211652_close_icon
views-count6150 դիտում article-date 23:26 01-02-2020

Եթե աշխարհը թոքաբորբի դեմ միջոցներ չձեռնարկի, մեկ տասնամյակի ընթացքում 9 միլիոն երեխա կարող է մահանալ

Բարսելոնայում եզրափակվեց մանկական թոքաբորբի առաջին համաշխարհային ֆորումը, որին ընդառաջ իրականացված նոր վերլուծությունը փաստում է, որ թոքաբորբի դեմ ավելի լավ պայքարը կարող է կանխել թոքաբորբից գրեթե 9 միլիոն մանկական մահ։ Ջոնս Հոփքինսի համալսարանի մոդելի համաձայն, թոքաբորբի բուժմանն ուղղված, ինչպես նաև դրա կանխարգելման ծառայությունների մասշտաբի մեծացումը կարող են փրկել հինգ տարին չլրացած 3,2 միլիոն երեխայի կյանք։ Սա, իր հերթին, կարող է ստեղծել նաև «ալիքային ազդեցություն», ինչի արդյունքում կկանխվեն ևս 5,7 մլն մահվան դեպքեր մանկական այլ հիվանդություններից։ Թոքաբորբի հարուցիչներից են մանրէները, վարակները կամ սնկերը, ինչի հետևանքով դժվարանում է երեխաների շնչառությունը, քանի որ նրանց թոքերը լցվում են թարախով և հեղուկով։ Անցյալ տարի մանկական մահացությունների հիմնական պատճառը եղել է հենց միայն թոքաբորբը: Այն խլել է 800,000 երեխայի կյանք․ պատկերացնում եք՝ մեկ երեխա յուրաքանչյուր 39 վայրկյանը մեկ։ Թեև թոքաբորբը կարելի է կանխարգելել պատվաստումների միջոցով և հեշտությամբ բուժել մեկ դոլար արժեցող հակաբիոտիկներով, եթե այն ճիշտ ախտորոշվի, տասնյակ միլիոնավոր երեխաներ դեռ պատվաստված չեն, իսկ հիվանդության ախտանիշներ ունեցող յուրաքանչյուր երեքից մեկը չի ստանում անհրաժեշտ բժշկական օգնություն։ Թոքաբորբից մանկական մահերի դեպքերը կենտրոնացած են աշխարհի ամենաաղքատ երկրներում, և դրանից տուժում են հենց ամենախոցելի երեխաները։ Ըստ կանխատեսումների, եթե ներկայիս միտումները շարունակվեն, 2020-2030 թվականների ընթացում հինգ տարին չլրացած 6,3 միլիոն երեխա կարող է թոքաբորբից մահանալ։ Գալիք տասնամյակում ամենաշատ մահերը կգրանցվեն հավանաբար Նիգերիայում՝ 1,4 միլիոն, այնուհետև՝ Հնդկաստանում՝ 880,000, ապա Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում՝ 350,000 և Եթովպիայում 280,000։ Երեխաների՝ թոքաբորբից մահանալու հավանականությունը նվազեցնում են այն բժշկական միջամտություններն, որոնք ուղղված են երեխաների սնուցման բարելավմանը, հակաբիոտիկների ապահովմանը և պատվաստումների ծածկույթի մեծացմանը, ինչպես նաև՝ կրծքով կերակրման մակարդակի բարձրացմանը: Այս միջամտությունների շնորհիվ կարելի է նաև կանխարգելել միլիոնավոր մանկական մահեր այնպիսի հիվանդություններից, ինչպիսիք են փորլուծությունը՝ 2,1 միլոն, սեպսիսը՝ 1,3 միլիոն և կարմրուկը՝ 280,000։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը նշել է․«Եթե մենք լուրջ ենք վերաբերվում երեխաների կյանքերը փրկելու գործին, մենք պետք է լուրջ վերաբերվենք թոքաբորբի դեմ պայքարին։ Ինչպես ցույց է տալիս ներկայիս կորոնավիրուսի բռնկումը, սա նշանակում է ժամանակին հայտնաբերում և կանխարգելում։ Սա նաև նշանակում է թոքաբորբից մահերի հիմնական պատճառների՝ թերսնուցման, պատվաստանյութերի և հակաբիոտիկների անհասանելիության և ամենաբարդ մարտահրավերի՝ օդի աղտոտվածության հարցի լուծում»։ Առողջության չափագրման և գնահատման ինստիտուտի (IHME-DBD) ուսումնասիրության համաձայն, հինգ տարին չլրացած երեխաների մահվան 17,5 տոկոսը կամ յուրաքանչյուր 5 երեխայից գրեթե մեկը մահանում է արտաքին օդի աղտոտվածության պատճառով։ Եվս 195,000 երեխա կամ երեխաների 29,4 տոկոսը մահանում է կենցաղային աղտոտվածության պատճառով, որն առաջանում է սննդի պատրաստման համար օգտագործվող վառելիքից։ Երեխաների հարցերով զբաղվող ինը առաջատար կազմակերպություն՝ ISGlobal-ը, Սեյվ դը Չիլդրենը, ՅՈՒՆԻՍԵՖ-ը, «Every Breath Counts»-ը, «la Coixa» հիմնադրամը, Բիլ և Մելինդա Գեյթս հիմնադրամը, ԱՄՆ ՄԶԳ-ն, Unitaid-ն ու Գավին, հունվարի 29-ից 31-ը Բարսելոնայում հյուրընկալեցին աշխարհի առաջնորդներին՝ առաջին Մանկական թոքաբորբի համաշխարհային ֆորումին։ Ֆորումի ընթացքում ռիսկային երկրների կառավարություններին կոչ արվեց քաղաքական պարտավորություն ստանձնել և թոքաբորբից մահացությունների թիվը նվազեցնելու համար ազգային ռազմավարություն մշակել։ Ֆորումի ընթացում նաև ներկայացվեց Հնդկաստանի «Serum Institute»-ի կողմից մշակված պնևմոկոկալ պատվաստանյութի ավելի մատչելի տարբերակը:

Նմանատիպ նյութեր