211652_close_icon
views-count645 դիտում article-date 21:26 06-04-2020

Ավագ շաբաթվա Սուրբ Պատարագները անցկացվելու են դռնփակ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում որոշում է կայացվել շարունակել Ավագ շաբաթվա արարողությունները և Սուրբ Պատարագներն անցկացնել դռնփակ, առանց հավատացյալների ներկայության։ Այս մասին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հաղորդել է «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարված գրառմամբ։ «Ի լրումն համավարակի առնչությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական հորդորի՝ այսու տեղեկացնում ենք մեր բարեպաշտ ժողովրդին, որ, առկա իրավիճակով պայմանավորված, որոշում է կայացվել շարունակել Ավագ շաբաթվա արարողությունները և Սուրբ Պատարագներն անցկացնել դռնփակ, առանց հավատացյալների ներկայության։ Հայտարարված արտակարգ դրության պայմաններում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հորդորում է հավատացյալներին պահքը լուծել ապրիլի 11-ին՝ Ճրագալույցի Ս․ Պատարագից հետո, և, առավելագույն պատասխանատվությամբ պահպանելով ինքնամեկուսացման սահմանված կանոնները, հաջորդող օրերին առանձնաբար այցելել եկեղեցիներ և հոգևոր հովիվներից ստանալ Սուրբ Հաղորդություն։ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից թելադրություն է արվել սփյուռքի թեմերի առաջնորդներին գործել ըստ իրենց երկրներում տիրող իրավիճակի։ Հոգևոր հովիվներն առողջապահական բոլոր կանոնների գործադրությամբ կշարունակեն հասանելի միջոցներով իրենց հոգեխնամ առաքելությունն իրականացնել՝ ի մխիթարություն մեր հավատավոր ժողովրդի»,- ասվում է գրառման մեջ։ Հայաստանում ապրիլի 6-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 833 է, արձանագրվել է մահվան 8 դեպք: Ապաքինվածների թիվը 62 է: ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ։

Նմանատիպ նյութեր