211652_close_icon
views-count1647 դիտում article-date 12:06 18-04-2019

Վերաքննիչ դատարանը պատճառաբանված անդրադարձ չի կատարել պաշտպանների ներկայացրած բողոքներին, որոշումը կբողոքարկվի. Ռ. Քոչարյանի պաշտպանական խումբ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ Վերաքննիչ քրեական դատարանի՝ ապրիլի 11-ի որոշումը նախօրեին տրամադրվել է պաշտպանական խմբին: Այս մասին հայտնում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը: Վերաքննիչ դատարանը չի փոփոխել առաջին ատյանի դատական ակտը, հաստատված է համարել կաշառքի դրվագով հիմնավոր կասկածի, ինչպես նաև խուսափելու հիմքի բացակայությունը: Ինչ վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 301.1-րդ հոդվածով Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքին, որով առաջին ատյանի դատարանը մարտի 15-ին բավարարել էր Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ, ապա այս մասով պաշտպանական խումբը համամիտ չէ դատարանի որոշման հետ և կարծում է, որ դատարանը չի կայացրել իր լիազորություններից բխող որոշում, ինչպես նաև պատճառաբանված անդրադարձ չի կատարել պաշտպանների ներկայացրած բողոքներին: Առաջիկա օրերին պաշտպանական խումբը Վճռաբեկ բողոք կներկայացնի: Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը բողոքարկել էր մարտի 15-ի առաջին ատյանի դատարանի որոշումը, որով բավարարվել էր ՀՔԾ-ի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման ժամանակը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ: Միաժամանակ դատարանը մերժել էր պաշտպանական խմբի կողմից գրավը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը: Հիշյալ որոշմամբ առաջին ատյանի դատարանն արձանագրել էր նաև, որ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված կաշառքի դրվագով հիմնավոր կասկածը բացակայում է:

Նմանատիպ նյութեր