211652_close_icon
views-count1243 դիտում article-date 15:52 30-04-2020

Բուսաբանական այգում վարձակալության տրված տարածքները թողտվությամբ օգտագործվել են դրանց գործառնական նշանակությանն անհամապատասխան, իսկ վարձավճարը գանձվել է կրկնակի ցածր

ՀՀ գլխավոր դատախազություն են ստացվել ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացված «ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի հողամասերի վարձակալության տրման գործընթացի մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ փաստաթղթերը: Դրանց կապակցությամբ պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում իրականացված ուսումնասիրության արդյունքում ի հայտ են բերվել առերևույթ կոռուպցիոն բնույթի չարաշահման հատկանիշներ պարունակող փաստական տվյալներ: Մասնավորապես, ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՊՈԱԿ-ին մշտական օգտագործման իրավունքով պատկանող ք. Երևան, Աճառյան փողոց, թիվ 1 հասցեում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը «բնակավայրերի» է, իսկ գործառնական նշանակությունը՝ «բուսաբանական այգի կազմակերպելու»: 2016թ. ՊՈԱԿ-ը «Լ... Գ...» ՍՊԸ-ի հետ մեկ տարի ժամկետով կնքել է 1000 քմ մակերեսով հողատարածքի վարձակալության պայմանագիր, որի ժամկետը յուրաքանչյուր տարի երկարացվել է ընդհուպ մինչև 2020թ. դեկտեմբերի 31-ը: ՀՀ պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների իրականացրած տեղատեսությամբ պարզվել է, որ ՍՊԸ-ն նշված հողամասն օգտագործում է շինանյութի առուվաճառքի գործունեություն իրականացնելու նպատակով, ինչը չի համապատասխանում այդ հողատարածքի՝ «բուսաբանական այգի կազմակերպելու» գործառնական նշանակությանը: Չնայած կնքված վարձակալության պայմանագրով նախատեսված է եղել, որ տարածքը դրա նշանակության էական կամ բազմակի խախտումներով օգտագործվելու դեպքում վարձատուի պահանջով պայմանագիրը կարող է դատական կարգով վաղաժամկետ լուծվել, սակայն ՊՈԱԿ-ի պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից միջոցներ չեն ձեռնարկվել այդ և տարածքը հետ վերադարձնելու ուղղությամբ: ՊՈԱԿ-ը մեկ այլ՝ «Ք... Գ...» ընկերության հետ 2011թ. դեկտեմբերի 30-ին կնքվել է 3000 քմ մակերեսով հողատարածքի վարձակալության պայմանագիր՝ կանաչապատման նպատակով, որի ժամկետը երկարացվել է մինչև 2018թ. դեկտեմբերի 31-ը: 2020թ. մարտի 12-ի դրությամբ, սակայն, այդ տարածքը առանձնացված է բետոնե հիմքով քարե հիմնական պարիսպով, իսկ պայմանագրի ժամկետը լրանալուց հետո տարածքը չի վերադարձվել ՊՈԱԿ-ին: Պարզվել է, որ ընկերությունը նշված տարածքում ծավալել է մրգերի և բանջարեղենի մանրածախ առևտրի գործունեություն: Այսինքն տվյալ դեպքում ևս, չնայած հողատարածքը չի օգտագործվել պայմանագրով նախատեսված՝ «բուսաբանական այգի կազմակերպելու» գործառնական նշանակությանը համապատասխան, ՊՈԱԿ-ի պատասխանատու պաշտոնատար անձինք այս դեպքում էլ միջոցներ չեն ձեռնարկել պայմանագիրը լուծելու ուղղությամբ: Պարզվել է նաև, որ խախտելով ՀՀ կառավարության 22.02.2001թ. և 24.12.2003թ. որոշումների պահանջները՝ նշված հողատարածքը ՍՊԸ-ին վարձակալության է հանձնվել ամսական 62.000 դրամով, որը հետագայում փոփոխվել է՝ սահմանելով տարեկան 1,2մլն դրամ (ամսական 100.0 հազ. դրամ): Մինչդեռ, ՀՀ կառավարության նշված որոշումների պահանջները պահպանելու դեպքում տարածքի վարձավճարը պետք է կազմեր կրկնակի ավելի՝ տարեկան առնվազն 2,5 մլն դրամ կամ ամսական շուրջ 209 հազ. դրամ: Այսինքն վարձակալության հանձնված հողատարածքի վարձավճարը պակաս է հաշվարկվել և գանձվել ընդհանուր մոտ 12մլն ՀՀ դրամի չափով՝ ՊՈԱԿ-ին պատճառելով նույնքան վնաս: Նկատի ունենալով, իրականացրած մշտադիտարկման և ուսումնասիրության արդյունքում ձեռք են բերվել պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու առերևույթ հատկանիշներ պարունակող փաստական տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե: [color=#CC0000]Ծանուցում[/color]. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր