211652_close_icon
views-count1649 դիտում article-date 12:35 24-04-2020

Ցեղասպանությունները պետք է ճանաչվեն՝ կրկնությունը բացառելու համար. Բունդեսթագի փոխնախագահ

Ցեղասպանություններ պետք է ճանաչվեն՝ կրկնությունը բացառելու նպատակով: Այս մասին նշեց Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահ Պետրա Պաուն՝ «[url=https://armenpress.am/arm/news/1013250.html]Արմենպրես[/url]»-ի հետ բացառիկ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինչ դասեր պետք է քաղել Հայոց ցեղասպանության պատմությունից՝ ապագայում մարդկության դեմ նման հանցագործությունների կանխարգելման նպատակով: «Հանցագործությունները, այո՛, ցեղասպանությունները պետք է ճանաչվեն որպես այդպիսին՝ կրկնությունը բացառելու նպատակով: Խորին մտահոգությամբ պետք է արձանագրեմ, թե ինչպես են թուրք քաղաքական գործիչները հետադարձ հայացք նետում իրենց պատմությանը, իսկ ներկայումս ստորադասվում են քաղաքացիների իրավունքներն ու ժողովրդավարությունը»,-ընդգծեց Պաուն: Գերմանիայի խորհրդարանը 2016թ. հունիսի 2-ին ընդունել է Քրիստոնեադեմոկրատական և Քրիստոնյա-սոցիալական միությունների, Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության և Դաշնություն 90/ԿԱՆԱՉՆԵՐԻ խմբակցությունների ներկայացրած՝ «1915 և 1916թթ. հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրագործված ցեղասպանության ոգեկոչումն ու հիշատակը» վերտառությամբ բանաձևը, որում ընդգծվում է, որ Գերմանիան հատուկ պատմական պատասխանատվություն է կրում այդ հարցում: «Գերմանիայի Բունդեսթագը կոչ է անում գերմանական կառավարությանը՝ հարյուրամյակի կապակցությամբ 2015թ. ապրիլի 24-ին Գերմանիայի Բունդեսթագում կայացած հատուկ նիստի քննարկման ոգով շարունակել նպաստելու 1915/1916 թվականների հայերի տեղահանման և գրեթե լիակատար բնաջնջման, ինչպես նաև այդ հարցում Գերմանական Կայսրության ունեցած դերի մասին հրապարակային լայն արծարծմանը»,-նշվում է բանաձևում:

Նմանատիպ նյութեր