211652_close_icon
views-count4065 դիտում article-date 23:36 07-03-2020

Վարդ Սիմոնյան. Լավ ընթերցողը նա չէ, ով այս գրվածքի տակնուգլուխը կկարդա, լավ ընթերցողը կարողանում է մարդ, շենք, փողոց ու քաղաք կարդալ

Լրագրող, հրապարակախոս Վարդ Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «ԻՆՉ Է ՔԱՂԱՔԸ Մեր ժամանակը չի վավերագրվում: Իսկ անգիր ժամանակը չի կարող անպատկառ չլինել: Մեր պատմությունը վաղն էլ չի գրվելու, չնայած կգտնվեն խելոք գառներ, որոնք յոթ մոր ծծերից կքամեն մի ֆանտաստ պատմաբանահյուսություն: Բայց ժամանակն է այդ գառներին ծծից կտրել՝ պատմության ավարտն արդեն ազդարարված է, նոր պատմություն այլևս չի գրվում: Ահա ինչ էր մեզ ասում թուրքական քոքված դիվանագիտությունը, երբ խոսում էր ցեղասպանությունը քննող պատմական հանձնաժողովների մասին: Պատմաբաններն այնպես են հարամել երբեմնի գիտությունը, որ այսօր միջազգային որևէ հարթակում մասխարա դառնալու համար բավական է մի թույլ բերան արտասանել պատմություն բառը: Մեր ժամանակի վավերագիրներից ո՞վ մնաց՝ մեդիա՞ն: Իսկ նա ա՞չք է բացում մասխարությունից. բանականության ուղեծրից դենը սավառնող այնքան անոմալիաներ են հայտնվել կառավարման ոլորտում, որ բերնեբերան բտում են լրահոսը և իրենց թերմացքով կերակրում անգամ շուլուխչի մեդիաինդուստիային: Խոսք չկա, ճարպիկ ձեռնածություն է ՝ ֆայլաբազարի վերածված աշխատաշուկայից որսում ես տվյալ գործի համար հնարավորինս անպետք մեկի, մի քանի սեանս ռելաքսացիայի ենթարկում և ալե հոպ՝ գցում մեդիայի բերանը: Վերջ «օյաղ» կյանքին՝ համ տվյալ ոլորտն է լրջությունը կորցնում, համ էլ՝ այս ծամելիքը բերանը գցած մեդիան: Իհարկե, կադրերն են ամեն ինչ որոշում. բանից բեխաբար մի ճանճ ամբողջ թանը կապականի, բանից բեխաբար մարդն էլ՝ մի ամբողջ պետական կամ հասարակական ինստիտուտ: Պետությունն ասեղ չի, որ հանկարծ կորցնես. այդ գործը պետության ամեն քաղաքացուց ահռելի ստեղծարար ավերումներ է պահանջում. պիտի հանրային ամբողջ մարմինն այլասերվի ու ապականվի, որ հոգին հեռանա: Ամեն դեպքում շատ չոգևորվենք՝ անգիր ու անանուն չենք մնալու: Երբ չես կարողանում վավերագրել ժամանակը, ժամանակը քեզ, հաստատ, կվավերագրի՝ նկարվելով դեմքիդ, քարագրվելով քաղաքիդ ճակատին: Ասել է թե՝ եթե աղվեսի դունչը խաղողին չի հասնում, ոչ թե խաղողն է խակ, այլ՝ աղվեսը: Լավ ընթերցողը նա չէ, ով այս գրվածքի տակնուգլուխը կկարդա, լավ ընթերցողը կարողանում է մարդ, շենք, փողոց ու քաղաք կարդալ: Քաղաքը հենց մեր զգացմունքների վավերագրությունն է, և եթե դրանք քո զգացմունքները չեն, միևնույն է՝ դա քո պատմությունն է: Քաղաքը հենց միմյանց լսելու մեր կարողությունն է, մեր հաղորդակցության ու փոխազդեցության չափը: Չասենք՝ միասնականության, որքան էլ ագիտպրոպը զոռի: Որովհետև միասնությունը տիպիկ գյուղական, համայնքային իդեալ է, քաղաքը հենց բանավեճ է, նոր ճշմարտություններ բացահայտելու հրապարակ: Եվ քաղաքացի են միայն նրանք, ովքեր ունեն դիրքորոշում, և այդ դիրքորոշումն արտահայտելու քաջություն և խիղճ: Թե ինչ է լինում, երբ այդպիսի քաղաքացիները պակասում կամ գլխովին չքանում են տես՝ երևանյան քո պատուհանից: Հայ քաղաքաշինական մտքի մի քանի գիտակներ ծիծաղեցին հարցերիս վրա և ձեն-ձենի տված՝ հրաժարվեցին հարցազրույցից: Ինչ խոսք, ծիծաղելի թվացող հարցեր էին՝ ինչ է փողոցը, ինչ է այգին, սրճարանը, հրապարակն ու պողոտան, ինչ է քաղաքը և ինչ՝ գյուղը: Բայց եթե մենք, իսկապես, գիտենք այս հարցերի պատասխանը՝ մեր այգին ինչու է սրճարան, սրճարանը՝ նաև վետերոկ ու բորդել, փողոցը՝ Սիթի սիթիի մեջ, բակը՝ բուքմեյքերի ու տաքսու սերվիս միաժամանակ. պոետդ կասեր՝ ուր է քաղաքդ, օր ծերության տկլոր ու տկլիկ կանգնած Երևան ջան, ուր է Մոնումենտի այգու այգին կամ թեկուզ նորահայտ Հյուսիսային պողոտայի պողոտան: Թող ձեր խնդալիքն էլ ես լինեմ, արածս էլ համարեք մաքուր «ղամազություն» , բայց մեկ է՝ ես այս տեքստը հենց այդ հարցերին եմ նվիրելու: Ինչ է այգին Որպեսզի պատասխանենք՝ ինչ է քաղաքային այգին, պիտի վերհիշենք, թե աշխարհի քաղաքային բնակչությունն ինչպես դիմակայեց իր դեմ ուղղված ամենամեծ ահաբեկչությանը և զանգվածաբար չկոտորվեց: Նախորդ դարասկզբին մարդկանց ընդամենը 13 տոկոսն էր քաղաքներում ապրում, իսկ արդեն մեկ դար անց՝ քաղաք հասավ մարդկության շուրջ 60 տոկոսը: Եվ նրանք հաստատ կկախվեին իրենց 60-80 մետրանոց երկնաքերներից, եթե մենք մի երկու շաբաթով նրանց նվիրեինք մեր քաղաքային իշխանություններին: Աշխարհի մարդկության կեսից ավելին փրկվեց, որովհետև հասկացավ, որ գյուղի թոկից փախչելը չի նշանակում աչքի գրող սարքել նաև բնությունը՝ հողն ու ջուրը, ծառուծաղիկը: Իսկ քաղաքային այգին բնավ էլ միայն քաղաքի թոքը չէ, այլ ավելի շուտ՝ ուղեղն ու սիրտը: Հանրային այդ տարածքը պիտի սոցիալապես իմաստավորված ու կոդավորված տարածություն լինի, ուր իրար ոչ թե հանդիպում, այլ տեսնում ու խոսում են քաղաքական ու հասարակական խնդիրները, հանգիստն ու անհանգստությունը, հարուստն ու աղքատը, ծերունին ու երեխան, գիրք կարդացողն ու չկարդացողը: Այգին համերաշխության լանդշաֆտ է և օդի չափ էլ սեր կարող է արտադրել: Ահա քաղաքային այգու գլխավոր առաքելությունը՝ սիրո արտադրություն, իսկ առանց այդ սիրանյութի անիմաստ է անգամ քաղաքային մի պետքարան կառուցել: Որքան էլ մարդիկ իրենց մեգապոլիսներով հիանան, քաղաքն ինքնին խիստ վերացական գոյություն է՝ լի անդեմ հարաբերություններով, իրարամերժ ինքնություններով, կյանքի, ժամանակի ու պատմության շարունակական էրոզիայով: Ավելի կարճ՝ քաղաքը մարդու օտարումն է բնությունից և ուրեմն՝ նրա մտքերի քաոսը: Քաոտիկ վարքի, զգացմունքների, տպավորությունների կառավարում՝ ահա ինչ կարող է ձեզ հետ անել լավ մտածված հանրային այգին: Իսկ եթե այն չկա, քաղաքը նեխում է՝ արձակելով անտանելի հոտեր ու ձայներ, կեղտուփոշի, խորխում մայթերի ու փողոցների վրա, միզում ու կլոնձում բոլոր նրբանցքներում ու վերելակներում՝ հընթացս զավզակելով զամենայն գեղեցիկի մասին: Թամանյանի միսը կերան, մինչև հաստատեցին քաղաք-պարտեզի գաղափարը: Լացդ գալիս է՝ երբ նայում ես, թե ամեն ախմախության համար նրանից քանի զեկուցագիր են պահանջել: Բանը հասել է այնտեղ, որ մարդն անգամ տարբեր քաղաքների կտրվածքով մահացության վիճակագրություն է կազմել և սրանց գլուխը մտցրել, թե հատկապես որ քաղաքներում են շուտ մեռնում մարդիկ: Անշուշտ, վերևների ինքնապահպանման բնազդն այս դեպքում էլ անխափան աշխատել է, բայց մինչև այն պահը, երբ կոմունիզմի ուրվականը դարձյալ գլուխ է բարձրացրել. պարզվել է, որ այս կանաչ տեսության հիմնադիրն այն կեղտոտ, փչացած կապիտալիստական աշխարհի անգլիացի ներկայացուցիչ, հայտնի փիլիսոփա ու տնտեսագետ Էբենզեր Հովարդն է՝ դե արի մի բացատրագիր էլ սրա համար տուր: Ու տվել է, գիտե՞ք, մեր բախտից էդ մարդը ուտոպիստ-սոցիալիստ է եղել, և Թամանյանը հենց այդ է ակնարկով էլ սկսել է հերթական բացատրագիրը, խնդրեմ՝ բնագիրը . « Քաղաք-պարտեզի գաղափարը ստեղծեց սոցիալիստ Հովարդն՝ իբրև պայքար մեծ քաղաքների դեմ իրենց բնակչության կուտակվածությամբ և հակաառողջապահական պայմաններով: Ճիշտ է, որ «քաղաք-պարտեզի» սկզբունքը ծնվել է կապիտալիստական երկրներում, բայց չէ՞ որ մենք միևնույն աղբյուրից ենք ստանում շինարարության վերաբերյալ բոլոր նորությունները: Իմ ամենավերջին տեղեկությամբ, այսօր Գերմանիայում (Բեռլին, Դրեզդեն, Լայպցիք, Հանովեր) բանվորական բնակարանային շինարարությունը տարվում է ամենաեռուն թափով և կոոպերացիայի հիմունքներով, այդ շինարարությունը կատարվում է քաղաք-պարտեզի ձևով՝ փողոցներով, բուլվարներով և ոչ խոշոր տներով: Ես գտնում եմ , որ քաղաք-պարտեզի սկզբունքը ոչ մի կերպ չի հակասում մեր երկրի սոցիալիստական բնույթին և կոլեկտիվ պահանջներին. քաղաքը պիտի տարածվի ի հաշիվ այգիների, քաղաքի տարածության առնվազն 10-15 տոկոսը (9-10 քառակուսի մետր մեկ շնչին) պիտի հատկացվի բարեկարգման հասարակական օգտագործման համար, ինչպիսիք են՝ պուրակները, պարտեզները, ճեմուղիները և այլն»: Թամանյանին սովորաբար հղվում են, երբ պետական կոչված կարիքը խեղդում է՝ ևս մի կտոր Երևան սափրել քաղաքի երեսից: Նախագծի բուն ասելիքը, որպես կանոն, շրջանցում են: Իսկ տեսիլը սա էր՝ քաղաքն ու մարդկանց բարձրացնել մինչև Արարատի գլուխը: Քաղաքը զրույց է, և Թամանյանը հենց այս վեհ զրույցի պատկերն է կախել քաղաքի աչքերից՝ այն կոդավորելով որպես այգու և քաղաքի սիմբիոզ: Բոլորովին այլ, ջրիկ մի զրույց է ստացվում, երբ այգին, ծառերը քաղում ես՝ թողնելով միայն քաղաքի ոսկորները: Հենց այդ զրույցի հեռապատկերն էր տեսել Բակունցն իր «Պրովինցիայի մայրամուտում»: Հիշու՞մ եք. «Հետո պատահմամբ գտան մի վերարկու, որ կռթնել էր քարին, մի զույգ մաշիկներ և մի հնաձև գլխարկ: Այդ ամենն այնպես էր, որ կարծես մեջը մարդ կա, գլխարկի տակ՝ գլուխ, վերարկուի մեջ՝ իրան, և կոշիկների մեջ՝ ոտքեր: Բայց ոչինչ չկար: Կարծես մարդը շորերի միջից հրաշքով դուրս էր եկել և անհետացել: Այդպես իր հին շապիկից, դուրս է գալիս օձը: Բայց ասում են, որ մի վտիտ մարդ, այլ տարազով, երեկոները, երբ հանդարտվում է քաղաքի աղմուկը, Աբովյան փողոցի վերջում սպասում է տրամվայի վագոնին: Մարդը մտնում է ներս, նստում և պատուհանից նայում է դուրս: Տրամվայը նրան տանում է քաղաքից դուրս, և այդ մարդն անհանգստության նշաններ է ցույց տալիս, երբ երևում է այն բարձր լեռան գագաթը: Նա խնդրում է արագացնել ընթացքը, ուրախությունից դողում է և համոզված է, որ ինքը բարձրանալու է այն լեռան գլուխը և տեսնելու է իր ցնորքի աշխարհը: շարունակելի Հ.Գ.-Հաջորդիվ կարդացեք՝ ինչ է փողոցը, ինչ է սրճարանը, ինչ է հրապարակը, ինչ է հուշարձանը և ինչ է գյուղը»
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր