211652_close_icon
views-count123541 դիտում article-date 23:59 13-05-2020

Կասկադյորական ավտովթար Երևանում.BMW-ն բախվել է էլեկտրասյանը ու տապալել երկաթե ցուցանակը. վարորդին մեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա. ժամանել է Երևանի ՃՈ պետը. կան վիրավորներ.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:40-ի սահմաններում BMW մակնիշի 22 AT 212 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մյասնիկյան պողոտայում՝ Ջրաշխարհի հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը, առաջ ընթանալով՝ բախվել նոր կառուցվող շինության համար տեղադրված երկաթե պաշտպանիչ ցուցանակին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 18 փրկարարական ջոկատը՝ խմբի պետ Վահե Գևորգյանի գլխավորությամբ, ովքեր օգտագործեցին հատուկ տեխնիկա: Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում առաջին բուժօգնությունը ցուցաբերեցին, ապա, երբ փրկարարները մեծ դժվարությամբ դուրս բերեցին վարորդին, պատգարակով մոտեցրեցին շտպաօգնության ավտոմեքենային: Դեպքի վայր է ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Վահան Էվինյանը: Այս պահին տեղում ծառայություն են կատարում ՃՈ 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի ծառայողները՝ հրամանատար Արշակ Սաիյանի գլխավորությամբ: Վթարի մասին Երևանի ՃՈ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Ա. Իսախանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի և շարժիչը, անվահեծանները ավտոմեքենայից պոկվել են: Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 151+
151+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր