211652_close_icon
views-count8642 դիտում article-date 12:49 28-04-2020

Երեւանի Աջափնյակ թաղամասում կտեղադրվի Մահաթմա Գանդիի արձանը. Այն կտեղափոխվի Հնդկաստանից

Երեւանի ավագանին այսօր՝ ապրիլի 28-ի իր նիստում որոշում կայացրեց Երեւանում տեղադրել Մահաթմա Գանդիի արձանը: Որոշման մեջ նշվում է. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 31-ի N551 որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետը. Երեւանի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն Մահաթմա Գանդիի արձանը Երեւան քաղաքի Հալաբյան եւ Մարգարյան փողոցների միջանկյալ զբոսայգու տարածքում տեղադրելու համար»: Հարցը ներկայացրեց Երեւանի աշխատակազմի քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Սեդոյանը՝ նշելով, որ արձանի տեղափոխման եւ տեղադրման բոլոր ծախսերը պատրաստակամ է կրել հնդկական կողմը: Որոշման հիմնավորման մեջ ասվում է. «Որոշման ընդունման համար հիմք է հանդիսանում Երեւանի քաղաքապետին ուղղված ՀՀ արտաքին գործերի նախարարության գրությունը, որով առաջարկվում է Հնդկաստանի հոգեւոր առաջնորդ, համաշխարհային պատմության ականավոր քաղաքական գործիչ եւ փիլիսոփա Մահաթմա Գանդիի 150-ամյակի կապակցությամբ Երեւանում տեղադրել նրա արձանը, դրանով իսկ ամրապնդելով եւ խորացնելով Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ բարեկամական հարաբերությունները: Գրության մեջ նաեւ նշվում է, որ արձանը կտրամադրի հնդկական կողմը, ինչպես նաեւ կհոգա արձանի Երեւան տեղափոխման, պատվանդանի կառուցման եւ տեղադրման հետ կապված բոլոր ծախսերը: Մահաթմա Գանդին Հնդկաստանի` Մեծ Բրիտանիայից անկախանալու շարժման ղեկավարներից եւ գաղափարախոսներից էր: Գանդին որպես պայքարի միջոց ընտրել էր խաղաղ ապստամբությունը, պայքարը` առանց չարության, կրակոցների, որտեղ մարդկանց միակ զենքը իրենց կյանքն է: Երբ նրա համառ ջանքերի շնորհիվ 1947 թվականին Հնդկաստանը խաղաղ ճանապարհով անկախացավ Մեծ Բրիտանիայից, աշխարհը համոզվեց Գանդիի գաղափարախոսության արդյունավետության մեջ: Մահաթմա Գանդիի ծննդյան օրը` հոկտեմբերի 2-ը՝ Հնդկաստանում նշվում է իբրեւ ազգային տոն, իսկ ամբողջ աշխարհում՝ որպես «Ոչ բռնության» օր: ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից ներկայացված առաջարկը հավանության է արժանացել Երեւանի գլխավոր ճարտարապետի եւ աշխատակազմի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության կողմից, ինչպես նաեւ համաձայնեցվել է աշխատակազմի արտաքին կապերի վարչության հետ: Մահաթմա Գանդիի արձանի տեղադիրքը Երեւան քաղաքի Հալաբյան եւ Մարգարյան փողոցների միջանկյալ զբոսայգու տարածքում կապահովի վերջինիս առավել շահեկան տեսողական ընկալումը տարածության մեջ»:

Նմանատիպ նյութեր