330348 դիտում
23:00 08-03-2020
Դաժան ու ողբերգական դեպք Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս 38-ամյա և 52-ամյա քաղաքացիները մնացել են հողաշերտի տակ. դիերը դուրս բերելու համար փրկարարներից պահանջվեց մոտ 2 ժամ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 8-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 20:55-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ-կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Չարբախի 11 և 1-ին փողոցների խաչմերուկում փլուզում է տեղի ունեցել և հողային աշխատանքներ կատարելիս 2 քաղաքացի մնացել են հողի շերտի տակ:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են մեծ թվով հրշեջ-փրկարարներ՝ 3 մարտական հաշվարկով, փրկարար-հոգեբաններ, Երևանի 1-03 շտապօգնության մի քանի հերթապահ խմբեր, ինչպես նաև հատուկ փրկարարական աշխատանքեր իրականացնող խումբը:
Դեպքի վայր են ժամանել նաև ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության Առնոլդ Հարությունյանն ու պետի տեղակալ Զավեն Մելքոնյանը:
Փրկարարները մոտ 2 ժամ աշխատեցին, որպեսզի հողաշերտի տակից դուրս բերեն հողի տակ մնացածների մարմինները և բժիշկները արձանագրեցին նրանց մահերը:
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ոստիկանության Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանության և քրեական հետախուզության բաժանմունքների ծառայողները: Ոստիկանների աշխատանքը ղեկավարում է ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ Արթուր Շմավոնյանը:
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի ծառայողները:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածները Ներքին Չարբախի բնակիչներ, 38-ամյա Գագիկ Ղ.-ն էր և 52-ամյա Գարիկ Մ.-ն:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկները տեղում մի քանի քաղաքացիների առաջին բուժօգնությունը ցուցաբերեցին, քանի որ վերջիններիս ինքնազգացողությունը վատացել էր, իսկ մի քանի քաղաքացիների էլ հոգեբանական օգնություն էին ցուցաբերում փրկարար-հոգեբանները՝ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, մահացածները բարեխիղճ, մեծ հարգանք վայելող, ընտանիքին նվիրված անձնավորություններ էին, որոնք կյանքում ամեն ինչի հասել են սեփական քրտինքի շնորհիվ և խորը ափսոսանք էին հայտնում, որ այս ողբերգությունը հենց նման մարդկանց կյանքն է խլել:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 213+
213+