211652_close_icon
views-count6254 դիտում article-date 12:44 21-02-2020

Արցախում բողոքի ակցիայի մասնակիցներ են բերման ենթարկվել. ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այցելել են նրանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Փետրվարի 20-ի երեկոյան Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ահազանգ է ստացել, որ մի խումբ քաղաքացիներ քաղաքական կոչերով ուղեկցվող ավտոերթ են իրականացրել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակի հարակից տարածքում, որի ընթացքում ոստիկանությունը բերման է ենթարկել 8 հոգու: Արցախի ՄԻՊ-ից հայտնում են, որ Պաշտպանի հանձնարարությամբ՝ իր ներկայացուցիչներն այցելել են ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն, ծանոթացել դեպքի հանգամանքներին ու հիմքերին, ինչպես նաև զրույցներ ունեցել բերման ենթարկված անձանց հետ: Պաշտպանի ներկայացուցիչները պարզաբանումներ են պահանջել ոստիկանությունից՝ քաղաքացիներին բերման ենթարկելու հիմքերի, նրանց կարգավիճակի և վարվող ընթացակարգերի հետ կապված: Ոստիկանությունը պարզաբանել է, որ բերման ենթարկելու հիմքը ոստիկանության օրինական պահանջին չենթարկվելն էր, որի հետևանքով կիրառվել է վարչական ձերբակալում: Պաշտպանի ներկայացուցիչները հատուկ ուշադրություն են դարձրել ազատազրկված անձանց հանդեպ վերաբերմունքի և օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերի վարման վրա: Նրանք բերման ենթարկված անձանց պարզաբանել են իրենց իրավունքներն ու դրանց պաշտպանության մեխանիզմները: Պաշտպանի ներկայացուցիչներն արձանագրել են, որ բերման ենթարկված բոլոր 8 անձինք ազատ են արձակվել երեք ժամվա ընթացքում: Նշենք, որ Artsakh1.am-ը տեսանյութ է տարածել, որտեղ երևում է, թե ինչպես են ոստիկանները դադարեցնում քաղաքացիների տեղաշարժը և ասում, որ ձայնային ազդանշաններ են կիրառում, ինչը խոչընդոտ է երթևեկող մյուս քաղաքացիների համար: Քաղաքացիները մեքենայով շրջում են Ստեփանակերտի փողոցներում, վանկարկելով, որ պահանջում են նախագահ Բակո Սահակյանի և ԱԻ նախարար Լևոն Մնացականյանի հրաժարականը: Այնուհետև ոստիկանները պահանջում են քաղաքացիներին ներկայանալ բաժին, սակայն վերջինները հրաժարվում են, ինչից հետո իրավապահները նրանց բերման են ենթարկում: Մանրամասները՝ տեսանյությում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր