211652_close_icon
views-count3428 դիտում article-date 10:49 04-02-2020

Այնպես չանենք, որ հաջորդը ստիպված լինի այսօր թույլ տրված խախտումների վրա նոր վիրակապ դնել․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Մոտ ժամանակներս սպասվում է «Հրայր Թովմասյանից ազատվելու» իշխանական օպերացիայի հերթական արարը: Այս անգամ Ազգային ժողովը փոխելու է Սահմանադրության անցումային դրույթները, որոնք, այո, երկիմաստ են շարադրված և որոշակի մեկնության դեպքում հնարավորություն են տալիս Թովմասյանին՝ ՍԴ նախագահ մնալու ևս երկար ժամանակ: Եթե հնարավոր էր այդ պաշտոնյայից ազատվել ԱԺ որոշմամբ, ապա չարժեր մի քանի ամիս տանջվել այդ խնդրի լուծման վրա՝ դատավոր-անդամ բառախաղով, ՍԴ դատավորներին վաղաժամկետ բարձր թոշակ առաջարկելով, քավոր-սանիկներով, նվիրած գրիչով և անգամ Թովմասյանի հոր տան տանիքը բարձրանալով: Անհրաժեշտ էր դիմել պարզ, մեկքայլանի կոմբինացիայի՝ ԱԺ պատգամավորների 3/5-ով (որն իշխանությունն ունի) փոխել ՍԴ-ին վերաբերող Հիմնական օրենքի անցումային դրույթները: Բայց քանի որ խորհրդարանը դա չէր անում այս երկարուձիգ ամիսների ընթացքում, կարելի է ենթադրել, որ իշխանության մեջ կամ դրա կողքին կան մարդիկ, որոնք խորհուրդ էին տալիս այդ քայլին չդիմել: Մակերեսի վրա գտնվող պատճառն այն է, որ այդ օրենքը պետք է ուղարկվի Սահմանադրական դատարան՝ եզրակացություն ստանալու՝ արդյո՞ք այն համապատասխանում է Սահմանադրությանը: Բայց քանի որ օրենքն ուղղված է հենց ՍԴ-ի դեմ, այն, ամենայն հավանականությամբ, չի ուղարկվելու: Չէ՞ որ պարզ է, որ ՍԴ-ն, որքան էլ օրենքը հրաշալի լինի, միևնույն է, այն կհամարի հակասահմանադրական՝ ո՞վ կհամաձայնի կտրել ճյուղը, որի վրա նստած է: Այս պահիս իշխանության այս քայլը ոչ մի խնդիր չի առաջացնի. հասարակական կարծիքի տեսանկյունից «հակաժողովրդական», «անօրինական» և «թալանչի» ՍԴ-ին ամեն ինչ հասնում է, թող շնորհակալ լինեն, որ չեն գնդակահարել: Իսկ իշխանամետ իրավաբանները հաստատ մի սողանցք կգտնեն, թե ինչու այդ օրենքը պետք չէ ուղարկել ՍԴ: Բայց, քանի որ ես իմ գործով վաղուց եմ զբաղվում, ինձ թույլ տամ խնդրին նայել մի փոքր ավելի լայն հեռանկարով: Բոլոր հարցերում, և հատկապես օրենքները փոխելիս, իշխանությունը պետք է մտածի ոչ միայն իր այսօրվա մտասևեռումների մասին, այլև այն մասին, թե ինչ տեղի կունենա այն ժամանակ, երբ իրենք այլևս «գահին» չեն լինի: (Որովհետև փորձս ցույց է տալիս՝ որքան էլ ներկայիս status quo-ն հավերժ թվա, բացառված է, որ դա այդպես լինի): 1995-ին Սահմանադրությունն ընդունվել է, իսկ 2005-ին և 2015-ին փոխվել է կեղծիքներով: Ընդ որում՝ վերջին անգամ Հիմնական օրենքը փոխվեց՝ այն ժամանակվա նախագահի իշխանությունը երկարաձգելու հստակ նպատակով: Թվում է, թե ի՞նչ է պատահել՝ մի խումբ մարդիկ ինչ-որ բան խախտել են, հետագայում ուրիշները փորձում են «ուղղել»: Բայց իրականում դա «սպի» է պետության մարմնի վրա, որը շատ երկար ժամանակ չի ամոքվում: Այնպես չանենք, որ հաջորդ իշխանությունը ստիպված լինի այսօր թույլ տրված խախտումների վրա նոր վիրակապեր դնել: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր