2883 դիտում
10:26 28-04-2020
Մի հարց է հառնում՝ պահպանե՞լ, թե՞ մեղմացնել կարանտինային ռեժիմը․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Այս պահին կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը մնում է անորոշ: Լավատեսական կանխատեսումներով` աշխարհում վարակվածների թիվը կսկսի նվազել մայիսի երկրորդ կեսից սկսած, իսկ դեկտեմբերի առաջին տասնամյակում թիվը չի գերազանցի սովորական գրիպի ցուցանիշները: Այստեղից ուղղակիորեն կարելի է հետևություն անել, որ կարանտինը և, մասնավորապես, հատուկ դրությունը Հայաստանում պետք է շարունակվի առնվազն երեք շաբաթ: Նույնքան լավատեսական է այն ենթադրությունը, որ այս վարակի դեմ կանխարգելիչ միջոցը պատրաստ կլինի աշնանը, իսկ զանգվածային պատվաստումներն իրենց արդյունքը կտան միայն մյուս տարվա ընթացքում:
Ակնհայտ է, որ եթե նույնիսկ ամեն ինչ ընթանա լավատեսական սցենարով, կորոնավիրուսի տնտեսական հետևանքները, մեղմ ասած, խիստ բացասական կլինեն: ՄԱԿ-ը ու Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսում են երաշտ, սով և հումանիտար աղետ աշխարհի աղքատ երկրներում: Չգիտեմ, թե Հայաստանն այս առումով որքանով է աղքատ համարվում, բայց կարծում եմ, որ ավելի մեծ դժվարությունների, քան մենք տեսել ենք 1992-94 թվականներին, մենք չենք հանդիպի:
Այս ամենը հաշվի առնելով՝ բոլոր պետությունների առջև մի հարց է հառնում՝ պահպանե՞լ, թե՞ մեղմացնել կարանտինային ռեժիմը: Բժիշկները, բնականաբար, խստությունների կողմնակից են: Անգամ Գերմանիայում, որտեղ բարեկեցության, առողջապահության, ինչպես նաև կարգապահության մակարդակը բարձր է, վարակաբանները զգուշացնում են՝ մեղմացումները կարող են հանգեցնել վարակի նոր բռնկման, որի մասշտաբներն ավելի մեծ են լինելու: Թե Գերմանիայի, և թե այլ պետությունների իշխող վերնախավերն այդքան կատեգորիկ չեն, և նրանց էլ կարելի է հասկանալ:
Մի կողմից, տնտեսությունը չի կարող ամիսներ շարունակ մնալ «անդամալույծ» վիճակում՝ մարդիկ պետք է գնան գործի, աշխատավարձ ստանան, բարիքներ ստեղծեն: Մյուս կողմից կա նաև հասարակությունների ճնշումը՝ ամեն օր այս կամ այն երկրից տեղեկություն է ստացվում կարանտինի դեմ կազմակերպվող ցույցերի մասին: Բացառված չէ, որ եթե խստությունները պահպանվեն, որոշ երկրներում ցույցերը կվերաճեն անկարգությունների: Եվ դարձյալ չեմ կանխատեսում, որ Հայաստանում գործը դրան հասնի:
Անձամբ ես «բժիշկների կողմից եմ» և պոպուլիզմին դեմ եմ: Մարդկանց պետք է պարտադրել սահմանափակումներ՝ հորդորներն այստեղ չեն օգնի: Առանց անհրաժեշտության տանից դուրս եկողներին պետք է տուգանել: Այն սուպերմարկետները, որտեղ թույլ են տալիս, որ մարդիկ «իրար քիթ մտնեն», նույնպես պետք է տուգանվեն: Այն հիմնարկները, որոնց աշխատելու ծայրահեղ անհրաժեշտությունը չկա (օրինակ, ռեստորաններն ու սրճարանները), պետք է փակ մնան: Տարին «հեռավար ավարտելու» որոշումը, որն ընդունել է ԿԳՄՍ նախարարությունը, ինձ թվում է, ճիշտ է:
Չգիտեմ, թե ինչպես կկողմնորոշվի մեր կառավարությունը և պարետատունը «խստացում-մեղմացում» երկընտրանքի հարցում: Գուցեև ճիշտ է երկու մոտեցումները զուգորդելը: Մի բան, որ հաստատ սխալ է. երբ հայտարարվում է խստացումների մասին, իսկ հետո դրանց կիրառմանը ոչ ոք չի հետևում: Ցավոք, այս շաբաթների ընթացքում նման երևույթների էլ ենք հանդիպել»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3028 դիտում
08:54 08-02-2014
Արթուր Բաղդասարյանը Նիկոլայ Պատրուշևին խնդրել է մեղմացնել միգրացիոն ռեժիմը ՀՀ քաղաքացիների նկատմամբ. Ժողովուրդ
1368 դիտում
09:45 11-02-2014
Իրաքի քաղաքացիների համար Հայաստանը մտադիր է մեղմացնել վիզային ռեժիմը․ Ժողովուրդ
Այս բաժնից
3196 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2224 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»