8173 դիտում
18:14 09-03-2020
ՀՀ գլխավոր դատախազությունում կայացել է 2019թ. գործունեության ամփոփմանը նվիրված կոլեգիայի ընդլայնված նիստ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել կոլեգիայի ընդլայնված նիստ, որը վարել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Նիստին մասնակցել է նաև ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար Արամայիս Ավագյանը: Քննարկվել և ամփոփվել են ՀՀ դատախազության 2019թ. աշխատանքների, հանցավորության դեմ պայքարում քրեական հետապնդման մարմինների գործունեության, դատախազական գործառույթների իրականացման արդյունքները:
Գլխավոր դատախազի տեղակալները, ըստ հանցագործությունների տեսակների, ներկայացրել են նախորդ տարվա ընթացքում արձանագրված հանցավորության ընդհանուր վիճակը և միտումները, հանցագործությունների կանխման, հակազդման, բացահայտման, հանցագործություններին նպաստող պատճառների վերացման ուղղություններով կատարված աշխատանքների վրա ներազադող գործոնները, դատախազության գործունեության հիմնական ձեռքբերումներն ու խնդիրները:
2019թ. հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 26.850 դեպք, ինչը նախորդող տարվա համեմատ ավելի է 8.8 %-ով: Հանցագործությունների դեպքերի աճը տեղի է ունեցել առավելապես միջին ծանրության և ծանր հանցագործությունների աճի հաշվին, որոնք կազմել են ընդհանուր հանցագործությունների համապատասխանաբար 27.8%-ը և 16.7%-ը: էական նվազում է արձանագրվել մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեպքերով, որի պայմաններում, սակայն, 2018թ. համեմատ 34.3 տոկոսով աճել են սպանությունների դեպքերը: Որոշակիորեն ավելացել են նաև սպանության փորձի և դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, խուլիգանության դեպքերը:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, անդրադառնալով հանցավորության շարժընթացում արձանագրված միտումներին՝ դրանք խիստ մտահոգիչ է համարել՝ նշելով, որ նպաստող ավանդական գործոնների համակողմանի վերլուծությունը վկայում է, որ հատկապես առաջնային ուշադրության է պետք արժանացնել քրեական հետապնդման բոլոր մարմինների աշխատանքում առկա որոշակի թերացումներին: Գլխավոր դատախազը հատկապես դատախազության տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարեց անհապաղ ձեռնամուխ լինել հատկապես մեծ վտանգավորություն ներկայացնող նշված հանցատեսակներով խորը և համակողմանի վերլուծություններին՝ հաշվի առնելով տարածքային առանձնահատկությունները և դրանց հիման վրա ոչ միայն օպերատիվ-հետախպուզական միջոառումներ իրականացնելու կոնկրետ և թիրախային հանձնարարություններ տալ, այլև խստորեն հետևել դրանց կատարման ընթացքին: Այս հարցում հետագա թերացումները, դրսևորված անփույթ և անտարբեր վերաբերմունքը՝ անկախ նրանից՝ որ օղակում է արտահայտվում, պետք է արժանանա խիստ իրավական, իսկ հիմքերի դեպքում նաև քրեաիրավական գնահատականի:
Շարունակվում են լուրջ արդյունքներ արձանագրվել հատկապես կոռուպցիայի դեմ պայքարում: Ընդհանուր առմամբ 4.7 տոկոսով ավելացել են կոռուպցիոն դեպքերով քրեական վարույթների հարուցումները, 26,6%-ով՝ իրավասու մարմինների վարույթում քննվող կոռուպցիոն քրեական գործերի քանակը: Սակայն այս ոլորտում հիմնական դրական որակական տեղաշարժն արձանագրվել է քրեական հետապնդման ոլորտում: Մասնավորապես 2018թ. համեմատ մոտ 59%-ով ավելացել են դատարան ուղարկված կոռուպցիոն գործերը, 68%-ով՝ դատի տրված անձանց թիվը: Միայն վարույթն ավարտված նյութերով, քրեական գործերով և դատարանում քննված և ավարտված գործերով կոռուպցիոն հանցագործություններով պետությանը պատճառված վնասը շուրջ 12 անգամ գերազանցում է 2018թ. արդյունքը, իսկ այդ գործերով վերականգնված վնասը նախորդող տարվա համեմատ ավելի է 2.5 անգամ(առավել մանրամասն կհրապարակվի առաջիկայում):
Կոլեգիայի նիստում նշանակալի է համարվել հատկապես պետության գույքային շահերի պաշտպանության ոլորտում ՀՀ դատախազության իրականացրած գործունեության արդյունավետությունը: 2019թ. ընթացքում պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում դատախազության բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների կողմից տարբեր ոլորտներում կատարված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել է 939 իրավախախտում, հարուցվել 228 քրեական գործ, 338 դեպքերով ուսումնասիրությունների արդյունքները ուղարկվել են ըստ ենթակայության նյութեր նախապատրաստելու համար: Պետական շահերի պաշտպանության հարցադրումներով ձեռնարկված միջոցառումներով՝ հարուցված հայցերով, հարուցված քրեական գործերով և քննչական մարմիններ ուղարկված նյութերով պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է մոտ 33 մլրդ. դրամ, վերականգնվել է շուրջ 1.2 մլրդ դրամի վնաս:
ՀՀ գլխավոր դատախազը շեշտել է, որ չնայած նշված ոլորտներում կատարված հսկայածավալ աշխատանքներին, անհրաժեշտ է մի կողմից ակտիվացնել պետական շահերի պաշտպանության գործառույթի լիարժեք իրացմանն ուղղված դատախազության տարածքային ստորաբաժանումների ջանքերը՝ նախապես հստակեցնելով և թիրախավորելով համապատասխան տարածաշրջանններին բնորոշ ռիսկային ոլորտները: Բացի այդ, Արթուր Դավթյանը հանձնարարել է առաջնահերթություն սահմանել հստակ պլանավորված գործողությունների միջոցով հանցագործություններով պետությանը պատճառված վնասի հայտնաբերումն ու վերականգնումը, ինչը դառնալու է արդյունավետության գնահատման հիմնական չափորոշիչներից մեկը: Բացի այդ խնդիր է դրվել դատախազական ներգործության միջոցների գերակտիվ գործադրմամբ նպաստել կոռուպցիոն քրեական գործերով քննությունների հնարավորինս արագ հանգուցալուծմանը և բավարար ապացուցողական բազայի ձևավորմամբ մեղադրական եզրակացություններով գործերը դատարան ուղարկելուն: Ընդ որում՝ շեշտը դրվել է կոռուպցիոն գործերով որպես մեղադրյալ անցնող անձանց կողմից թաքցվող գույքի բացահայտման ուղղությամբ օպերատիվ-հետախուզական ակտիվ միջոցառումների ձեռնարկման վրա:
Կոլեգիայի նիստի ընթացքում անհանգստացնող է համարվել սեփականության դեմ ուղղված հանցագործությունների վիճակը և հատկապես բնակարանային գողությունների դեմ պայքարի մակարդակը: Նկատի ունենալով, որ առանձին տարածքնմերում, որտեղ առավել հետևողականություն է դրսևորվել դատախազության նախաձեռնությամբ անվտանգության տեխնիկական միջոցների տեղադրման հարցում, նկատվել է ինչպես բնակարանային գողությունների նվազման, այնպես էլ բացահայտման ցուցանիշների բարելավման միտում, հանձնարարվել է ակտիվացնել այդ ուղղությամբ աշխատանքները նաև մյուս տարածքներում՝ գործակցության դաշտ ներգրավելով ՏԻՄ-երին և իրավասու այլ մարմիններին:
Պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետության համատեքստում ՀՀ գլխավոր դատախազն առանձնահատուկ կարևորել է քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց իրավունքների պաշտպանության և պատժի նպատակների իրականացման ներդաշնակության ապահովումը՝ դատախազական գործառույթների բացարձակ իրավաչափ իրականացմամբ:
Կոլեգիայի նիստում ՀՀ գլխավոր դատախազը տարբեր խնդիրների հետ կապված տվել է այլ կոնկրետ հանձնարարություններ, անդրադարձել, մասնավորապես, քրեական ենթամշակույթի նկատմամբ լիրաժեք անհանդուրժողականության անհրաժեշտությանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
Նմանատիպ նյութեր
6164 դիտում
16:57 02-03-2018
Կայացել է Արցախի Ազգային անվտանգության ծառայության 2017 թ. գործունեության արդյունքների ամփոփմանը նվիրված նիստ
Այս բաժնից
487 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին
1630 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
526 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը