211652_close_icon
views-count4056 դիտում article-date 14:50 07-05-2020

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն COVID-19-ի դեմ պայքարի շրջանակում վերազինվել է նորագույն բժշկական սարքավորումներով

Կարեւորելով քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց առողջության պահպանման իրավունքի երաշխավորումը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը եւ քրեակատարողական ծառայությունը մշակել են համակարգում համավարակի կանխարգելման, ինչպես նաեւ COVID-19 հիվանդության հայտնաբերման դեպքերում անհրաժեշտ միջոցառումների ծրագիր, որով դիտարկվել են համավարակով պայմանավորված զարգացումների տարբեր սցենարներ եւ արձագանքի համապատասխան մեխանիզմներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Այդ նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության եւ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ, ինչպես նաեւ Եվրոպայի խորհրդի եւ Հայկական կարմիր խաչի համագործակցությամբ քրեակատարողական հիմնարկները զինվել են բժշկական պարագաներով, անհատական պաշտպանիչ միջոցներով եւ ախտահանիչներով: Բացի այդ՝ կանխարգելիչ միջոցառումների շրջանակում առավել ռիսկային համարվող ազատազրկվածներին եւ հիվանդներին մյուսներից անջատ պահելու նպատակով «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի երկու մասնաշենքերում տեղադրվել են շուրջ 150 դատարկ մահճակալ, որոնց անկողնային պարագաները տրամադրել է Կարմիր խաչը: Վերջինիս կողմից քրեակատարողական հիմնարկին նվիրաբերվել են նաեւ պուլսօքսիմետրեր, բժշկական անձնակազմի համար նախատեսված հակահամաճարակային պաշտպանիչ համազգեստներ, դիմակներ, ախտահանիչ նյութեր, հեռահար ջերմաչափեր։ Եվրոպայի խորհուրդն իր հերթին քրեակատարողական հիմնարկին տրամադրել է երկու օքսիգենատոր (թթվածնի կոնցենտրատոր), որոնցից յուրաքանչյուրը նախատեսված է միաժամանակ երկու հիվանդի համար: Վերոհիշյալ նախապատրաստական աշխատանքների արդյունքում «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատրողական հիմնարկը ներկա դրությամբ վերազինված է համապատասխան բժշկական սարքավորումներով եւ անհրաժեշտության դեպքում պատրաստ է բուժօգնություն ցուցաբերել կորոնավիրուսով վարակված կալանավորված անձանց եւ դատապարտյալներին: Նշենք նաեւ, որ այս պահի դրությամբ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց շրջանում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի արձանագրվել:

Նմանատիպ նյութեր