211652_close_icon
views-count4024 դիտում article-date 20:33 22-04-2020

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում համառ ջանքեր են գործադրվում հերթական փակուղային՝ փուլային տարբերակի վերակենդանացման ուղղությամբ. Աշոտ Ղուլյան

«Դատելով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հնչեցրած պատասխաններից՝ կարելի է ենթադրել, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում համառ ջանքեր են գործադրվում հերթական փակուղային՝ փուլային տարբերակի վերակենդանացման ուղղությամբ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի արտաքին գործերի նախարարը, որը հիմնախնդրին ծանոթ է խորքից, կարող էր իրադարձություններին ավելի ամբողջական մեկնաբանություն տալ։ Իրոք, ՄԱԿ-ի ԱԽ հիշատակված բոլոր չորս բանաձևերն ընդունվել են 1993 թվականին՝ պատերազմի ժամանակ։ Այդ բանաձևերում, որպես առաջնահերթ և կարևորագույն պայման, պահանջվում էր ռազմական գործողությունների ամբողջական դադարեցում, հաղորդակցության ապաշրջափակում և անցում բանակցությունների։ Արդյո՞ք հակամարտության մյուս կողմը՝ Բաքուն, կատարել է բանաձևերի գլխավոր պայմանը։ Եթե կատարեր, պատերազմը չէր շարունակի մինչև 1994 թվականի մայիս, երբ ադրբեջանական կողմը ստիպված եղավ ստորագրել «Հրադադարի մասին» Երևան-Բաքու-Ստեփանակերտ եռակողմ համաձայնագիրը, իսկ 1995 թվականի փետրվարին՝ «Հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին» համաձայնագիրը։ Պետք է ընդգծել, որ նշված երկու համաձայնագրերը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ողջ ընթացքում ստորագրված եզակի փաստաթղթերն են, որոնք, մեկ անգամ ևս շեշտենք, ձեռք են բերվել եռակողմ ձևաչափով։ Դրանցից հետո կարգավորմանն ուղղված բազմաթիվ տարբերակներ են քննարկվել, որոնք մերժվել են եղել կա՛մ Բաքվի, կա՛մ էլ Ստեփանակերտի կողմից և մնացել են թղթի վրա։ Հատուկ ուշադրություն եմ ուզում հրավիրել այն փաստի վրա, որ պաշտոնական Ստեփանակերտի կողմից մերժված կարգավորման նախագիծը (1997թ. հոկտեմբեր) հետագայում ստացել է փուլային տարբերակ անունը: Եթե նույնիսկ փորձենք հասկանալ համանախագահների հետևողական ջանքերը կարգավորման նոր ուղիներ որոնելու գործում, ապա մնում է ափսոսալ, որ այդ փնտրտուքների արդյունքում նրանք հասել են 23 տարի առաջ մերժված հայեցակարգին։ Ինչպիսի առաջարկներ էլ մշակվեն ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից և ինչ անուն էլ դրանք կրեն՝ Լիսաբոնյան, Քի-Վեսթյան, Մադրիդյան, Կազանյան, թե մեկ այլ տեղանվամբ, մեզ համար անընդունելի են լինելու բոլոր այն տարբերակները, որոնք մշակվելու և քննարկվելու են առանց հակամարտության անմիջական կողմի՝ Արցախի Հանրապետության մասնակցության: Իսկ վերջին այս հայտարարությունը, թե սեղանին փուլային տարբերակով կարգավորման պլանն է, մեզ նորից է համոզում Արցախի մասնակցության պարտադիր լինելու մեջ, ընդ որում՝ բանակցային գործընթացի բոլոր փուլերում»։

Նմանատիպ նյութեր