿ տարածքում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի խնդիրները քննարկման նպատակով: Բացելով լսումները, կոնգրեսական Ջո Ուիլսոնն ընդգծեց՝ այսօր, հաշվի առնելով նոր մարտահրավերները, ԺՄԻԳ աշխատանքի կարևորությունն էլ ավելի է մեծանում. «Ցավալի է, սակայն որոշ երկրներում մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության արժեքների հաստատման ոլորտում բավարար քաղաքական կամք չի նկատվում: Ավելին, ԵԱՀԿ-ի որոշ անդամներ փորձում են խանգարել կազմակերպության մյուս անդամ երկրներին խորացնել ժողովրդավարությունը»: Ի պատասխան դեսպան Գիսլադոթիրն ընդգծեց՝ մարդու իրավունքները և ժողովրդավարությունը ԵԱՀԿ-ի կողմից դիտարկվում են ոչ միայն իրավունքների այլև՝ անվտանգության համատեքստում. «Առանց քաղաքական և սոցիալական բազմազանության, առանց անկախ դատական իշխանության, ազատ լրատվամիջոցների և հզոր քաղաքացիական հասարակության չի կարող լինել ժողովրդավարություն, իսկ ժողովրդավարությունը նաև անվտանգության կարևոր գրավականն է»: Խոսելով նոր մարտահրավերների մասին, ԺՄԻԳ ղեկավարն ընդգծեց տեխնոլոգիական առաջընթացի, մասնավորապես, սոցցանցերի խնդիրը. «Առցանց և սոցիալական լրատվական աղբյուրները հաճախ չարաշահվում են խտրականության տարածման և նույնիսկ բռնության արմատավորման նպատակով: Այստեղ պետք է հստակ հիշել՝ թվայնացումը չի փոխում իրավական սահմանները, և մարդու իրավունքները վավեր են առցանց նույնքան, որքան իրական աշխարհում և պետք է նույնքան հստակ պաշտպանվեն»:

Նմանատիպ նյութեր