211652_close_icon
views-count2017 դիտում article-date 19:21 04-02-2020

Դատարանն ընդմիջեց Քոչարյանի պաշտպանների ներկայացրած միջնորդության քննարկումը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դատարանին միջնորդեցին կարճել սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման մասին գործը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` միջնորդության քննարկումն ընդմիջվեց աշխատանքային օրվա ավարտի պատճառով։ Դատավարության մյուս մասնակիցները ելույթ կունենան հաջորդ նիստին, որը տեղի կունենա փետրվարի 11-ին, ժամը 13:00-ին։ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը, հղում անելով ՀՀ Սահմանադրությանն, ընդգծեց, որ 2008 թ. մարտին Ռոբերտ Քոչարյանը գործել է բացառապես նախագահի լիազորությունների շրջանակում։ Արամ Օրբելյանի խոսքով, խախտվել է և շարունակում է խախտվել Ռ. Քոչարյանի անձեռնմխելիության իրավունքը և անմեղության կանխավարկածը։ Ավարտելով ելույթը՝ Ա. Օրբելյանը խնդրեց դատարանին դադարեցնել քրեական հետապնդումը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ և կարճել սույն գործը: ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Գրիգորյանը նույնպես միջնորդություն ներկայացրեց` իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ: Ավելի վաղ, Քոչարյանի և Գևորգյանի պաշտպանների նկատմամբ կիրառվեց դատական սանկցիա, քանի որ առկա չէին հունվարի 21-ի դատական նիստին չներկայանալու հիմքեր: Նախորդ դատական նիստը հետաձգվել էր Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպանների բացակայության պատճառով: Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը պատրաստվում է ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել դատավոր Աննա Դանիբեկյանին: Գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը:

Նմանատիպ նյութեր