68493 դիտում
22:14 28-01-2017
9 ժամից ավելի պահանջվեց Վայքի հրշեջ-փրկարարներից, Ճանշինականներից ու Ճանապարհային ոստիկաններից, մինչև կարողացան ուժեղ ձնաբքի հետևանքով փակված գլխավոր ճանապարհը բացել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Գրեթե 9 ժամից ավելի Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության (վարչության պետ Տիգրան Պետրոսյանի, վարչության պետի տեղակալ Հարություն Մարգարյանի) գլխավորությամբ, Վայքի հրշեջ-փրկարարական ջոկատը (ջոկատի հրամանատար Ռուստամ Զոհրաբյանի) գլխավորությամբ, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները, վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի և հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ, Վայքի Ճանշինի մեծ թվով աշխատակիցների հետ, Ճանշինի պետ Կարո Գևորգյանի գլխավորությամբ, ուժեղ ձյան ու բքի պայմաններում կարողացան վերջապես բացել Երևան-Մեղրի ավտոճանապարհի Սարավանի ոլորաններից դեպի Սյունիքի Զանգեր կոչվող ճանապարհը։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարները, Ճանապարհային ոստիկաններն ու Ճանշինականները կատարեցին հերոսական աշխատանք և անգամ այն պայմաններում, երբ ուժեղ քամին նրանց գլխարկներն էր թռցնում։
Հատուկ տեխնիկաներով բացում էին ճանապարհը, սակայն բուքը վայրկյանների ընթացքում նորից ձյունով ծածկում էր ճանապարհը։
Այդ ողջ ընթացքում Ճանապարհային ոստիկանները ուժեղացված ծառայություն էին կատարում, որպեսզի վարորդները չփորձեին անցնել այդ ձնաբքի միջով։
70-ից ավելի վարորդներ կամակորություն էին դրսևորել և շրջանցիկ ճանապարհներով հայտնվել էին ձնաբքի տակ, իսկ հետո ահազանգել էին Ճանապարհային ոստիկանության և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն և օգնություն խնդրել փրկարարներից, Ճանշինականներից ու Ճանապարհային ոստիկաններից ու այդ 3 ծառայությունների աշխատակիցները հավատարիմ լինելով մարդ լինելու կոչմանը, բոլորին՝ այդ թվում կանանց և անչափահաս երեխաների, դուրս բերեցին ձնաբքի տակից, որից հետո Վայքի հրշեջ-փրկարարներն ու Ճանշինականները իրենց տեխնիկաներով ձնաբքի տակից դուրս էին բերում տրանսպորտային միջոցները։
Ընդհանուր առմամբ 9 ժամվա ընթացքում փրկարարներն ու Ճանշինականները 120-ից ավելի տրանսպորտային միջոցներ են դուրս բերել անվտանգ վայր, իսկ մոտ 300-ից ավելի տրանսպորտային միջոցների էլ ՃՈ աշխատակիցները ժամանակավորապես արգելել են երթևեկել այդ ճանապարհահատվածով, մինչև Ճանշինն ու փրկարարները կավարտեն իրենց աշխատանքները։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այս պահին ճանապարհը բացվել է, սակայն դժվարանցանելի է, քանի որ ուժեղ բուքը չի դադարել, իսկ պատկան մարմինները խորհուրդ են տալիս վարորդներին նշված հատվածով երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում։
Գ․ Շամշյանը հայտնում է նաև, որ ավելի զավեշտալի է այն, որ որոշ ավտոմեքենաների անվադողեր ամառային էին։
Ճանշինի և փրկարարների աշխատանքներին ուղիղ կապով հետևում էին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը և «Հայ ավտոճան» ընկերության տնօրեն Աշոտ Արշակյանը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+