211652_close_icon
views-count1710 դիտում article-date 18:13 12-02-2021

Կայացել է Արտակարգ իրավիճակների նախարարության գործունեության 2020 թվականի արդյունքների ամփոփմանը նվիրված կոլեգիայի ընդլայնված նիստ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 12-ին, կայացել է Արտակարգ իրավիճակների նախարարության գործունեության 2020 թվականի արդյունքների ամփոփմանը նվիրված կոլեգիայի ընդլայնված նիստը: Այն մեկնարկել է մեկ րոպե լռությամբ՝ հարգանքի տուրք մատուցելով պատերազմի զոհերի հիշատակին:

Ելույթներով են հանդես եկել ԱԻՆ գլխավոր քարտուղար Վահագն Օհանյանը, ՓԾ տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը, ‹‹Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի›› ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթևոսյանը, Պետական ռեզերվների գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արեգ Խաչատրյանը, «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վարդան Գևորգյանը, «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սոս Մարգարյանը և Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի համատնօրեն Պավել Գյոզալյանը:

ԱԻՆ գլխավոր քարտուղարի ելույթի համաձայն՝ 2020թ.-ի գործունեության արդյունքում տարեվերջին ՀՀ պետբյուջե է վերադարձվել մոտ 192 մլն դրամ, իսկ ռազմական գործողությունների ժամանակ ԱԻՆ-ին ամրակցված քաղաքացիներին վճարվել է մոտ 131.3 մլն դրամ: Ծրագրվել, կազմակերպվել, իրականացվել և ամփոփվել են նախարարության և ՊՈԱԿ-ների 2021-2023թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրերի և բյուջետային ֆինանսավորման 2021թ. տարեկան ամփոփ հայտի մշակման աշխատանքները:

ՃԿԱԿ 911 ահազանգման կենտրոնում և մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններում մեկուկես միլիոնից ավելի զանգ է գրանցվել: Արտակարգ դեպքերի թիվը կազմել է 15 հազարից ավելի: Հաշվետու ժամանակահատվածում հետևողական աշխատանքներ են տարվել արտակարգ իրավիճակների կանխարգելման ուղղությամբ: Բնակչության պաշտպանության համակարգի օպերատիվ տակտիկական նախապատրաստման նպատակով անցկացվել են 45 հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, 4 հակավթարային և հակահրդեհային վարժանք, 8 գործնական պարապմունք և 9 դասընթաց:

ԱԻՆ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» վերապատրաստման և որակավորման բարձրացման դասընթացների է մասնակցել ավելի քան 2600 փրկարար, մոտ 3000 քաղաքացիական անձ: Արցախյան երկրորդ պատերազմի օրերին լրագրողների համար կազմակերպվել է ռազմական գործողությունների գոտում աշխատելու անվտանգության թեմայով վերապատրաստում:

Փրկարար ծառայության տնօրեն Վրեժ Գաբրիելյանն ընդգծել է, որ օրվա հրամակայականն է արտակարգ իրավիճակների ռիսկերի արդյունավետ կառավարումը և դեպքերի օպերատիվ արձագանքումը: ԱԻՆ Փրկարար ծառայության կողմից 2021 թվականի ընթացքում նախատեսվում է սահմանամերձ և բարձր լեռնային համայնքներում փրկարարական և հրդեհաշիջման աշխատանքների իրականացում, բնակչության պաշտպանության ռազմավարական նշանակության օբյեկտների և ենթակառուցվածքների անվտանգության ապահովում՝ ՔՊ հենակետերի միջոցով, քաղաքացիական պաշտպանության ոլորտի կառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեության պլանավորման և վերահսկման մեխանիզմների արդյունավետության, ինչպես նաև համայնքների աղետներին դիմակայունության մակարդակի բարձրացում:

Նախարարը շնորհակալություն է հայտնել համակարգի ներկայացուցիչներին մարդասիրական գործունեության և անձնուրաց ծառայության համար: Անդրանիկ Փիլոյանը բարձր է գնահատել ԱԻՆ աշխատակիցների և փրկարարների 2020 թվականի գործունեությունը, առանձնացրել է այս տարվա անելիքները՝ պահանջելով շարունակել նույն նվիրվածությամբ և պատասխանատվությամբ: Նիստի ավարտին նախարարը խրախուսական պարգևներ է հանձնել Մարդկանց անվտանգության և փրկության թեմայով «Արիության համաստեղություն» ամենամյա մրցանակաբաշխության տարբեր անվանակարգերում հաղթողներին: ԱԻ նախարարը պարգևներ է հանձնել նաև մի շարք փրկարար ծառայողների:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր