211652_close_icon
views-count27985 դիտում article-date 09:54 31-01-2020

Շուկան կփլուզվի՞, թե՞ Հայաստանը կմիջամտի. Ղազախստանում բողոքի ցույցեր են․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Երբ այս տարվանից ԵԱՏՄ նոր դրույքաչափերը սկսել են գործել, երրորդ երկրներից ավտոմեքենաների ներմուծումը փաստացի կանգ է առել: Սակայն խնդիրն ամենևին սրանով չի սահմանափակվում։ Շատ ավտոներկրողներ նույնիսկ վարկեր են վերցրել և մեծ թվով ավտոմեքենաներ ներկրել, որպեսզի կարողանան «թանկացումից» հետո վաճառել և շահույթ ստանալ։ Լուրջ սպասումներ կային, թե ավտոմեքենաների գների մեծ աճ է գրանցվելու։ Սակայն անցած տարվա ընթացքում Հայաստան ներկրված ավտոմեքենաները վաճառելու հետ կապված խնդիրներ են ծագել, քանի որ Ղազախստանում ավտոներկրողների համար սահմանափակումներ են կիրառվել, որը նախատեսում է ԵԱՏՄ-ից ներմուծված ու Ղազախստանում հաշվառված ավտոմեքենաները իրենց երկրում համարել անօրինական։ Այս որոշման արդյունքում արդեն երկու շաբաթ է՝ Ղազախստանի տարբեր քաղաքներում բողոքի ցույցեր են տեղի ունենում։ Պետք է նկատի ունենալ, որ Ղազախստանի կողմից իր երկիր ներկրված ավտոմեքենաների շահագործման նկատմամբ կիրառվող սահմանափակումները չեն համապատասխանում ԵԱՏՄ օրենսդրությանը, քանի որ ԵԱՏՄ օրենսդրության համաձայն՝ միության անդամ երկրների քաղաքացիները կարող են գնել մեքենա անդամ երկրներից որևէ մեկից և առանց մաքսազերծման անարգել շահագործել դրանք իրենց երկրներում։ Այս ֆոնին հայ ավտոներկրողները մտահոգություններ ունեն, որ չեն կարողանալու վաճառել Հայաստան ներկրված մեծ քանակությամբ մեքենաները։ Եվ նույնիսկ որոշ տնտեսագետներ այն կարծիքին են, որ այսպիսի իրավիճակը կարող է հանգեցնել ավտոմեքենաների շուկայի փլուզման, իսկ ավտոմեքենաների գները կտրուկ կնվազեն։ Այս գործընթացի արդյունքում այն մարդիկ, ովքեր մեքենաներ են ներմուծել, տուժելու են։ Որպեսզի կարողանան մարել իրենց վարկային պարտավորությունները, նրանք փորձելու են արագ ազատվել իրենց մեքենաներից՝ նույնիսկ համաձայնելով վաճառել ցածր գնով։ Իսկ այսպիսի իրավիճակը, բնականաբար, չի բխում Հայաստանի շահերից։ Ուստի անհրաժեշտ է ՀՀ կառավարության միջամտությունը այս հարցում, որպեսզի ավտոներկրողները կարողանան իրացնել իրենց ավտոմեքենաները երկրից դուրս, և Հայաստանը չդառնա մեքենաների գերեզմանոց։ Ըստ էության, այս հարցը պետք է բարձրացվի ԵԱՏՄ փոխգործակցության շրջանակներում, քանի որ կարող է կարգավորվել բացառապես ԵԱՏՄ օրենսդրությամբ, որով միության ներսում քաղաքացիները առանց մաքսազերծման կարող են մեքենաներ գնել։ Եվ այս համատեքստում պատահական չէ, որ ղազախական ընդդիմադիր լրատվամիջոցները տեղեկություններ են տարածում, որ Ղազախստանի իշխանությունը զբաղված է խոշոր ներկրողների շահերի պաշտպանությամբ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր