211652_close_icon

Ես չգիտեմ, թե Հայաստանի վարչապետին ովքեր են այսպիսի «դարակազմիկ» խորհուրդներ տալիս, բայց սա նշանակում է, որ մենք թքած ունենք ՀՀ օրենքների և իրավապահ հակակարգի վրա

views-count8412 դիտում article-date 13:39 08-03-2020
Հայտնի փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Ուշադրությամբ դիտեցի վարչապետ Ն. Փաշինյանի այսօրվա հանդիպումը զինված ուժերում տարբեր տարիներին արձանագրված ողբերգական դեպքերի արդյունքում մահացած զինծառայողների ծնողների հետ: Հանդիպման քննարկման բովանդակությունը հնարավորություն է տալիս արձանագրելու, որ պետությունն ի դեմս երկրի վարչապետի, խոստովանում է, որ երկրի իրավապահ համակարգն ի զորու չէ լուծել իր առջև դրված խնդիրները, որ դատախազությունը, քննչական, օպերատիվ և հետաքննություն իրականացնող մարմիններն ի վիճակի չեն պատշաճորեն վարել քրեական գործերով վարույթները և բացահայտել տարիներ շարունակ չբացահայտված հանցագործությունները: Իրավապահ համակարգի նկատմամբ այսպիսի բացահայտ անվստահության դրսևորում և խոստովանություն հնարավոր չէ պատկերացնել: Արձանագրելով վերը նշված մարմինների անարդյունավետ գործունեությունը, վարչապետը մահացած զինծառայողների ծնողներին առաջարկել է ստեղծել, ըստ էության, այլընտրանքային քննչական խումբ, ով կունենա դատավարական և օպերատիվ հետախուզական գործունեության մասին հանձնարարություն տալու իրավասություն, ով կքննարկի յուրաքանչյուր դեպքը և իր եզրակացությունը կներկայացնի հրապարակայնորեն: Այս առաջարկն արվել է պայմանով, որ այդ եզրակացությունից հետո, ըստ էության, մահացած զինծառայողների հարազատները համակերպվեն ՛՛Ճշմարտության՛՛ հետ: Ես չգիտեմ, թե Հայաստանի վարչապետին ովքեր են այսպիսի ՛՛դարակազմիկ՛՛ խորհուրդներ տալիս, բայց սա նշանակում է, որ մենք թքած ունենք ՀՀ օրենքների և իրավապահ հակակարգի վրա և ինքներս մեզ համար օրենքներից դուրս կազմում ենք քննչական խմբեր՝ այս կամ այն հանցագործությունները բացահայտելու համար: Եթե իրավապահ մարմիններն իրենց տեղում չեն և իրենց գործառույթները պետք է իրականացնեն վարչապետի առաջարկով ձևավորված այս կամ այն մասնագիտական խումբը, հարց է առաջանում՝ այդ գեներալական ուսադիրներով, ծառայողական մեքենաներով, պերճաշուք աշխատասենյակներով և չգիտես արդեն քանի անգամ պարգևավճար ստացող ՛՛Պրոֆեսիոնալ՛՛ դատախազներն ու քննչական մարմինների ղեկավարներն ի՞նչով են զբաղված: Պարո՛ն վարչապետ, այս գործերով քննությունները պետք է իրականացվեն ՀՀ օրենսդրության տառին համապատասխան, և ՛՛Ճշմարտությունը՛՛ պետք է բացահայտվի միայն ու միայն դատարանում: Հ.Գ. Առաջիկա օրերի ընթացքում առավել մանրամասն կներկայացնեմ իմ դիրքորոշումը նշված հարցի կապակցությամբ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր