2940 դիտում
21:03 03-02-2020
Վերջին հայտարարությունները չեն նպաստում լարվածության լիցքաթափմանը. Բուքիքիոն՝ Հայաստանի ՍԴ շուրջ իրավիճակի մասին
Հայաստանում բոլոր կողմերը պետք է զսպվածություն, փոխադարձ հարգանք եւ կառուցողական ինստիտուցիոնալ համագործակցություն դրսեւորեն։ Այս մասին ասվում է Վենետիկի հանձնաժողովի ղեկավար Ջանի Բուքիքիոյի երկուշաբթի օրը հրապարակված հայտարարության մեջ։
Բուքիքիոն մտահոգություն է հայտնել Հայաստանի Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող բաց առճակատման առնչությամբ։
«Ես կիսում եմ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի համազեկուցողների մտահոգությունը այդ հարցում»,- նշել է նա։
Վենետիկի հանձնաժողովի ղեկավարը հիշատակել է 2019թ․ հոկտեմբերին Վենետիկի հանձնաժողովի եզրակացության մեջ տեղ գտած առաջարկներն այն մասին, որ Սահմանադրական դատարանում վաղաժամ թոշակի անցնելու ցանկացած սխեմա պետք է խիստ կամավոր հիմունքներով լինի, բացառի ցանկացած քաղաքական կամ անձնական ճնշում դատավորների վրա, եւ պետք է մշակվի այնպես, որ չազդի ընթացքի մեջ գտնվող գործերի արդյունքի վրա։
«Վերջին հայտարարությունները եւ ակտերը չեն համապատասխանում այդ չափանիշներին եւ չեն նպաստում լարվածության լիցքաթափմանը»,- նշել է նա։
Նրա խոսքով՝ ժողովրդավարության մշակույթը եւ հասունությունը պահանջում են ինստիտուցիոնալ զսպվածություն, բարեխղճություն եւ փոխադարձ հարգանք պետական ինստիտուտների միջեւ։
Բուքիքիոն կրկին Հայաստանում բոլոր կողմերին կոչ է արել դրսեւորել զսպվածություն եւ թուլացնել լարվածությունը՝ «Հայաստանի Սահմանադրության նորմալ գործունեության ապահովման նպատակով»։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
568 դիտում
13:00 23-12-2024
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է «Ավան» մասնաճյուղը