211652_close_icon
views-count3827 դիտում article-date 10:56 14-02-2020

Մենք ձեր համալսարանները չենք ավարտել․ «քառակուսի» դառնալու անխուսափելի ճանապարհը․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Կուսակցություններից մեկի ղեկավարը վերջերս մասնավոր զրույցում ինձ ասաց, որ, իր կարծիքով, կուսակցություններն աշխարհում ու նաև Հայաստանում վերանալու են, որովհետև մարդկանց քաղաքական ինքնակազմակերպման այս ձևը հնացել է: Կլինեն շարժումներ՝ ցանցային կազմակերպմամբ, առանց հստակ հիերարխիայի: Գաղափարն ինձ չափազանց հոգեհարազատ է, բայց վստահ չեմ, որ դա տեղի կունենա իմ կյանքի օրոք: Որովհետև տեսնում եմ, թե ինչպես են վերջերս քաղաքականություն մտած երիտասարդները մեծ հաճույքով հետևում նույն հիերարխիային և վարակվում դոգմատիզմի ախտով, ճիշտ այնպես, ինչպես դա անում էին իմ հասակակիցները, ինչպես նաև այն սերունդը, որն ապրում էր միակուսակցականության պայմաններում: Ինչո՞վ է կուսակցականը (խոսքը, բնականաբար, միայն կուսակցական տոմս ունեցողների մասին չէ) տարբերվում ազատ մարդուց: Վերջինս կյանքը չի տեսնում միայն «սև-սպիտակ» գունաբաժանմամբ, նա նկատում է բազմաթիվ այլ գույներ և երանգներ, նա քննադատաբար է մոտենում ցանկացած դատողությանը կամ գնահատականին, զուրկ չէ հումորից և կարող է ծիծաղել իր և յուրայինների վրա, ամեն բառն արտասանելիս հոգ չի տանում այն մասին, թե ինչպես է այդ բառն ընկալվելու սրա կամ նրա կողմից: Կուսակցականը՝ հակառակը, կաշկանդված է իր խոսքում և գործերում, պարտադրված է հետևել դոգմաներին և կրկնել իր առաջնորդի մշակած գնահատականները՝ այն ձևակերպումներով, որոնք հնչեցված են «շեֆի» շուրթերով և երբեք չի ծիծաղի, եթե կատակն առնչվում է իր թիմին: Երբեմն ինձ ասում են, որ կան ավտորիտար կուսակցություններ, և կամ այնպիսիք, որտեղ զարգացած է ներքին ժողովրդավարությունը: Բայց այդ տարանջատումը բավականին պայմանական է՝ ի վերջո, եթե չկա «կարգապահություն», չկա նաև կուսակցականություն: Երկար տարիներ հետևելով քաղաքական կյանքին, ցավով եմ նկատել, որ ուրախ, լայնախոհ, ամեն ինչը իրավամբ կասկածի տակ դնող մարդիկ, հագնելով կուսակցականի «վեղարը», դառնում են մռայլ, մոլեռանդ, որևէ այլախոհություն չընդունող: Մի խոսքով՝ «քառակուսի»: Երբ մարդը դառնում է չափից դուրս կանխատեսելի իր բոլոր արձագանքներում, համաձայնեք, գնալով ավելի քիչ է հետաքրքրություն ներկայացնում բոլոր առումներով, այդ թվում՝ լրատվության տեսանկյունից: Կուսակցական համակարգի վերացումը մոտ ապագայի խնդիր չէ: Պարզապես զարգացած հասարակություններում կուսակցականները, գիտակցելով սեփական սահմանափակությունը և կաշկանդվածությունը, ավելի ուշադիր են լսում «ապաքաղաքական» մարդկանց՝ մտավորականներին, փորձագետներին, գիտնականներին: Իսկ մեր կուսակցականները մի տեսակ արհամարհանք ունեն այդ խավի մարդկանց հանդեպ: Եվ դա, իհարկե, նոր երևույթ չէ. 1920-30-ական թվականներին բոլշևիկներից շատերի վերջին փաստարկն էր «մենք ձեր համալսարանները չենք ավարտել» հպարտ արձանագրումը»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր