211652_close_icon
views-count1815 դիտում article-date 13:49 13-03-2020

Էդուարդ Մարտիրոսյանը Գոհար Վարդանյանի Պատվո շքանշանը փոխանցել է լեգենդար հետախույզի զարմուհուն

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանը մարտի 12-ին ազգային անվտանգության մարմինների թանգարանում հանդիսավոր կերպով փոխանցեց լեգենադար հետախույզ Գոհար Վարդանյանի զարմուհուն` Անահիտ Փահլևանյանին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով հետմահու պարգևատրված Գ. Վարդանյանի Պատվո շքանշանը: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից: Է. Մարտիրոսյանը ԱԱԾ աշխատակիցների անունից իր երախտիքի և շնորհակալական խոսքը ուղղեց ականավոր հետախույզի հարազատներին: «Մենք բարձր ենք գնահատում Գևորգ և Գոհար Վարդանյաների աշխատանքը, անվտանգության մարմիններում անբասիր գործունեությունը, հայրենիքին մատուցած բացառիկ ծառայություններն ու անմնացորդ նվիրումը: Նրանք մեծ ավանդ են ներդրել երկրի ազգային շահերի և անվտանգության համար, ու մեր բոլորի հիշողություններում իրենք կմնան որպես հայրենիքին նվիրյալ հերոսներ», - ասաց Է. Մարտիրոսյանը: Շնորհակալություն հայտնելով բարձր պարգևի համար՝ Ա. Փահլևանյանը, նշեց, որ անչափ հպարտ և ուրախ է, որ Վարդանյանների կատարած ահռելի աշխատանքն ու հայրենիքին մատուցած ծառայությունը նման բարձր գնահատականի արժանացան իրենց հայրենիքում: «Մեծացել եմ մի ընտանիքում, որտեղ սովորեցնում էին լինել պարտաճանաչ, բարի, մարդասեր և լավատես: Այդպիսին էին Գևորգ և Գոհար Վարդանյանները: Հայրենասեր և ուժեղ, անվախ և վճռական այդ զույգն անցել է բարդ և դժվարին ճանապարհ», - ասաց Ա. Փահլևանյանը: Վարդանյանների հարազատները հետմահու պարգևատրած Պատվո շքանշանը ի պահ տվեցին ՀՀ ազգային անվտանգության մարմինների թանգարանին:

Նմանատիպ նյութեր