4930 դիտում
23:32 06-02-2020
Մեր երկրում հայտնվել է մի սուբյեկտ, որը վեր է ժողովրդից և այդ սուբյեկտը Սահմանադրական դատարանն է. սա ժողովրդին պատկանող իշխանության յուրացման աղաղակող օրինակ է. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ելույթ է ունեցել Ազգային ժողովում, որի արտահերթ նիստի ժամանակ քննարկվում էր Սահմանադրությունը փոխելու նախագիծը։ Վարչապետի ելույթը ներկայացնում ենք ամբողջությամբ։
«ՀՀ գործող Սահմանադրությամբ նախատեսված է Սահմանադրական դատարանի մի մոդել, որը միջազգային փորձագետների կողմից լայնորեն գնահատվել է որպես հավասարակշռված: Այս մոդելի էությունը հետևյալն է՝ ՍԴ-ի երեքական դատավորների թեկնածուներ առաջադրում են ՀՀ նախագահը, Կառավարությունը, դատավորների ընդհանուր ժողովը, ընտրությունը կատարում է ԱԺ-ն և ՍԴ-ն դառնում է իշխանության երեք թևերի միջև բալանսավորման վերին ատյան:
Նոր Սահմանադրության նոր կարգավորումներն ունեն երկու կարևոր նրբություն՝ ի տարբերություն նախկինի՝ գործող Սահմանադրությամբ հանրապետության նախագահը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ պաշտոնավարության անդամ, կուսակցության անդամ չեն կարող լինել նաև դատավորները և եթե հաշվի առնենք ԱԺ նախագահն էլ զրկվել է ՍԴ-ի դատավորի թեկնածու առաջադրելու լիազորությունից, կարող ենք արձանագրել, որ ՍԴ-ի կուսակցականացման կամ քաղաքականացման ռիսկերը գործող Սահմանադրությամբ հնարավորինս մեղվել են:
Մեղմված են նաև ՍԴ նախագահի կողմից դատարանում մենիշխանություն հաստատելու ռիսկերը, որովհետև գործող Սահմանադրությամբ ՍԴ նախագահ ընտրվում է ոչ թե ցմահ, այլ վեց տարի ժամկետով: Ընդ որում, ՍԴ դատավորը դատարանի նախագահ կարող է ընտրվել միայն մեկ անգամ: Բացի այդ, ՍԴ նախագահ ընտրվում է ՍԴ դատավորների և ոչ թե ազգային ժողովի կողմից, բացի դա վերացված է նաև այն աննորմալ պրակտիկան, երբ նույն մարդը 35 տարի կարող է լինել ՍԴ անդամ: Սա իսկապես աննորմալ պրակտիկա է, որովհետև երբ որևէ նախագահ կամ վարչապետ 30-35 տարի մնում է պաշտոնում, մենք դա համարում ենք մենիշխանություն, բռնապետություն, բայց բնական ենք համարում, երբ մեկ մարդը 35 տարի լինի ՍԴ անդամ կամ նախագահ:
Նոր Սահմանադրությամբ ՍԴ դատավորների ժամկետ է սահմանված 12 տարին, և նույն մարդը ՍԴ-ի դատավոր կարող է ընտրվել միայն մեկ անգամ: Ահա այսպիսի ՍԴ է նկարագրված հենց այս պահին գործող Սահմանադրության մեջ: Եվ այս մոդելը նաև միջազգային փորձագետների քաջալերմամբ և աջակցությամբ ներդրվել է Երրորդ Հանրապետության մեջ արձանագրված սահմանական խնդիրների հաշվառման և վերլուծության արդյունքում, որովհետև դե ֆակտո և դե յուրե ՍԴ-ն Երրորդ Հանրապետությունում դարձել է տանիք ընտրությունների կեղծման, ապօրինի իշխանության գոյության, իշխանության բռնազավթման համար:
1996, 1998, 2003, 2008, 2013 թթ-ի նախագահական ընտրություններում ՍԴ-ն դարձել է այն գործիքը, որով ժողովրդին թույլ չի տվել իրականացնել երկրում իշխանություն ձևավորելու իր իրավունքը: ՍԴ-ն ամեն անգամ պլշած աչքերով իրեն նայող ՀՀ քաղաքացուն բացատրել է, որ քաղաքացին չի կարող երկրում իշխանություն ձևավորել, որովհետև դա հակասում է իրավակիրառ պրակտիկայի նախադեպային տրամաբանության հատուկ մասի սանկցիոն կանխավարկածի կոնվենցիոնալ զսպման անհրաժեշտությանը:
Հետո ՍԴ նախագահն ու դատավորները գրքեր են գրել դրա մասին, պաշտպանել դոկտորական թեզեր, բայց այդպես էլ չեն կարողացել պատասխանել մի պարզ հարցի՝ բա քվեաթերթիկների լցոնումները, բա ընտրությունների եկող մեռած հոգիները, բա ընտրակաշառքները, բա վստահված անձանց ու դիտորդների ծեծը, բա աշխատանքից ազատելու սպառնալիքները, բա հեռուստաեթերի տոտալ վերահսկումը: Հենց այս դաժան և անպատասխան հարցերի ծանր բեռն անցյալում թողնելու, երկրի սահմանադրական իրավունքի և սահմանադրական դատարանի պատմության նոր էջ բացելու համար, նոր Սահմանադրությամբ ընտրվել էր այն հավասարակշռված և տրամաբանական մոդելը, որի մասին խոսեցի ելույթի սկզբում:
Եկե՛ք այդ մոդելը պայմանականորեն անվանենք երազանքի ՍԴ, բայց հիմա հարց պիտի տամ, որը աբսուրդ պիտի թվար մինչ այժմ ամբիոնից իմ ասածի ֆոնին, որովհետև այս ամենը նախատեսված է այս պահին գործող Սահմանադրությամբ. իսկ արդյո՞ք մենք ունենք այդ երազանքի հավասարակշռված ՍԴ, որը նախատեսված է հենց այս պահին գործող Սահմանադրությամբ, պատասխանն է՝ ոչ չունենք: Ե՞րբ կունենանք երազանքի ՍԴ, որը չի լինի քաղաքական մի խմբավորման կրնկի տակ, կունենա՞նք, թե՞ չենք ունենա այդպիսի ՍԴ: Այո՛, կունենանք, բայց եթե որևէ բան չփոխենք կունենանք 2035 թվականին։ Կրկնում եմ՝ եթե ոչինչ չփոխվի, այդպիսի ՍԴ կունենանք ամենաշուտը 2035-ին: Ինչո՞ւ, որովհետև գործող Սահմանադրության անցումային դրույթները գրելիս նախկին ՀՀԿ-ական իշխանության ներկայացուցիչներն այնպիսի ձևակերպումներ են տվել, որ մեզ հայտնի հին ՍԴ-ն շարունակի գործել հնարավորինս երկար: Նախկին ՀՀԿ-ական իշխանության ներկայացուցիչները ասել են հետևյալը՝ ճիշտ է, մենք գտել ենք երազանքի ՍԴ մոդելը, որտեղ ՍԴ դատավորի պաշտոնավարման ժամկետը 12 տարի է, բայց հին ՍԴ անդամների լիազորությունները չեն կրճատվում, նրանք թող ՍԴ անդամ լինեն այնքան, ինչքան նախատեսված է 1995 կամ 2005 թվականի սահմանադրություններով:
Եվ հիմա դրա արդյունքում ունենք՝ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից նշանակված ՍԴ երկու գործող անդամ, որոնց պաշտոնավարման ժամկետը լրանում է 2026 և 2029 թվականին, Սերժ Սարգսյանի կողմից նշանակված ՍԴ երկու անդամ, որոնց պաշտոնավարման ժամկետը լրանում է 2021 և 2037 թվականերին, Հովիկ Աբրահամյանի կողմից առաջադրված և ԱԺ կողմից ընտրված ՍԴ մեկ անդամ, ում ժամկետը լրանում է 2027 թվականին, Գալուստ Սահակյանի կողմից առաջադրված և ԱԺ կողմից ընտրված մեկ անդամ, ում պաշտոնավարման ժամկետը լրանում է 2031 թվականին, Արա Բաբլոյանի կողմից առաջադրված և ԱԺ կողմից ընտրված մեկ անդամ, ում պաշտոնավարման ժամկետը լրանում է 2035 թվականին:
Գործող Սահմանադրությամբ ՍԴ դատավորի պաշտոնավարման ժամկետը 12 տարի է, իսկ հին Սահմանադրական դատարանի անդամների ճնշող մեծամասնությունը պաշտոնավարելու է շատ ավելի երկար՝ ունենալով պաշտոնավարման երեք անգամ ավելի երկար պատմություն, քան նախատեսված է գործող Սահմանադրությամբ:
Առանձին դեպք է ՍԴ նախագահի պարագան: Չնայած գործող Սահմանադրությամբ նախատեսված է, որ ՍԴ նախագահը պաշտոնավարում է 6 տարի, ՍԴ գործող նախագահը պաշտոնավարելու է 17 տարի՝ մինչև 2035 թվականը:
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեպքն իսկապես առանձին պատմություն է, որ առանձին քննության կարիք ունի: Ընդհանրապես, նա, լինելով գործող Սահմանադրության հեղինակներից մեկը, կամ ավելի ճիշտ Սերժ Սարգսյանի վստահելի մարդը Սահմանադրության տեքստը գրողների խմբում, և պրոցեսի դե ֆակտո ղեկավարը, ամեն ինչ արել է Սահմանադրության տեքստը իր սեփական պլաններին հարմարեցնելու համար: Ըստ էության գործարք է տեղի ունեցել Սերժ Սարգսյանի և Հրայր Թովմասյանի միջև հետևյալ տրամաբանությամբ՝ եթե Թովմասյանը ստեղծում է Սահմանադրության տեքստ, որը Սերժ Սարգսյանին ցմահ պաշտոնավարելու հնարավորություն է տալիս, ուրեմն պետք է այդ տեքստը նաև իրեն ցմահ պաշտոնավարելու հնարավորություն տա, որպես ՍԴ նախագահ, ի հեճուկս հենց գործող Սահմանադրության:
Ի դեպ, հին ՍԴ-ի անդամների պաշտոնավարման ժամկետը Հրայր Թովմասյանը չի կրճատել, այսինքն` նրանց նոր Սահմանադրությամբ նախատեսված ժամկետից ավել պաշտոնավարելու հնարավորություն է տվել ոչ թե ՍԴ անդամների, այլ իր սեփական շահերի համար: Որովհետև նրան պետք է եղել հին կարգով ընտրվել ՍԴ անդամ, նրան պետք է եղել ՍԴ հին անդամների պաշտոնավարումը մինչև 65, ոմանց դեպքում 70 տարեկանը լրանալը պահպանել, որովհետև ինքն ի սկզբանե նախատեսած է եղել, որ ՍԴ անդամ պետք է ընտրվի իրեն նույնպես այդ հնարավորությունը տվող հին կարգով: Նա հին կարգով ՍԴ անդամ է ընտրվել 2018-ի մարտի 2-ին, չնայած գիտեր, որ ընդամենը 37 օր հետո ՍԴ անդամ ընտրելու կարգը ամբողջությամբ փոխվելու է: Նրան ՍԴ անդամի թեկնածու է առաջադրել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, չնայած գիտեր, որ ընդամենը 37 օր հետո ԱԺ նախագահը զրկվելու է ՍԴ անդամի թեկնածու առաջադրելու լիազորությունից: Նա ՍԴ անդամ է ընտրվել 17 տարով, չնայած գիտեր, որ ընդամենը 37 օրից ՍԴ դատավորների պաշտոնավարման ժամկետ է սահմանվելու 12 տարի:
Ահա այս նպատակին հասնելու համար է Հրայր Թովմասյանը հոգ տարել, որ ի հեճուկս ՍԴ մասին բոլորովին նոր նկարագրության առկայությանը, գործող Սահմանադրության մեջ ՍԴ հին անդամները շարունակեն պաշտոնավարել, որովհետև եթե նրանց պաշտոնավարման ժամկետը կրճատվեր, Հրայր Թովմասյանը չէր կարող 17 տարով ընտրվել ՍԴ անդամ: Նույնը վերաբերում է ՍԴ նախագահի պարագային: Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ է ընտրվել 2018-ի մարտի 21-ին, ԱԺ-ի կողմից, չնայած գիտեր, որ ընդամենը 19 օր հետո ԱԺ-ն զրկվելու է ՍԴ նախագահ ընտրելու լիազորությունից: Հրայր Թովմասյանին ՍԴ նախագահի թեկնածու է առաջադրել ԱԺ նախագահը, չնայած գիտեր, որ ընդամենը 19 օր հետո ԱԺ նախագահը զրկվելու է ՍԴ նախագահի թեկնածու առաջադրելու լիազորությունից:
Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ է ընտրվել 17 տարով, չնայած գիտեր, որ ընդամենը 19 օր հետո ուժի մեջ է մտնելու նոր Սահմանադրությունը, որտեղ նկարագրված է երազանքի ՍԴ-ն և որտեղ գրված է, որ ՍԴ նախագահ ընտրվում է ՍԴ կողմից վեց տարի ժամկետով, նույն անձը չի կարող մեկից ավելի անգամ ընտրվել ՍԴ նախագահ: Բայց հիմա այդպիսի ՍԴ ունենալու համար, ինչպես նկարագրված է Սահմանադրության մեջ, հայ ժողովուրդը պետք է սպասեր մինչև 2035 թվականը, որովհետև Հրայր Թովմասյանը իր կուսակցության՝ ՀՀԿ-ի օգնությամբ մինչև 2035 թվականը իրենով է արել ՍԴ նախագահի կարգավիճակը, չնայած գործող Սահմանադրությամբ բոլորովին այլ բան է նախատեսված:
Չեմ ուզում որևէ մեկի անմեղության կանխավարկածը խախտել, բայց այս ճանապարհին ՀՀԿ-ականները, կարծես, անցել են ոչ միայն տրամաբանության ու բարոյականության, այլև Քրեական օրենսգրքի սահմանը: Խնդիրն այն է, որ ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը լրանալու էր 2018-ի մարտի 25-ին: Եթե նա շարունակեր մինչև վերջ պաշտոնավարել, Հրայր Թովմասյանը չէր կարող ՍԴ նախագահ ընտրվել ԱԺ-ի կողմից 17 տարի ժամկետով: Ու որպեսզի սա հնարավոր դառնա, նրանք Գագիկ Հարությունյանին, որին արդեն շնորհել էին ԲԴԽ նախագահի կարգավիճակը, համոզում են հրաժարական տալ մարտի սկզբին՝ իր պաշտոնավարման ժամկետի ավարտից 20 օր առաջ, որպեսզի Հրայր Թովմասյանը կարողանա ցմահ ՍԴ նախագահ ընտրվել ԱԺ 2018-ի մարտի 20-ին մեկնարկող ԱԺ հերթական նիստում, որը նոր Սահմանադրությունն ուժի մեջ մտնելուց առաջ ԱԺ վերջին հերթական նիստն էր:
Գագիկ Հարությունյանը հրաժարականի դիմում է գրում 2018-ի մարտի 5-ին, բայց ԱԺ աշխատակազմում հասկանում են, որ Գագիկ Հարությունյանի հրաժարականը եթե արձանագրվի մարտի 5-ով, առաջանում են ընթացակարգային այնպիսի խոչընդոտներ, որոնք անհնար են դարձնում Հրայր Թովմասյանին 17 տարով ՍԴ նախագահ ընտրվելը 2018-ի մարտի 20-ին նախատեսված ԱԺ հերթական նիստում, ուստի ըստ հրապարակված տվյալների, կեղծիք են թույլ տալիս և Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմումը գրանցում են մարտի 2-ով՝ թույլ տալով պաշտոնեական կեղծիք:
Այս դրվագով ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցված, բայց իմ քաղաքական գնահատականը միանշանակ է, այս կեղծիքով և ընդհանրապես այս ողջ պատմությամբ թույլ է տրվել
իշխանության յուրացում:
Ուզում եմ հայտարարել, որ մի շարք սահմանադրական մանիպուլյացիաների բերումով ՍԴ և նրա նախագահի կողմից յուրացվել է ՀՀ ժողովրդին պատկանող իշխանությունը: Դրա առաջին դրվագի մասին ես արդեն խոսեցի. խոսքը գործող Սահմանադրության 213 հոդվածի մասին է, որով հին ՍԴ-ին հնարավորություն է տրվել շարունակել գոյություն ունենալ նոր Սահմանադրության պայմաններում և ի հեճուկս նոր Սահմանադրությամբ նկարագրված ՍԴ-ի: Բայց կա մեկ այլ ոչ պակաս կարևոր դրվագ: Հրայր Թովմասյանը Սահմանադրության գործող տեքստում առնվազն սահմանադրական փոփոխությունների հարցում, ՍԴ-ին ավելի մեծ լիազորություն է վերապահել, քան վերապահված է ՀՀ ժողովրդին, որը մեր երկրի իշխանության բարձրագույն կրողն է: Խնդիրն այն է, որ ըստ գործող կարգավորման Սահմանադրության մեջ հնարավոր չէ փոփոխություն անել առանց ՍԴ-ի թույլտվության: Այսինքն` ՀՀ ժողովուրդը կարող է ցանկանալ որևէ բան փոխել Սահմանադրության մեջ, բայց ՍԴ-ն թույլ չտա՝ այդ ձգտումը համարելով հակասահմանադրական: Ընդ որում, ոչ ոք ոչ մի տեղ չի կարող վիճարկել ՍԴ այդ դիրքորոշումը: Այսինքն՝ այս վիճակում ՀՀ ժողովուրդը կարող է Հրայր Թովմասյանին ՍԴ նախագահի ապօրինի ձեռք բերված կարգավիճակից զրկելու ցանկություն ունենալ, բայց ՍԴ-ն թույլ չտա համարելով հակասահմանադրական: Այսինքն` Հրայր Թովմասյանի և ՀՀԿ-ի թեթև ձեռամբ մեր երկրում հայտնվել է մի սուբյեկտ, որը վեր է ժողովրդից և այդ սուբյեկտը ՍԴ-ն է: Սա ժողովրդին պատկանող իշխանության յուրացման աղաղակող օրինակ է:
Աբսուրդը հասել է այնտեղ, որ ՍԴ-ն անբեկանելի որոշումներ կարող է կայացնել նույնիսկ ինքն իր կարգավիճակի վերաբերյալ: Սա աղաղակող աբսուրդ է, ինչպե՞ս կարող է ՍԴ-ն նման որոշում կայացնել ինքն իր կարգավիճակի վերաբերյալ: Կան իրավաբաններ, որոնք հակադարձում են, որ ինչպես է, որ ԱԺ-ն որոշումներ է կայացնում ինքն իր վերաբերյալ, կառավարությունը որոշում է կայացնում ինքն իր վերաբերյալ, նախագահը որոշում է կայացնում ինքն իր վերաբերյալ: Թվում է՝ զորեղ փաստարկ է, բայց ԱԺ-ի կողմից ընդունված որոշումներն ու օրենքները կարող են բողոքարկվել ՍԴ մի քանի սուբյեկտների կողմից: Կառավարության որոշումները կարող են բողոքարկվել ՍԴ, վարչական դատարան, Նախագահի հրամանագրերն ու կարգադրությունները կարող են վիճարկվել ՍԴ-ում, կարգադրությունները վարչական դատարան, միակ մարմինը, որի որոշումները, այդ թվում իր կարգավիճակի վերաբերյալ, չեն կարող բողոքարկվել, ՍԴ-ն է: Ես չեմ ասում, թե ՍԴ որոշումները պետք է դարձնել բողոքարկելի: Քավ լիցի, ես ասում եմ, որ այն դեպքերում, երբ խոսքը վերաբերվում է այլ մարմինների ուղղակի լիազորություններին, առավել ևս ժողովրդի լիազորությանը, իշխանությանը, ՍԴ լիազորությունները պետք է լինեն խիստ կանոնակարգված, կանխատեսելի և սահմանափակված ժողովրդի ինքնիշխան իրավունքով:
Աշխարհում չկա գոնե մեկ երկիր, որ ՍԴ-ի սահմանադրական վերահսկողական լիազորությունները լինի առանց ծավալների սահմանափակման, այսինքն՝ լինի բացարձակ, անքննելի և անբեկանելի: Աշխարհում գոյություն չունի այդպիսի երկրորդ երկիր: Միակ երկիրը, միակ այդպիսի իրավիճակը առկա է այսօրվա ՀՀ-ում: Իսկ այն վիճակը, որ մենք այս առումով ունենք ՍԴ-ում, ուղղակի սպառնալիք է ժողովրդավարությանը, որովհետև ժողովրդավարության կարևորագույն բաղադրիչը հակակշիռների և փոխզսպումների մեխանիզմն է: Մեր երկրում հակակշռված և փոխզսպված է նախագահի ինստիտուտը, կառավարության և վարչապետի ինստիտուտը, նույնիսկ ԱԺ-ն, իսկ ՍԴ-ն չունի ոչ մի հակակշիռ: Փոխարենը կարող է և փաստացի սահմանափակում է իշխանության բարձրագույն կրողի՝ ժողովրդի իշխանությունը, այդ թվում ՍԴ կարգավիճակի վերաբերյալ:
Սա ուղիղ և սարսափելի սպառնալիք է ժողովրդավարության համար: Այսպիսի ՍԴ-ն ձևավորվել է ՀՀ-ում ժողովրդավարության զարգացում թույլ չտալու համար: Սահմանադրության գրողներն այդպես էլ պլանավորել էին, որ առնվազն մինչև 2035 թվականը ՀՀ-ում ժողովրդավարություն, ժողովրդի իշխանություն չի լինելու և ինչպես Հրայր Թովմասյանին ՍԴ նախագահ ընտրելու ժամանակ եմ հայտարարել՝ լինելով ԱԺ պատգամավոր, այսպիսի ՍԴ ձևավորվել է և Հրայր Թովմասյանը այսպիսի եղանակով ՍԴ է ուղարկվել որպես կոռումպացված, հակաժողովրդական, ապօրինի համակարգի «watchdog», որը թարգմանաբար նշանակում է պահապան շուն:
Այլ կերպ ասած՝ հենց ՍԴ-ում է թաղված շան գլուխը:
ՀՀ հպարտ քաղաքացիները, երբեմն, զայրանում են, չեն հասկանում, կարկամում են, թե այդ ինչպես, ինչի հաշվին են ժամանակ առ ժամանակ հոխորտում նախորդ կոռումպացված ռեժիմի ներկայացուցիչները, նրանց սպասարկումները և օտարածին մականունով քիլլերները, որոնց օրենքը, իրավունքը, արդարադատությունն ու արդարությունը շատ շուտով անխուսափելիորեն առնելու է սեփական ոտքերի տակ և դուք, այդ շնաբարո դուրսպրծուկների վնգստոցն եք լսելու բոլորով:
Ուրեմն ինչի՞ վրա է նրանց հույսը, միայն ու միայն մի բանի՝ Հրայր Թովմասյանի և գործող ՍԴ-ի: Ինչո՞ւ են նրանք քմծիծաղով նայում իրենց դեմ հարուցված քրեական գործերին, իրենց մասին արված բացահայտումներին, ինչու են նրանք արհամարհանքով վերաբերվում նույնիսկ իրենց դատավարություններին, որովհետև նրանք սպասում են և հույս ունեն, որ ահա շուտով, բան չմնաց, իրենց ՍԴ-ն, իրենց բոլոր կոռուպցիոներներին կազատի պատասխանատվությունից և շնագայլերի իրենց ոհմակը կհարձակվի ժողովրդի լավատեսությունը ծծելու:
Բայց մենք դա թույլ չենք տա, մենք նրանց կպարտադրենք ուրիշ մի գործողություն, և այսօր հավաքվել ենք այդ գործողության մեկնարկը տալու համար: Մենք այսօր որոշում պետք է կայացնենք այս հարցը ժողովրդով լուծելու համար, և ԱԺ-ն հույս ունեմ՝ որոշում կկայացնի Սահմանադրության վերը հիշատակված 213-րդ հոդվածը փոխելու հարցով համաժողովրդական հանրաքվե նշանակելու մասին: Այդ հոդվածի փոփոխությամբ պետք է հին կարգով ընտրված ՍԴ բոլոր անդամների լիազորությունները դադարեցվեն: Սա տեղի կունենա այն պարագայում, եթե հանրաքվեի նշանակված օրը ՀՀ քաղաքացիները գնան ընտրական տեղամասեր և «այո» ասեն այս փոփոխություններին, հեղափոխությանը, ժողովրդավարությանը, ժողովրդի իշխանությանը: Այդ պարագայում ՍԴ-ում կշարունակեն պաշտոնավարել 2 նորանշանակ դատավորները՝ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջադրված և ԱԺ-ի կողմից ընտրված Արման Դիլանյանը և Նախագահի կողմից առաջադրված ու ԱԺ-ի կողմից ընտրված Վահե Գրիգորյանը:
Հանրաքվեից հետո կառավարությունը, ՀՀ նախագահը, Դատավորների ընդհանուր ժողովը հերթով կառաջադրեն ՍԴ դատավորների թեկնածուներ, դատավորներին կընտրի ԱԺ-ն և մի քանի ամսվա ընթացքում կամ գուցե ավելի կարճ, մենք կունենանք ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված կարգով ընտրված և գործող ՍԴ, որն իր կազմից կընտրի ՍԴ-ի նոր նախագահ:
Իհարկե, նոր ՍԴ-ի առաջ մենք պայման կդնենք, որ նրանք պետք է աջակցեն ՍԴ-ի սահմանադրական վերահսկողության լիազորությունները հավասարակշիռ դարձնող օրենքների և սահմանադրական փոփոխությունների ընդունմանը: Այս պրոցեսի ավարտին մենք կունենանք մի ՍԴ, որը չի լինի քաղաքական որևէ ուժի կամ խմբավորման կամ պաշտոնյայի կրնկի տակ, այլ կլինի հաշվետու ժողովրդին, սահմանադրական բարձրագույն դատական ատյան, բայց ոչ ավելի բարձր, քան ժողովուրդը: Հենց այսպիսի ՍԴ է պետք ՀՀ-ին, մեզ բոլորիս: ՍԴ, որ կերաշխավորի ժողովրդավարությունը, օրենքի իշխանությունը, իրավունքի գերակայությունը ՀՀ-ում և ոչ թե սպառնալիք կլինի ժողովրդավարության համար:
Ե՛վ ԱԺ-ում, և՛ նրա սահմաններից դուրս լինելու են բազմաթիվ տեսակետներ, քննարկումներ, շահարկումներ հանրաքվե անցկացնելու որոշման մասին, քննարկվող նախագծի փաթեթում բոլոր իրավական հիմնավորումները մանրամասնություններով բերված են: Չեմ ուզում մտնել մանր կամ մեծ իրավական դետալների մեջ և կարող եմ այս բարձր ամբիոնից արձանագրել ամենակարևորը՝ ՀՀ–ում չկա մի խնդիր, որի լուծման հնարավորություն ՀՀ ժողովուրդը չունի: ՀՀ-ում չկա մի հարց, որը լուծելու իրավասություն, իշխանություն չունենա ժողովուրդը ՀՀ քաղաքացին, ՀՀ ժողովուրդը ինքնիշխան է, ՀՀ քաղաքացին տիրակալ է, և նա իրավասու է ու կարող է լուծել ցանկացած հարց և կլուծի։
Ի դեպ 2018 թվականի գարնանը տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո շատ է խոսվում այն մասին թե ՔՊ-ն կամ «Իմ քայլը» դաշինքը հեղափոխական ճանապարհով եկավ իշխանության: Այս ձևակերպումը թյուրիմացության արդյունք է, որովհետև մենք՝ ՔՊ-ի և «Իմ քայլի» ներկայացուցիչներս, ՀՀ-ում իշխանության չենք եկել, ՀՀ-ում իշխանության է եկել ժողովուրդը, ՀՀ հպարտ քաղաքացին: Մենք պարզապես ժողովրդի ներկայացուցիչն ենք, մենք ներկայացնում ենք ժողովրդին ինչպես նախատեսված է ՀՀ Սահմանադրության ոչ փոփոխելի երկրորդ հոդվածով: Այո, մենք ներկայացնում ենք ժողովրդին և ունենք ժողովրդի կողմից մեզ պատվիրակված լիազորություն, իսկ ՍԴ-ն այսօրվա ձևով չի ներկայացնում ժողովրդին, ներկայացնում է Սերժ Սարգսյանի կոռումպացված իշխանությանը և այն պետք է հեռանա: Ուզում եմ ասել, որ բոլոր այն մարդիկ, ուժերը, որոնք կփորձեն իրավական կամ այլ խոչընդոտներ հարուցել ժողովրդի ազատ կամարտահայտման առաջ, նրանք կարժանանան համարժեք հակահարվածի՝ որպես հակաժողովրդական, հակաժողովրդավարական և հակապետական ուժեր, իսկ նրանք, ովքեր կընդունեն ժողովրդի բարձրագույն իշխանությունը, ժողովրդի բարձրագույն իրավունքը, կդառնան ՀՀ-ի ապագան կերտող նվիրյալներ:
Սիրելի՛ հայրենակիցներ, ուզում եմ մի քանի խոսքով դիմել նաև ՍԴ անդամներին. ՍԴ հարգելի՛ անդամներ, հասկանում եմ այն, ինչ ասացի այս ելույթում, հաճելի չեն ձեզնից շատերին, գուցե ոմանք ասված որոշ դրվագներ համարեն վիրավորական, բայց ուզում եմ ասել, որ որևէ մեկին վիրավորելու միտում չունեմ: Պարզապես պարտավոր եմ իրերը կոչել իրենց անունով: Ասեմ ավելին, եթե որևէ մեկն իմ ելույթի որևէ հատվածից անձնական բնույթի և անձնական առումով վիրավորված է զգացել, ես ներողություն եմ խնդրում, բայց իրողությունները սրանից չեն փոխվում:
ՍԴ շուրջ, այո՛, ստեղծվել է ճգնաժամ, որն ավելի լայն ճգնաժամ դառնալու վտանգներ է պարունակում, բայց ուզում եմ ասել, որ դուք ինքներդ՝ ՍԴ անդամներդ, կարող եք լուծել այդ ճգնաժամը մեծ ծառայություն մատուցելով պետությանը և ժողովրդին՝ գնահատելի ծառայություն մատուցելով: Դուք՝ հին կարգով ընտրված ՍԴ անդամներդ, ահա դուք բոլորդ կարող եք հրաժարական ներկայացնել Սահմանադրական դատարանի անդամի կարգավիճակից, դա կարող եք անել այսօր, վաղը, կարող եք անել մինչև հանրաքվեի մասին որոշումը ՀՀ նախագահի կողմից ստորագրելը: Ես գիտեմ, որ ձեզնից շատերի վրա ճնշումներ են գործադրվում ուղղակի և անուղղակի, որ դուք այս քայլին չդիմեք, բայց ևս մեկ անգամ ձեր ուշադրությանն եմ հրավիրում այս հնարավորությանը, որ մինչև հանրաքվեի մասին որոշումը նախագահի կողմից ստորագրելը, կարող եք ներկայացնել հրաժարական ՍԴ անդամի կարգավիճակից: Ի դեպ, ուզում եմ ասել, որ մենք ՍԴ ճգնաժամի լուծման հարցով քննարկումներ ենք ունեցել ՀՀ նախագահի հետ և համոզվել, որ նա համաձայն է տվյալ իրավիճակը հանրաքվեով լուծելու առաջարկվող բանաձևի հետ, ինչի մասին կարծում եմ՝ ինքը կհայտարարի: Ահա, ուրեմն ՍԴ-ի հարգելի անդամներ, դուք կարող եք հրաժարական ներկայացնել մինչև ՀՀ նախագահի կողմից տվյալ որոշման ստորագրումը և դրանով մեծ ծառայություն մատուցած կլինեք Հայաստանի Հանրապետությանը և նրա ժողովրդին:
Ասեմ նաև, որ պատրաստ եմ հանդիպել բոլորիդ հետ առանց բացառության՝ առանձին-առանձին, կամ բոլորով՝ այս հարցը, նրա մանրամասները քննարկելու համար: Կարող եմ խնդրել ձեզ այդ քայլն անել՝ անձամբ ձեր աչքերի մեջ նայելով և կարող եմ ժողովրդի անունից արժանին մատուցել այս իրավիճակը հանգուցալուծելու ձեր աջակցությանը: Եթե սա ձեզ համար ընդունելի է, շատ լավ, եթե ոչ՝ ուրեմն հարցը համոզված եմ Հայաստանի ժողովուրդը, ՀՀ հպարտ քաղաքացին կլուծի, որովհետև Սահմանադրությունն է ժողովրդի համար և ոչ թե ժողովուրդը Սահմանադրության:
Ուզում եմ ընդգծել՝ հանրաքվեն դիտարկելու համար մենք պատարաստ ենք հրավիրել միջազգային ամենաառաջատար դիտորդական կազմակերպությունների՝ Եվրոպայի խորհրդից, ԵԱՀԿ-ից, ԵՄ-ից, ԱՊՀ-ից և այլ կառույցներից: Որևէ կասկած չկա, որ ժողովրդի ազատ կամքի արտահայտման բոլոր երաշխիքները կստեղծվեն: Չնայած այսօր արդեն ՀՀ-ում այդ երաշխիքները ստեղծված են՝ վկան 2018 թվականին ՀՀ-ում տեղի ունեցած ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավար ընտրություններն են, որոնք առաջինն էին, որոնց արդյունքները չբողոքարկվեցին ՍԴ-ում որևէ մեկի կողմից և նրա արդյունքները կասկածի տակ չդրվեցին, ո՛չ դե յուրե, ո՛չ դե ֆակտո հանրային որևէ խմբի կամ որևէ շրջանակի կողմից: Սա նշանակում է մեկ բան և այս ամբիոնից կարևոր եմ համարում այդ մեկ բանն արձանագրելը՝ ժողովրդավարությունը Հայաստանում այլընտրանք չունի, ժողովրդավարությունը ՀՀ-ում այլևս անշրջելի է:
Եվ ուրեմն՝ կեցցե ազատությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛նք մենք և մեր երեխաները, որ ապրում ենք և ապրելու ենք ազատ և երջանիկ Հայաստանում»:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
733 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
754 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»