211652_close_icon
views-count3390 դիտում article-date 16:11 10-03-2020

Կոտայքում նախորդ տարի շուրջ 1600 աշխատատեղ է ստեղծվել

Կոտայքի մարզում տնտեսական ակտիվություն է նկատվում, մի շարք ուղղություններով բիզնես ծրագրեր են իրականացվում: «[url=https://armenpress.am/arm/news/1007991.html]Արմենպրես[/url]»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը նշեց, որ մարզի տնտեսական գրավչությունը տեսնում է 5 ուղղություններով: Առաջինը զբոսաշրջությունն է: Ներկայում Կոտայքում գործում է շուրջ 100 հյուրանոցային տնտեսություն, որոնցից 51-ը՝ միայն Ծաղկաձորում: Այս համատեքստում մարզպետը նշեց, որ կարևորում է համայնքային տուրիզմի զարգացումը: Այդ նպատակով բիզնես զբոսաշրջային ծրագրերն ուղղորդվում են համայնքներ: Այնտեղ խնդիր է դրված զբոսաշրջային ակտիվությունն ավելացնել՝ բարելավելով ենթակառուցվածքները, իրականացնելով համապատասխան ծրագրեր: Հաջորդ ուղղությունը վերականգնվող էներգետիկան է՝ ֆոտովոլտային պանելներ, հողմակայաններ և այլն: Մարզպետը նշեց, որ թե՛ ֆոտովոլտային պանելների, թե՛ հողմակայանների ուղղությամբ ընթացքի մեջ ծրագրեր ունեն: «Եվրոպական «Աքսիոնա» ընկերության հետ հուշագիր էինք ստորագրել նախորդ տարի: Այս պահին ընկերությունը մարզի մի քանի բնակավայրերում գեոդեզիական, հողաշինական աշխատանքներ է իրականացնում հողմակայաններ կառուցելու համար: Որոշ համայնքներում, մասնավորապես, Հրազդանի վարչական տարածքում հանրային լսումներ են կատարվում: Բառացիորեն մի քանի օրից՝ մարտի 16-ին, ընկերության եվրոպական գործընկերները Հայաստանում են լինելու, թեպետ արձակուրդի մեջ եմ գտնվելու, բայց հանդիպելու եմ, քննարկելու ենք հետագա աշխատանքները»,-ասաց մարզպետը: Տնտեսական գրավչության հաջորդ ուղղությունը տեխնոլոգիական գյուղատնտեսությունն ու ինտենսիվ այգեգործությունն է: Միայն անցյալ տարվա տվյալներով Կոտայքի մարզում հավելյալ 22 հա ջերմոցային տնտեսություններ են հիմնվել: Ներկայում, ընդհանուր առմամբ, մարզում կա 125 հա ժամանակակից ջերմոցային տնտեսություն: Արտադրանքը հիմնականում արտահանվում է ԱՊՀ շուկա, արաբական երկրներ: Հաջորդ ուղղությունն ադամանդագործությունն է: Վերջերս ադամանդագործության խոշոր ծրագրի մեկնարկ տրվեց, որն ունի 700 նոր աշխատատեղի պոտենցիալ: Արդեն 200-ից ավելի անձինք աշխատանքի մեջ են: Կոտայքում, ընդհանուր առմամբ, գործում է 13 ադամանդագործական ընկերություն: Հինգերորդ ուղղությունը քաղաքաշինական, շինանյութերի արտադրության ուղղությունն է: Ռոմանոս Պետրոսյանը նշեց, որ այս ուղղությամբ մարզում շինանյութերի արտադրության խոշոր ծրագրեր են իրականացվում: Մարզպետը տեղեկացրեց, որ 2019 թվականին Կոտայքում շուրջ 1600 աշխատատեղ է ստեղծվել տարբեր ոլորտներում:

Նմանատիպ նյութեր