211652_close_icon
views-count1876 դիտում article-date 17:16 06-03-2020

Օրենսդրության և պրակտիկայի թերությունները հնարավորություն չեն տալիս ապահովել կնոջ և երեխաների նկատմամբ բռնության արդյունավետ կանխարգելում․ Մարդու իրավունքների պաշտպան

Բացարձակ մերժելի է բռնության ցանկացած դրսևորում․Մարդու իրավունքների պաշտպանը մանրամասն ուսումնասիրության է ենթարկել մարտի 5-ին Գյումրիում ծեծի հետևանքով 43-ամյա կնոջ մահվան ու երեխայի բռնության ենթարկվելու մասին հրապարակումները: Ըստ այս պահին առկա հրապարակային տեղեկությունների՝ կոնկրետ իրավիճակում բռնությունը հանգեցրել է ողբերգական հետևանքի՝ կնոջ մահվան: Հատկապես մտահոգող է, որ, ինչպես նշվում է հրապարակային աղբյուրներում, բռնության է ենթարկվել նաև երեխա։ Բռնությունն առհասարակ ու այս տեսակ բռնությունը, մասնավորապես,կարող է անդառնալի հետևանքներ ունենալ կնոջ կամ երեխայի ֆիզիկական ու հոգեկան առողջության, երեխայի դեպքում նրա հետագա զարգացման վրա: Այս տեսակ բռնությունն անմիջականորեն է խարխլում ընտանեական արժեքներն ու հակասում երեխայի ընտանիքում ապրելու իրավունքի էությանը, երեխայի լավագույն շահերի գաղափարին: Ցավոք, հասարակությունում դեռևս հաղթահարված չեն կանանց վերաբերող կարծրատիպերը: Սա կարևոր գործոն է, որ բացասական ազդեցություն է ունենում կանխարգելման ողջ գործընթացի վրա: Համակարգային առումով՝ սկսած քննության սկզբնական փուլերից մինչև դատական վերջնական ակտի կայացում, այս գործերի քննության արդյունավետ մեխանիզմ առկա չէ: Թերի է օրենսդրությունը, որը հնարավորություն չի տալիս ապահովել բռնության ենթարկված անձանց արդյունավետ պաշտպանություն, լիարժեք բացահայտում և հետագա հնարավոր դեպքերի կանխարգելում: Դրանից բացի, պրակտիկան նույնպես խնդրահարույց է: Այստեղ անհրաժեշտ է կատարելագործել քննության սկզբնական փուլերը, իրավապահ մարմինների արագ արձագանքը, պետք է ապահովել նրանց անհրաժեշտ մասնագիտացումը: Դա պետք է անել այնպես, որ քննությունը ոչ թե սահմանափակվի գործից գործ քննությամբ ու այն էլ խնդիրներով, այլ պետք է մանրամասն վերլուծվեն այդ արարքների կատարման պատճառներն ու նպաստող պայմանները ու պրակտիկան ապահովել՝ ըստ այդ արդյունքների: Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում այս գործը կլինի Պաշտպանի ուշադրության ներքո։

Նմանատիպ նյութեր